ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՇՔԵՐԹԸ
Արխիվ 12-16ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՇՔԵՐԹԸ
Անշուշտ՝ չինացիները մասշտաբային միջոցառումների կազմակերպման իսկական վարպետներ են: Եվ երեկ Պեկինում տեղի ունեցած Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված ռազմական շքերթն ասվածի հերթական ապացույցներից մեկն է: Մի խոսքով՝ դիտարժանության տեսանկյունից շքերթն իր բարձրության վրա էր: Սակայն նման ռազմական միջոցառումներում միայն դիտարժանությունը չէ, որ առաջին պլանում է:
ՊԵԿԻՆԸ ՀՍՏԱԿԵՑՐԵՑ ԻՐ ԴԻՐՔՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ուրեմն ինչո՞ւ խիստ հազվադեպ, այն էլ՝ միայն 10 տարին մեկ՝ չինական հանրապետության ստեղծման առիթով այսպես ասած՝ իրենք իրենց համար շքերթներ անող Պեկինն այս անգամ գնաց նման մասշտաբային միջոցառման: Այն էլ՝ պատմական մի այնպիսի առիթով, որի ընթացքում, ճիշտ է, Չինաստանն ունեցել է կարելի է նաեւ ասել՝ իր հերթական դերը, բայց ամենեւին էլ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակը կերտողների ցանկում առաջին պլանում չէր: Ընդհակառակը. գրեթե ողջ պատերազմի ժամանակ Չինաստանն օկուպացված երկիր էր ու թեեւ ներքին ծանր պայքար էր մղում ճապոնացիների դեմ, սակայն ազատագրվեց բացառապես խորհրդային բանակի կողմից: Ընդ որում՝ Չինաստանն այսօր դա չի էլ ժխտում, եւ այն փաստը, որ մինչ այժմ ինչ-որ առանձնահատուկ կերպով չի նշել Երկրորդ աշխարհամարտի ավարտը, հուշում է, որ այդ պատերազմում իր դերը եւս չի գերագնահատել: Բայց ահա 70 տարի անց Երկրորդ համաշխարհայինի ավարտի օրը աշխարհի մասշտաբով թիվ 1 միջոցառումը հենց Պեկինում էր՝ բազում երկրների պատվիրակությունների, այդ թվում՝ մի քանի տասնյակ առաջին դեմքերի մասնակցությամբ: Ուրեմն ի՞նչ են դրանով ուզում ասել չինացիները:
Հիմնական մեսիջը դժվար չէ տեսնել. Երկրորդ աշխարհամարտի ավարտի հետ կապված` աշխարհում թիվ 1 միջոցառումը կազմակերպելով՝ Պեկինը նախ ակնարկում է, որ իրեն տեսնում է այդ պատերազմի գլխավոր ֆիգուրանտներից մեկի դերում:
Հասկանալի է, ոչ թե նրա համար, որ բոլորն ասեն, թե տեսեք` տասնամյակներ առաջ չինացիներն ինչ հերոսություններ են արել: Պարզապես՝ այն աշխարհակարգը, որ ձեւավորվեց այդ պատերազմի արդյունքում ¥թեկուզեւ բերենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համաշխարհային հիմնախնդիրների իրավական կարգավորման մեխանիզմի օրինակը¤, պաշտոնապես դեռ ոչ ոք չեղյալ չի համարել: Իհարկե՝ գործնականում շատ բան է փոխվել եւ հատկապես, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխարհի կոլեկտիվ կառավարման փոխարեն` ի հայտ եկավ ամերիկյան հեգեմոնիան կամ, ավելի շատ հնչող տերմինաբանությամբ, բազմաբեւեռ աշխարհը դարձավ միաբեւեռ: Բայց ահա իր ռազմաշքերթի տակ դնելով այն գաղափարը, թե՝ թույլ չենք տա պատմական իրողությունները նենգափոխել, Պեկինը, ըստ էության, այն գաղափարն է առաջ տանում, որ ճանաչում է Երկրորդ համաշխարհայինի արդյունքում ստեղծված աշխարհակարգն ու դրանում իրեն տեսնում է առաջնային դիրքերում: Դրանով էլ, կարելի է նույնիսկ ասել՝ պաշտոնապես հայտարարում է, որ ոչ թե նույնիսկ պարզապես դեմ է ամերիկյան հեգեմոնիային, այլ, որ միաբեւեռ աշխարհ չի տեսնում, այն գոյություն չունի:
Աշխարհին հենց այդ մեսիջն էր հղում մայիսի 9-ին՝ Մեծ հայրենականի 70-ամյակի առթիվ Մոսկվայի ռազմական շքերթը, որի հիմքում եւս, ի դեպ, հենց նույն գաղափարն էր՝ թույլ չենք տա պատմական իրողությունները նենգափոխել: Ընդ որում, հիշեցնենք, որ Կարմիր հրապարակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին ամենաառաջին պլանում կանգնած էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպին: Սակայն նույն ժամանակաշրջանում Պեկինը ամենատարբեր հարթակներում ակտիվ երկխոսում էր Վաշինգտոնի հետ, եւ հատկապես արեւմտյան շատ փորձագետներ այն հույսն էին հայտնում, որ մոսկովյան շքերթին մասնակցելով՝ Չինաստանը ոչ թե համաշխարհային բարիկադներում իր դիրքերն է ցույց տալիս, այլ նման դիրքեր տեղափոխվելու ակնարկներով՝ ընդամենը ծանրացնում է իր դիրքերն ԱՄՆ-ի հետ հիշատակված քննարկումներում: Ընդ որում՝ այդ փուլում, ըստ մի շարք ամենահեղինակավոր մասնագետների, ԱՄՆ-ը դեռ շարունակում էր Պեկինին առաջարկել իրենց երկուսի կողմից աշխարհի կառավարման մոդել: Այդ թվում՝ նաեւ նման մեխանիզմ. ջարդենք ռուսական ռազմական մեքենան եւ այդ հսկա տարածքներն ու ռեսուրսները եւս վերածենք Արեւմուտքի եւ Չինաստանի ազդեցության գոտիների: Սակայն պրագմատիկ Պեկինը, կարծես թե, աշխարհի կեսի տերը դառնալու այդ գերհրապուրիչ առաջարկը չընդունեց մեկ շատ պարզ պատճառով. ռուսական ռազմական մեքենան ջարդելուց հետո՝ Չինաստանը կդառնա չափից դուրս խոցելի: Այսինքն, որ գործում է դեռ Հռոմից փոխ առած անգլոսաքսոնական քաղաքականության ամենասիրված տրյուկը՝ «բաժանիր, որ տիրես», եւ ոչ մեկն էլ չի պատրաստվում Պեկինին կես աշխարհ նվիրել. Չինաստանին կբաժանեն Ռուսաստանից, մեկը մյուսի ետեւից երկուսին էլ կջարդեն, ինչը հարյուրամյակներով կերկարացնի անգլոսաքսոնական աշխարհակալությունը:
Եվ ահա չինական այս շքերթը, այնտեղ արդեն Ցզինպինի կողքին ամենաառաջին պլանում Վ. Պուտինի ներկայությունը աշխարհը Արեւմուտքի եւ Չինաստանի միջեւ կիսելու այդ քաղաքական տեսության վերջնական պատասխանն էր: Իսկ ավելի կոնկրետ՝ Պեկինն այսպիսով ազդարարեց այն դիրքը, որը Չինաստանը փաստացի զբաղեցնում է ժամանակակից աշխարհաքաղաքական բարիկադներում:
ԾԱՅՐԱՀԵՂ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ԴԵՌ ԿԼԻՆԵՆ
Այն փաստը, որ Պեկինում չէին արեւմտյան լիդերները, այն էլ՝ անհեթեթ պատճառաբանություններով ¥Օրինակ՝ Օբաման պարզաբանել էր, թե տեղյակ չէ, որ նման միջոցառում է լինելու, երբ նրան պաշտոնական հրավեր էր ուղղվել¤, հուշում է, որ Վաշինգտոնն այդ հանգամանքն ընդունում է որպես մարտահրավեր: Ասենք՝ դա հստակ էր այս շքերթից առաջ էլ, երբ օրերս Վաշինգտոնում սկսեցին խոսել Ռուսաստանից զատ՝ Չինաստանի նկատմամբ եւս տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին, ինչն արդեն իսկ հուշում էր, որ չին-ամերիկյան հարաբերությունները այսպես ասած՝ պարբերական ջերմացում-սառեցում վիճակից բավականին կտրուկ տեղափոխվում են հակամարտության փուլ: Ինչ աստիճանի եւ ինչ ուղղվածության, հնչում են տարբեր բացատրություններ: Ընդ որում, գերիշխող է այն վարկածը, որ Վաշինգտոնն ամեն կերպ կխուսափի ռեալ տնտեսական պատերազմի գնալ, սակայն Պեկինը կսկսի գրոհել դոլարի ուղղությամբ: Ռազմական առճակատումը եւս գրեթե անհավանական է համարվում: Մասնավորապես այն առումով, որ նախ՝ կա Չինաստանի գրեթե անսպառ մոբիլիզացիոն պոտենցիալը՝ հիմնված հսկայական քանակով սպառազինության վրա: Իսկ որակական տեսանկյունից էլ՝ նույն շքերթում Չինաստանը ներկայացրեց DF-21D դասի 1800 կմ հեռահարությամբ իր նորագույն հրթիռը, որն ունենալով ձայնից մոտ 10 անգամ մեծ արագություն, համարվում է անխոցելի, ինչի պատճառով արեւմտյան փորձագետները հասցրել են այն կնքել «ավիակիրներ սպանող» անվամբ: Մինչդեռ՝ հենց ամերիկյան ավիակիրային նավատորմն է համարվում իր հիմնական ռազմական առավելությունը: Եվ մեխը կարող է դառնալ ՌԴ-ի ռազմատեխնիկական աջակցությունը, այսինքն՝ չինացիների հետ ուղղակի ռազմական հակամարտությունն ԱՄՆ-ի համար որեւէ հեռանկար չունի:
Այսպիսով, ըստ մի շարք փորձագետների, Վաշինգտոնին այդ պայքարում մնում է մեկ տարբերակ: Նախ՝ տնտեսական ուղղությամբ փորձել միայն ռազմավարական բնույթի հարվածներով թուլացնել չինական տնտեսությանը: Ռազմական առումով էլ՝ փորձել ներքաշել տարբեր մեծ ու փոքր հակամարտությունների մեջ: Եվ, ամենաէականը, փորձել ակտիվացնել ռուսների ուղղությամբ ճնշումները՝ ձգտելով հնարավորինս արագ ռուսական ռազմական պոտենցիալը դուրս բերել այս գլոբալ խաղից: Եվ այս տեսանկյունից, անշուշտ, պատահական չեն այս օրերի կտրուկ ռազմական ակտիվացումը Մերձավոր Արեւելքում, ընդ որում, ոչ միայն Սիրիայի ուղղությամբ, այլ նաեւ Եմենում: Իրանի աջակցությունն ունեցող այս երկրում Սաուդյան Արաբիան կարծես թե որոշել է ցամաքային գործողություններ սկսել, ինչը խոստանում է հակամարտության մեջ քաշել Իրանին, հեռանկարում՝ ռուսներին ու չինացիներին: Առավել եւս, որ իսրայելյան աղբյուրները շարունակում են պնդել, որ ռուսները սկսել են ուժեր կենտրոնացնել Սիրիայում եւս: Այս թեժացումները, անշուշտ, նաեւ հերթական պայթյունը կարող են առաջացնել Ուկրաինայում: Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում էլ կան ամեն պահ պայթելու պատրաստ մի շարք կոնֆլիկտներ, որոնց նկատմամբ Չինաստանը չի կարող անտարբեր մնալ:
Այն, որ երկարաժամկետ հեռանկարում դա անիմաստ ռազմավարության կվերածվի, էս գլխից էլ հասկանալի է: Սակայն կարճաժամկետ կտրվածքով՝ նման սրացումները ոչ մի լավ բան չեն խոստանում: Մասնավորապես՝ Հայաստանին, թեկուզեւ այն առումով, որ եղել եւ մնում է նման հնարավոր սրացումների անմիջական հարեւանությամբ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
