ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԲԱ ՈՐ ԶՈՔԱՆՉԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՂ ԳՏՆԻ»
Արխիվ 12-16ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԲԱ ՈՐ ԶՈՔԱՆՉԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՂ
ԳՏՆԻ».
Կուսակցությունների մասին օրինագիծն այսօր քննարկվեց մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Նիստին մասնակցում էին օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ եւ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Նիստում քննարկվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի առաջարկն ու օրինագիծը ԱԺ լիագումար նիստ մտցնելը:
Ուրիխանյանի առաջարկը վերաբերում էր կուսակցությունների գրանցմանը ոչ բովանդակային վրիպակների պատճառով:
Բանն այն է, որ արդարադատության նախարարությունը հրաժարվել է գրանցել «Ալյանս» կուսակցությունը հիմնադիր համագումարի արձանագրության էջերը չհամարակալված լինելու պատճառով: Կուսակցությունը ստիպված երկրորդ համագումարը պետք է անցկացնի, ինչն էլ տեղի ունեցավ օրերս` փակ ձեւաչափով:
Տիգրան Ուրիխանյանը փոխնախարարից հետաքրքրվեց` ինչո՞ւ օրենքից չի հանվում այն անհեթեթությունը, որը վերաբերում է կուսակցության գրանցումը հիմնադիր համագումարի արձանագրության էջերը համարակալված լինելու դեպքում: Արսեն Մկրտչյանի խոսքով` այդ պահանջը չի կարող հանվել իրավական հիմք չունենալու պատճառով, հատկապես որ կան վարչարարության հիմունքներ:
Փոխնախարարի պատասխանը, ըստ Ուրիխանյանի, այսպես կարելի է հասկանալ` կուսակցությունների գրանցման մերժումը չհամարակալված էջերի պատճառով կարգավորելն անէական է ու ծանրակշիռ նշանակություն փոփոխություն չունեցող:
Ի դեպ,Ուրիխանյանը հիշեցրեց, որ առաջին անգամ չէ, որ ինքը կանգնում է նման խնդրի առաջ: Առաջադիմական կուսակցությունը գրանցելիս եւս նման արհեստական խոչընդոտներ են եղել: Միայն չորրորդ համագումարից հետո գրանցվեց այդ կուսակցությունը:
Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանն էլ ասաց, որ որպես մարդ` լիովին հասկանում է Տիգրան Ուրիխանյանի դժգոհությունը: «Բայց եթե կուսակցությունների մասին օրենքում գրված է, որ ցանկացած փոփոխություն կուսակցության կանոնադրության մեջ պետք է տեղի ունենա համագումարի որոշմամբ, ապա օրենքը պետք է պահպանել: Ինչպես լուսահոգի իրավաբան Վլադիմիր Նազարյանն էր ասում, գուցե տարիներ անց որեւէ կուսակցության ղեկավար ցանկանա իր կուսակցության կանոնադրության մեջ մտցնել իր զոքանչի կենսագրությունը: Այնպես որ համագումարի արձանագրությունների էջերի համարակալումն էդքան էլ երկրորդական բան չէ»,- ասաց տիկին Եսայանը:
Տիգրան Ուրիխանյանն էլ հակադարձեց Մարգարիտ Եսայանին, ով, ըստ Ուրիխանյանի, շփոթում է կուսակցությունների մասին օրենքն ամբողջությամբ համագումարի իրավասությունների մասի գլխի հետ:
Պատգամավորը վստահ է` «Ալյանս» կուսակցության չգրանցելը քաղաքական խնդիր է. իշխող մեծամասնությունը ճնշում է ընդդիմությանը:
«Չէ, չէ, նման բան չկա»,- հակադարձեց ՀՀԿ պատգամավորը:
Ի վերջո,Տիգրան Ուրիխանյանի առաջարկն ու օրինագիծը ԱԺ լիագումար նիստ մտցնելը դրվեց քվեարկության եւ ընդունվեց ձայների առավելությամբ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk