ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՄԵԿՆԱՐԿԱԾ
Արխիվ 12-16ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՄԵԿՆԱՐԿԱԾ
Սահմանադրական բարեփոխումների նախագիծը խորհրդարանում է, մեկնարկում են խորհրդարանական լսումներ, նաեւ տեղի են ունենում քննարկումներ մասնագիտական հանձնաժողովի հետ: Քննարկումների արդյունքում կարող են շտկվել կամ փոփոխվել որոշ ձեւակերպումներ, սակայն կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու հարցը, անշուշտ, իր ուղեկցող բաղադրիչներով հանդերձ մնում է անփոփոխ: Ու թեեւ բոլորը խոսում են Սահմանադրությունից, մի մասը` բովանդակային քննարկման հունում, ոմանք էլ կատարյալ ժխտողականության դիրքից, սակայն պարզ է, որ հենց այդ սահմանադրությամբ են անցնելու ԱԺ 2017-ի ընտրությունները:
ՓՈՒԼ ԱՌԱՋԻՆ` ՀԱՇՎԱՐԿ ԵՎ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄ
Քանզի Սահմանադրության ընդունել-չընդունելու հարցը կարելի է համարել գրեթե կանխորոշված, ապա գրեթե ցանկացած քաղաքական ելույթ, այդ թվում եւ Սահմանադրության վերաբերյալ, հարկ է դիտարկել 2017-ի ընտրությունների պրիզմայով: Կոպիտ ասած, ոչ պաշտոնական ձեւով ԱԺ ընտրությունների քարոզարշավը կարելի է համարել մեկնարկած: Ու քաղաքական ուժերը եւ գործիչները այժմ թերեւս հրապարակային ելույթներով հիմնականում զբաղված են սեփական քաղաքական գինը բարձրացնելու խնդրով:
Պարզապես այժմ դեռ հստակ նախընտրական դաշինքներ ձեւավորված չեն, բայց շատ արագ ընթանում է տարբեր վերադասավորումներին պատրաստվելու, սցենարները մշակելու եւ սեփական ուժերը «գույքագրելու» գործընթացը:
Դե, բնական է, որ ՀՀԿ-ն ձգտելու է ունենալ մեծամասնությունը ապագա Ազգային ժողովում, եւ այդ մեծամասնությունն ունենալու շանսերը իշխող կուսակցության մոտ շատ բարձր են: Նոր սահմանադրության դեմ քարոզչություն իրականացնողները, ըստ էության` փորձում են գոնե ինչ-որ չափով հետեւողականորեն նվազեցնել ՀՀԿ-ի ընտրազանգվածը:
Բնականաբար, ընտրական գործընթացի մասնակից է լինելու եւ ՀՅԴ-ն, որն ունի իր ավանդական կայուն ընտրազանգվածը, եւ Դաշնակների պարագայում ընդամենը մեկ հարց է բաց մնում` կմտնե՞ն կոալիցիայի մեջ իշխանության հետ, թե` ոչ:
Միանշանակ մասնակից է լինելու եւ ԲՀԿ-ն, կուսակցությունն արդեն հայտնել են, որ ունի հիմնավորումներ, թե ինչու կարելի է Սահմանադրությանն ասել այո, գումարած դրան, կարծես թե, նախկինում ԲՀԿ-ից հեռացածների մի մասը տրամադրվում են դեպի վերադարձ: Այստեղ եւս, խոշոր հաշվով, բաց է մնում` ընդդիմադի՞ր է մնալու ԲՀԿ-ն, թե, այնուամենայնիվ, կոալիցիային մասնակցելու տարբերակը բացառված չէ: Ի դեպ, ՀՀ նախագահը Սահմանադրության հարցով ընդունեց եւ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած մի շարք պատգամավորների, եւ հետաքրքիր կլինի հետեւել նրանց հետագա կողմնորոշմանը:
Իսկ ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պարագայում դեռեւս անորոշությունները շատ են: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պառակտված են այն աստիճանի, որ, օրինակ, առաջին հայացքից չես էլ կողմնորոշվի, թե իրականում ով է արտահայտում «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը: ՀՀ նախագահի հետ հանդիպման չգնալն էլ դժվար թե կարելի է համարել ստույգ ազդակ, որ «Ժառանգությունը» Սահմանադրությանը «ո՛չ» ասողների ճամբարին կմիանա:
ՀԱԿ-ի պարագայում պարզ է, որ նույնիսկ եթե բոլոր հրաշագործ սրբերը երկնքից իջնեն, չեն կարողանալու ապահովել ԼՏՊ-ի թիմին խորհրդարան անցնելու հնարավորությամբ: Լեւոն Ակոպիչի միակ ճանապարհը այլ ուժի կցորդ դառնալն է` բնականաբար, իր այդպես սիրած «քաղաքագիտական վերլուծության» նոր տարբերակով: Բայց դեռեւս բաց է` ում կցվել հարցը, թեեւ ամենահավանականը եւ տրամաբանականը Ռոբերտ Քոչարյանի կցորդ դառնալն է: ՕԵԿ-ի պարագայում, թեեւ ինչ-որ ոչ մեծ շանսեր կան ինքնուրույն մուտք գործելու խորհրդարան, սակայն Արթուր Բաղդասարյանի թիմում նույնպես հիմնական հարցը կարող է լինել, թե ում է ավելի շահեկան լինելու կցվելը: Ու այս պահին հստակ չի լինի ասել նույնիսկ` արդյո՞ք ՕԵԿ-ի ապագա աշխարհաքաղաքական կողմնորոշումը կլինի հյուսիսային, թե արեւմտյան: Այդտեղ, թերեւս, աշխատելու է մաքուր պրագմատիզմը:
Սակայն շատերին հետաքրքրող հարցն է, թե ինչպես եւ ումով ընտրություններին կփորձի մասնակցել Ռոբերտ Քոչարյանը:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԱՄԲԻԹ
Նման է, որ Քոչարյանը հանգիստ կարող է ասել. «Ի՞նչ մնաց ինձ, Վարդան Օսկանյան, ուրիշ ոչինչ»: Վարդան Օսկանյան նշանակում է թերեւս լրացուցիչ երկու-երեք պատգամավոր ԲՀԿ-ից տանելը, բայց ոչ ավելին: «Սիվիլիթասի» հիման վրա ինչ կուսակցություն էլ ստեղծես, կունենաս «զիբիլիթաս» վիճակ: Հայտնի գործիչներ առանձնապես չկան: Անշուշտ, ԼՏՊ-ի շրջապատում կան հին փորձառու քաղաքական գործիչներ, նույնիսկ կարելի է ասել, որ ՀՀՇ-ական ծագումնաբանությամբ «քաղաքական գելերի» պակաս չկա, սակայն դրանց չափազանց շատ տեղ տալը` լինի դա ստեղծվելիք կուսակցության կազմում, թե ՀԱԿ-ի հետ դաշինքում, նույնպես ինչ-որ տեղ ճոխություն է: Շատ մեծ հավակնություններ ունեցող գործիչներ են, ում եթե մատդ մեկնես, ապա ամբողջ ձեռքդ կպոկեն:
Բայց, կարծես թե, նոր հույսեր են ծագում, որ հնարավոր կլինի աշխատեցնել Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան եռյակը: Արա Արշավիրիչը «ռուսական» դարպասով չկարողացավ Հայաստանի քաղաքական դաշտ մտնել, բայց հիմա, ըստ ԶԼՄ-ների` նույնը փորձում է անել «ամերիկյան» դարպասով: Տեղեկատվական հոսքն այնպիսին է, թե Արա Արշավիրիչը ԱՄՆ-ում հրապարակավ հայտարարել է Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու իր մտադրության մասին, եւ սրտաճմլիկ ելույթներ ունեցել Հայաստանի ծանր վիճակի վերաբերյալ: Ի դեպ, ուշագրավ է, որ դեռեւս ամռանը նույն Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կառույցը որպես զինանշան իր համար ընտրել է հայկական խորհրդանիշներից մեկը, որի հիմքում վեցաթեւ աստղն է: Բնականաբար, արտաքնապես «Մոգեն Դավիթ» հիշեցնող լոգոն չի կարող չգրավել եւ հրեական շրջանակների ուշադրությունը, ու շատ հավանական է, որ հենց այդ նպատակով էլ ընտրվել է: Շատ «շուստրի» մոտեցում է` հա՛մ սիոնական շրջանակներին ակնարկ ուղարկել, հա՛մ սեփական հայրենակիցների մոտ երդվել-պատռվել, որ սիոնական որեւէ բանի մասին խոսք չկա, ամեն ինչ մաքուր հայկական է:
Այ, ամերիկյան տարբերակի պարագայում (եթե, իհարկե դա տեղեկատվական-քարոզչական բլեֆ չէ) Արա Աբրահամյանը «վաշինգտոնյան մարզկոմի» օժանդակությունն ստանալու հարցում լիուլի կարող է օգտվել Վարդան Սիվիլիթասիչի կապերից ու հնարավորություններից: Կարծես թե վատ չի ստացվում` ամերիկյան «դաբրոյով» գալ եւ մուտք գործել ՀՀ քաղաքական դաշտ, աշխատեցնելով Քոչարյանի գլխավորությամբ արդեն իսկ վերը հիշատակված «եռյակը»: Դե «եռյակը» «քառյակ» էլ կդառնա, կամ միգուցե էլ ավելի մեծ թվով արտահայտվի ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» բեկորների ներգրավումով, իսկ եթե ընտրություններին ընդառաջ շատ օլիգարխներ զրկվեն ՀՀԿ ցուցակում ընդգրկվելուց, ապա հանգիստ կարող է «քսանյակ» էլ ստացվի:
Ի դեպ, միգուցե ամենեւին էլ պատահական չէ, որ հենց Արա Արշավիրիչի ամերիկյան «գաստրոլներին» զուգահեռ վայրկենապես քաղաքականացվեց եւ ահավոր ագրեսիվացավ մինչ այդ լրիվ ապաքաղաքական «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը: Եվ իհարկե, այն հայտնվեց հենց Սահմանադրությանը ոչ ասողների ճամբարում: Կարծես թե, ուժեղ սցենար է ստացվում` ամենեւին աղքատ մարդիկ չեն ո՛չ Արա Արշավիրիչը, ո՛չ Ռոբերտ Սեդրակիչը, ո՛չ էլ Լեւոն Ակոպիչը եւ Արթուր Վահանիչը, դրան միգուցեեւ օլիգարխներ գումարվեն, ամերիկյան աջակցությունը ձեռք բերելու հեռանկարը, բավականին հզոր քարոզչամեքենան...
Սակայն այստեղ ի հայտ է գալիս հետեւյալ խնդիրը: Արա Աբրահամյանը չի կարող լինել պատգամավորության թեկնածու ո՛չ գործող Սահմանադրությամբ, ո՛չ նորով, իսկ նոր սահմանադրությամբ չի կարող եւ վարչապետ լինել: Այդ ի՞նչ կարգավիճակով նա պետք է ինքնադրսեւորվի ՀՀ քաղաքական դաշտում` ցուցակներում չընդգրկված առաջնորդի՞: Բայց արդյո՞ք իշխանությունը կհանդուրժի ՌԴ քաղաքացիությամբ եւ ամերիկյան օրհնանքով գործող էմիսարի որեւէ էական քաղաքական գործունեություն: Նույն Ռոբերտ Քոչարյանը լավ է հիշում, թե ժամանակին ինչպես է մեծ կտորը ականջը թողել մոտավորապես նույնատիպ մի էմիսարից` Արկադի Վարդանյանից:
Կարելի է ասել, որ ԱԺ ընտրություններին մասնակցելու ձեւաչափը աուտսայդերների` ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» մի մասի համար որոշակի կարող է դառնալ միայն այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ մտնի քաղաքական դաշտ եւ հայտարարի իր հավակնությունների մասին: Եթե իհարկե մտնի: Ու փաստ է, որ աուտսայդերների այդ բույլից ինքնուրույն ԱԺ ընտրություններին մասնակցելու հալ ու հարաքյաթ ունի թերեւս միայն ՕԵԿ-ը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk