«Ոչ մի սահմանամերձ գյուղի բնակիչ չտրտնջաց, թե իրենք կրակահերթի տակ են գտնվում թշնամու կողմից»
Արխիվ 12-16Վ. Էնֆիաջյան. «ՈՉ ՄԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՉՏՐՏՆՋԱՑ, ԹԵ ԻՐԵՆՔ ԿՐԱԿԱՀԵՐԹԻ ՏԱԿ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ»
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Նշենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների խումբն այս օրերին գտնվում է Տավուշի սահմանամերձ համայնքներում: «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ հետ, ով վերջին տեղեկությունները հայտնեց ինչպես սահմանին տիրող իրավիճակի, այնպես էլ սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում եղած տրամադրությունների մասին.
- Նախ ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներով եղել ենք Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում, այդ թվում` Սեւքարում, Բերքաբերում, Սարիգյուղում, Ոսկեպարում, Կոթիում, Այգեհովիտում եւ Կայանավանում, ինչպես նաեւ եղել ենք շփման գոտում ու զրուցել թե՛ գյուղացիների հետ, թե՛ զինվորականների: Մարդկանց համար ընդհանուր իրավիճակը, բնականաբար, մտահոգիչ է. սա առաջին դեպքը չէ, բայց տա Աստված, որ վերջինը լինի: Այնուամենայնիվ, մեր երկրի քաղաքացիների` սահմանամերձ համայնքի գյուղացիների համար, սա ընկճվածության առիթ չէ եւ այնպես չէ, որ «դուխից» ընկել են: Ավելին` ապրում են իրենց առօրյայով` իրենց գյուղական համայնքի տնտեսությունը զարգացնելով: Նշեմ նաեւ, որ մեզ հետ զրույցների ընթացքում իրենց կենցաղի հետ կապված մի շարք մտահոգություններ են հայտնում եւ մեր խմբակցության պատգամավորներով մեր լիազորությունների սահմաններում, պատրաստվում ենք բարձրացված խնդիրներին ընթացք տալ, որովհետեւ այս միջավայրում ապրող համայնքների բնակիչներին պետք է առավել մեծ ուշադրություն դարձվի:
- Մասնավորապես թշնամու կրակահերթի տակ իր հանապազօրյա հացը վաստակող սահմանամերձ գյուղի բնակիչներն ի՞նչ առաջնահերթ խնդիրներ ունեն, բացի խաղաղությունից:
- Ամեն տեղ խնդիրները տարբեր են: Տեղ կա, որ խմելու ջրի հետ կապված խնդիր կար, տեղ կա դասագրքի հետ կապված հարցեր կան, որ գյուղական համայնքում այն վճարովի չլինի, ինչպես նաեւ կային մտահոգություններ ուսանողների ուսման վարձավճարների, ճանապարհածախսի հետ կապված: Բայց ոչ մի սահմանամերձ գյուղի բնակիչ չտրտնջաց, թե իրենք կրակահերթի տակ են գտնվում թշնամու կողմից: Ասեմ ավելին` մեծ վստահություն ունեն հայկական բանակի նկատմամբ եւ ինքներս տեղում հասկացանք, թե երբ ադրբեջանական կողմից փորձում են ոտնձգություններ կամ ագրեսիվ ինչ-որ քայլեր դրսեւորել, ինչպիսի ուժեղ հակահարված են ստանում եւ ինչպիսի պատնեշի առջեւ են կանգնում` տեսնելով հայկական բանակի կազմակերպվածությունն ու զգոնությունը: Եվ, բնականաբար, դրանից այն կողմ էլ քայլ չեն էլ փորձում իրականացնել: Ուղղակի տեսնել է պետք. մարդիկ ապրում են կրակոցների տակ, կային բնակարաններ, որտեղ արկը մտել է ննջարանը, էլ չեմ ասում, որ տանիքներն ու այգիներն են կրակոցների տակ: Բայց այս մարդիկ իրենց մեջ այնքան մեծ հայրենասիրություն ունեն, որ այդ ամենի մեջ ապրելով հանդերձ, չեն էլ մտածում իրենց բնակավայրից դուրս գալու, առավել եւս իրենց հայրական օջախները զիջելու մասին:
Նրանք ընդամենն ուզում են օր առաջ խաղաղություն հաստատվի, իրենց խնդիրները լուծվեն եւ իրենց արմատներն ավելի խորը մտցնեն մայր հողում:
- Այսպիսի հերոս ժողովրդի կողքին, երեւի, երեւանյան ներքաղաքական թեմաներն էլ են շատ մանր թվում, բայց, ամեն դեպքում, ինչպիսի՞ քաղաքական տրամադրություններ կան սահմանամերձ գյուղի բնակիչների շրջանում:
-Բնականաբար, նրանք մեր երկրի քաղաքացիներն են եւ երկրում տիրող քաղաքական գործընթացներով եւս հետաքրքրված են, բայց կա առաջնային եւ երկրորդային հարցեր: Այս պահի դրությամբ մենք Տավուշում ենք գտնվում եւ պարբերաբար տարբեր գյուղապետերի, մեր տարածքային կառույցի ղեկավարների հետ կապի մեջ ենք: Մարդիկ իմանալով, որ գտնվում ենք Տավուշում` արձագանքում են, հանդիպում մեզ մետ ու իրենց մտահոգություններն են հայտնում այս կամ այն խնդրի վերաբերյալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk