«ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՑԱՎՈՏ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՆՈՒՄ ԹՇՆԱՄՈՒՆ»
Արխիվ 12-16«ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՑԱՎՈՏ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՆՈՒՄ ԹՇՆԱՄՈՒՆ»
Օգոստոսի 31-ից սկսած` լարվածությունը հայ-ադրբեջանական սահմաններին կրկին աճել է: Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմից գնդակոծության հետեւանքով Տավուշի մի շարք գյուղերում ընդհատվել էին դպրոցական առաջին զանգի միջոցառումները: Նույն օրը երեկոյան Բերդի տարածաշրջանում ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորվել էր պայմանագրային երկու զինծառայող: Հակառակորդը էլ ավելի է ակտիվացել սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան` տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծելով Տավուշի մարզի գյուղերը:
«ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՇԱՌԱՎՂՈՒՄ ՄՈՏ ՔՍԱՆ ԳՅՈՒՂ ԿԱՐ»
Բնականաբար՝ հայկական կողմն էլ ստիպված է պատասխանել: ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նկարագրելով ստեղծված իրավիճակը, նախօրեին նշել եր. «Գնդակոծության շառավղում մոտ 20 գյուղ կար, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ: Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո: Հայկական զինված ուժերը որեւէ կորուստ չունեն: Քաղաքացիական մասով չեմ կարող ասել, համապատասխան մարմինները կմեկնաբանեն: Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Սահմանային իրավիճակը միշտ վերահսկելի է մեր կողմից»:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թշնամու գնդակից վիրավորվել են Կոթի գյուղի երկու բնակիչներ` մայր եւ որդի, ովքեր էլ տեղափոխվել են հիվանդանոց եւ ունեցել ենք զոհ:
«ԹՇՆԱՄՈՒ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՃՆՇՎԻ»
Թե ինչով է պայմանավորված թշնամու վերջին օրերի ակտիվությունը, ինչ հետեւանքներով է այն հղի, ինչպես նաեւ՝ որն է երեկ մեկնարկած եռօրյա զորավարժությունների բուն նպատակը, փորձեցինք պարզել ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ:
- Այն, որ հակառակորդը պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը, այլեւս զարմանալի չէ: Սակայն ինչո՞վ կբացատրեք հատկապես վերջին օրերի ակտիվությունը:
- Թշնամու ակտիվությունը հյուսիս-արեւելյան սահմանին պայմանավորված է մեզ մոտ մեկնարկած զորավարժություններով: Թշնամու այդ ակտիվությունը, ինչպես նախկինում է եղել, կճնշվի:
- Ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը հանրության մեջ մտահոգություն է առաջացնում, չնայած այն բանին, որ անընդհատ հայտարարվում է՝ իրավիճակը վերահսկելի է: Որպես առաջին հերթին ռազմական փորձագետ, նոր միայն պաշտպանության նախարարի խորհրդական, խնդրում ենք մեկնաբանել ստեղծված իրավիճակի լրջությունը եւ հնարավոր հետեւանքները:
- Իրավիճակը սահմանին լարված է, բայց վերահսկելի: Մենք պետք է վաղուց սովորած լինեինք ապրել արտաքին վտանգի պայմաններում: Այդ վտանգը եղել է, կա ու կլինի: Ստեղծված պայմաններում շատ կարեւոր է ի ցույց դնել մեր բանակի «փոքրիկ հաղթանակները» պետական սահմանին, որպեսզի մարդիկ համոզվեն, որ պաշտպանված են թշնամուն հուժկու հարվածներ հասցնելու ունակ բանակով. ի ցույց դնել եղելությունը` առանց ոչինչ չափազանցնելու: Հատուկ ցանկանում եմ ընդգծել` այս օրերին մեր բանակը պետական սահմանի տարբեր հատվածներում ցավոտ կանխարգելիչ հարվածներ է հասցնում թշնամուն: Եթե այդ հարվածները չլինեին` ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումները կլինեին շատ ավելի մեծամասշտաբ: Եվ հետո` ինչո՞ւ հակառակորդը չի վերսկսում մեծ պատերազմը. պատասխանն ակնհայտ է, որովհետեւ վստահ չէ, որ կարող է հաջողության հասնել: Ուրեմն` պաշտպանված ենք մարտունակ բանակով:
«ԿՈՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏԸ ԹՇՆԱՄՈՒ ՄՈՏ»
-Այնուամենայնիվ, հնարավոր չե՞ք համարում, որ սահմանին ստեղծված լարված իրավիճակը մի օր կարող է սրվել այն աստիճան, որ նույնիսկ ակամա վերածվի պատերազմական վիճակի:
- Մենք պետք է թույլ չտանք, որպեսզի պետական սահմանին նախաձեռնությունն անցնի թշնամու կողմը: Անընդհատ հանդուգն կանխարգելիչ եւ պատժիչ ակտիվությամբ պետք է կաշկանդենք նրան: Պետք է ու բառիս բուն իմաստով՝ կոտրում ենք հաղթանակի հանդեպ հավատը թշնամու մոտ: Այդ դեպքում խաղաղությունը կլինի տեւական: Ահա մեր զինված ուժերի առաքելությունը, ինչը պատկերավոր կերպով Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը ձեւակերպել է որպես «կանոնավոր ծեծի մարտավարություն»:
- Եվ, վերջում կխնդրեինք անդրադառնալ երեկ մեկնարկած եռօրյա զինավարժությունների նպատակին: Քանի որ այն համընկավ վերջին օրերի լարվածության հետ, հանրության շրջանում կարծիք է ձեւավորվել, որ պատերազմն անխուսափելի է:
- Պատերազմը չի էլ ավարտվել. հրադադարը խաղաղություն չէ՝ բառի բուն իմաստով: Իսկ մեկնարկած զորավարժության նպատակը «մեծ պատեազմի» վերսկսումը կանխելն է: Բանակի մարտունակությունն ամրապնդվում է նաեւ նման մեծամասշտաբ զորավարժություններով: Իսկ մարտունակ բանակ ունեցող երկրի վրա չեն հարձակվում:
Մեր բանակը անընդհատ մարտական հերթապահություն իրականացնելուն զուգահեռ՝ նաեւ մեծ պատերազմում հաղթելու է պատրաստվում: Զորավարժությունների միջոցով հմտանում է տարաբնույթ մարտական սցենարներ իրագործելուն: Շատ կարեւոր է, որպեսզի մեր զինված ուժերի բոլոր սեգմենտները ունակ լինեն հավակնոտ մարտական խնդիրներ լուծել, իսկ մեր բարձրագույն հրամանատարական կազմը տարբեր օպերացիոն ուղղություններով մարտական խնդիր իրականացնելու կենսափորձ ունենա դեռ մինչեւ հնարավոր պատերազմը: Ահա մեկնարկած զորավարժության կոնկրետ նպատակը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk