ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՈՒՂԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԼՈՒՐԸ
Արխիվ 12-16ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՈՒՂԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԼՈՒՐԸ
Ադրբեջանական առաջատար պրովայդերներից մեկը ցանկություն է հայտնել գնելու Վրաստանի խոշորագույն ինտերնետ ընկերության օպտիկա-մալուխային կաբելը: Այն ապահովում է Հայաստանի ինտերնետային կապի 85, Ադրբեջանի՝ 50 եւ Վրաստանի՝ 55 տոկոս ինտերնետը: Մալուխային կաբելը վրացական ընկերության կողմից 2008 թվականին անցկացվել է Սեւ ծովի հատակով եւ կարճ ճանապարհով Եվրոպայից ինտերնետ է մատակարարում Անդրկովկաս:
Հայաստանում 85 տոկոս ինտերնետ ապահովող ընկերության վաճառքը Ադրբեջանին որոշ չափով կնպաստի երկրից տեղեկատվության արտահոսքին, ինչը «Իրավունքի» հետ զրույցում չբացառեց նաեւ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանը. «Չնայած լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվել, բայց սա այնպիսի քայլ է Ադրբեջանի կողմից, որն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում: Եթե Ադրբեջանը կարողանա ձեռք բերել Անդրկովկասին ինտերնետ մատակարարող մալուխային կաբելը, ապա դրա միջոցով մեր հակառակորդը կկարողանա հետախուզություն իրականացնել հայաստանյան ցանցի ներսում: Կամ՝ ասենք պատերազմի վերսկսման դեպքում կկարողանա Հայաստանին կտրել ինտերնետ կապից: Սա այն դեպքն է, որի վերաբերյալ չի կարող լինել մի քանի կարծիք: Ամեն ինչ պետք է արվի, որ գործարքը չիրականանա»:
Ըստ փորձագետի` տնտեսական ոլորտում դժվար է այս հարցը լուծել, քանի որ հայաստանյան ինտերնետ ընկերությունները զուտ ֆինանսական տեսանկյունից դժվար թե կարողանան ձեռք բերել այդ կաբելային գիծը: Ինտերնետը ձեռք բերելու հետ կապված` Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կատարվելիք հնարավոր գործարքը խափանելու միակ ճանապարհը փորձագետը տեսնում է քաղաքական միջամտության մեջ:
Թե ռազմավարական տեսանկյունից ինչ վտանգ կներկայացնի նման իրավիճակը Հայաստանի համար, միանշանակ է: Պակաս կարեւոր հարց չէ նաեւ, թե ինտերնետային կապն ադրբեջանցիներին անցնելու դեպքում ի՞նչ կսպառնա դրանից օգտվող հայաստանյան սպառողին: Գների աճ, միանգամայն անհուսալի եւ անորակ կապ, տվյալների գաղտնազերծման վտանգ... Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել: Հետեւաբար, որքանով են Հայաստանում ինտերնետ ծառայություններ մատակարարող ընկերությունները պատրաստ դիմակայել նման իրավիճակին, եւ պետք չէ՞ կամ կարո՞ղ են կանխարգելիչ քայլեր ձեռնարկել Անդրկովկասի ինտերնետն Ադրբեջանի չթողնելու համար: Մեկնաբանելով թեման՝ «Յուքոմ» ընկերության մամուլի պատասխանատու Նաիրա Կարմիրշալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման լուրը զուտ Ադրբեջանի սին ցանկությունն է. «Մենք կապ ենք հաստատել մեր վրացի գործընկերների հետ, եւ նրանք հերքեցին տարածված լուրը: Այնպես որ, վտանգ չի սպառնում»:
Ինչպես միշտ, այս անգամ եւս Ադրբեջանը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու նպատակով տարածում է սուտ տեղեկատվություն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk