ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ. «ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ. «ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի միակ մեդալը նվաճել է 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը. հայ բռնցքամարտիկը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Բացի նվաճած բրոնզե մեդալից, Ավագյանը ձեռք բերեց նաեւ Քաթարի մայրաքաղաք Դոհայում հոկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնության ուղեգիր: Եվրոպայի առաջնության արդյունքի, աշխարհի առաջնության եւ օլիմպիական ուղեգիր նվաճելու գերխնդրի մասին զրուցեցինք Եվրոպայի եռակի մրցանակակիր ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:
-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը, իհարկե, Ձեր ուժերի բարձրակետը չէր: Այնուամենայնիվ, այս մեդալն ապացուցեց, որ 56 կգ քաշային կարգին վերադառնալը ճիշտ որոշում էր: Բացի այն, որ նվաճեցիք մեդալ եւ Աշխարհի առաջնության ուղեգիր, Եվրոպայի առաջնությունն էլ ի՞նչ ձեռքբերումներ տվեց:
- Բավականին ծանր եւ անհաջող 2014 թվականից հետո, երբ հանդես էի գալիս 60 կգ քաշային կարգում եւ չկարողացա հարմարվել ու դարձյալ վերադարձա 56 կգ-ին, գերխնդիր էր դարձել առաջին հերթին վերգտնել ինձ: Դա, կարծում եմ, կարողացա անել հենց Եվրոպայի առաջնությունում:
- Աշխարհի առաջնությունը սարերի հետեւում չէ, եւ այն կրկնակի կարեւորվում է, քանի որ կարող է ճանապարհ բացել դեպի Ռիո-2016: Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստական փուլը:
- Արդեն սկսել եմ պարապմունքներս: Հիմնականում շեշտը դրված է ֆիզիկական աշխատանքի վրա, քանի որ այժմ այդ փուլն է: Այնուհետեւ կունենանք ուսումնամարզական հավաք եւ մեկ շաբաթ շուտ կմեկնենք Դոհա՝ շարունակելու մեր հետագա պարապմունքներն այնտեղ, որպեսզի հասցնենք ադապտացվել եղանակային պայմաններին:
- Աշխարհի առաջնությունից ի՞նչ սպասելիքներ ունեք: Հաշվի առնելով նաեւ, որ Հայաստանի պատվիրակությունը բավականին փոքրիկ է լինելու:
- Ներդնելու եմ ողջ ուժերս, սպասելիքներս մեծ են: Պետք է ամեն ինչ անեմ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: Իսկ եթե Դոհայում չհաջողվի, ապա այդ նպատակիս համար թե՛ Ադրբեջանում եւ թե՛ Թուրքայիում կպայքարեմ:
- Մրցակիցներին անակնկալի բերելու մարտավարություն մշակե՞լ եք:

- Առայժմ ոչ մի մարտավարության ծրագիր չենք մշակում, քանի որ չգիտեմ, թե ում հետ կմրցեմ: Վիճակահանությունից հետո պարզ կլինի, մրցակիցներիս մեծ մասին ճանաչում եմ, իսկ նրանց անակնակալի բերելու մասին կմտածեմ արդեն մրցելու ժամանակ:
- Եթե Դոհայում չհաջողվի նվաճել օլիմպիական ուղեգիր, ապա պետք է փորձել Թուրքիայում եւ Ադրբեջանում: Գիտեմ, որ դա Ձեզ չի անհանգստացնում, բայց հաշվի առնելով Եվրոպական խաղերի խայտառակ մրցավարությունը՝ մտավախություն չկա՞, որ պատկերը կարող է կրկնվել:
- Մտավախություն իհարկե կա, բայց ես ինքս իմ մեջ չեմ թերանում ու միշտ ռինգ եմ մտնում հավատով:
- Թեեւ դեռ շատ երիտասարդ եք, բայց հասցրել եք աչքի ընկնել ոչ միայն նվաճումներով, այլեւ նպատակասլացությամբ: Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում եւ սպորտում:
- Տեսնել հպարտություն հորս աչքերում. դա իմ կյանքի նպատակն է, նաեւ սկզբունքը, որով առաջնորդվում եմ թե՛ կայնքում, թե՛ սպորտում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk