ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆ» ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆ» ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Ադրբեջանը` շնորհիվ համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային գործիչների, գրեթե ամեն օր հարստացնում է իր «հռչակավոր» «սեւ ցուցակը»: Որքան շատանում են Արցախ այցելող մշակութային գործիչները, այնքան ուռճացվում է նրանց «սեւ ցուցակը»: Վերջերս այդ «հեղինակավոր» ցուցակում հայտնվեց նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող օպերայն երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, ով ի հեճուկս ադրբեջանական սպառնալիքների, Ստեփանակերտում մասնակցեց Արցախի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը: Ավելին` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» օպերայի գեղարվեստական ղեկավարը հենց դիվան էր` Լյուբով Կազարնովսկայան:
Ի դեպ, ադրբեջանական կողմը չէր մոռացել հանդես գալ եւս մեկ ցինիկ հայտարարությամբ` այս անգամ ուղղված արտասահմանցի հանդիսատեսին: Ըստ այդ հայտարարության` «սեւ ցուցակում» կհայտնվեն այն օտարերկրացիները, ովքեր Ստեփանակերտում կմասնակցեն Լ. Կազարնովսկայայի համերգին: Փաստորեն, Ադրբեջանը ցանկանում է, իր ցուցակը «հարստացնել» եվրոպացիների անուններով, քանի որ տարեցտարի մեծանում է արտասահմանցի արտիստների եւ զբոսաշրջիկների հետաքրքրությունը Արցախ աշխարհի նկատմամբ:
Անդրադառնալով ադրբեջանական տխրահռչակ «սեւ ցուցակին»` «Իրավունքը» զրուցեց որոշ հայ մտավորականների հետ եւ փորձեց պարզել, արդյո՞ք այդ ցուցակի միջոցով Ադրբեջանը կհասնի որեւէ հաջողության:
«ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ» ԳՈՐԾՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԸՆԴԴԵՄ, ԱՅԼ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ»
Գրող, հրապարակախոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
- Իր «սեւ ցուցակով» Ադրբեջանը չի կարող որեւէ հարց լուծել, բոլոր նորմալ մարդիկ, խոսքս միջազգային ճանաչում ունեցող արտիստների մասին է, վախ չունեն Ադրբեջանից: Երեւելի մարդիկ նրանք են, ովքեր ունեն մեծ խիղճ, իսկ նման մարդուն դժվար թե սադրանքը հետաքրքրի: Միայն քաղաքական որոշ գործիչներ են, որ ի պաշտոնե ստիպված են գնալ որոշակի զիջումների եւ չայցելել Արցախ: Պարզից էլ պարզ է, որ ցուցակի հիմքում դրված է Ադրբեջան այցելելու հրավեր, որը ոչ Իտալիա է, ոչ էլ Իսպանիա, որ մարդիկ ափսոսան ու հանուն դրա չգնան Արցախ: Կամ, ասենք գնան այդ երկիր` ի՞նչ տեսնեն, այն, ինչ կար` հայկական հուշակոթողներ ու մշակութային արժեքներ, ադրբեջանական ոսոխն ավերեց, իսկ իրենք պատմություն չունեն: Այդ ցուցակը Ադրբեջանի համար ավելի շատ դարձել է խաղաքարտ, որի շնորհիվ իրականացնում են որոշակի քարոզչություն, որով մարդկանց առջեւ պայման են դնում, եթե այցելեն Արցախ, ապա Ադրբեջանի մուտքը նրանց առջեւ կփակվի: Չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանով վնասում է Արցախին, ընդհակառակը` տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների այցը դեպի Արցախ: Ադրբեջանի «սեւ ցուցակը» գործում է ոչ թե ընդդեմ, այլ հանուն Արցախի: Ոչ ոք իրեն չի կոտորում Ադրբեջան գնալու համար:
«ԱՐՑԱԽԸ ԽԻԶԱԽՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է»
Ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ.
- Ադրբեջանը մի երեւակայելի երկիր չէ, որ այնտեղ մուտք գործելու համար մարդիկ չգնան Արցախ: Իմ կարծիքով` այդ ցուցակը զուտ ձեւական բնույթ է կրում: Որքան Վրաստանը իր «սեւ ցուցակով» արդյունքի հասավ, այնքան էլ Ադրբեջանը կհասնի: Ով ցանկանա այցելել Արցախ, կայցելի` ադրբեջանական սպառնալիքներին չի նայի, իսկ ով չի ցանկանա` ճիշտն ասած, կարիք էլ չկա, որովհետեւ Արցախը խիզախների երկիր է: Այնտեղ եկողները նույնպես պետք է խիզախ լինեն:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
