ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՅՏՆԻ ՉԷ`«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԱՍԵԼՈՎ ՈՒՄ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՔ»
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՅՏՆԻ
ՉԷ`«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԱՍԵԼՈՎ ՈՒՄ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՔ»
Ինչպես հայտնի է, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը նորից դարձել է ԲՀԿ անդամ: Ինչո՞ւ նորից, քանի որ 2009 թ-ի մայիս-նոյեմբեր ամիսներին եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԲՀԿ-ի շնորհիվ: «Իրավունք»-ը ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանից պարզեց` կարո՞ղ ենք ասել, որ ԲՀԿ-ն որպես կուսակցություն առանցքային հարցերում (դրանցից մեկն էլ սահմանադրական բարեփոխումներն են-խմբ.) հստակեցրել է իր դիրքորոշումն ու շատերի համար ընկալելի դարձել: «Չեմ կարծում, որ նախկինում մեր դիրքորոշումը երերուն էր: Պարզապես քաղաքական յուրաքանչյուր իրավիճակ, պահ, իր խաղի կանոնն ունի, իր գործիքակազմը: Մեր իրավաբան փորձագետները պատրաստել են երկու հիմնարար փաստաթուղթ, որոնցով հիմնավորվում է` ինչո՞ւ կարելի է «այո» ասել սահմանադրական բարեփոխումներին, եւ որոնք են այն մտահոգիչ կետերը, որոնց վերաբերյալ կարելի է «ոչ» ասել: Մենք մեր մտահոգություններն ուղարկել ենք մեր կուսակցության տարածքային կառույցներին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության «ոչ»-ի կողմնակիցների քննադատություններին «այո»-ի կողմնակիցներին, ԲՀԿ առաջնորդը հորդորեց հարգել միմյանց տեսակետը, ձեռնպահ մնալ միմյանց շանտաժ անելու, ահաբեկելու գործընթացից. «Եթե ԲՀԿ-ին հանկարծ շանտաժի ենթարկեն, սպառնան տարբեր քաղաքական ուժեր, շարժումիկներ, ֆեյքեր (քանի որ տղամարդկություն եւ արժանապատվություն չունեն, որ հանդես գան իրենց անունով), ապա մեր ռեսուրսները մի քանի անգամ ավելի են»:
Արդյոք «Ժառանգություն» եւ ՀԱԿ կուսակցություններին կհաջողվի «ոչ»-ի շարժումն այնքան հզորացնել` տապալելու սահմանադրական բարեփոխումների գործընթացը: «Անկեղծ ասած, ինձ հայտնի չէ «Ժառանգության» դիրքորոշումը: Եթե այդ կուսակցությունը չի հանդիպել նախագահի հետ, դա դեռ ինձ համար հիմք չէ, որ նա միանում է «ոչ»-ի քարոզարշավին: Ինձ հայտնի չէ, թե «Ժառանգություն» ասելով դուք ում նկատի ունեք: Որքան հետեւում եմ, իմ հարգարժան գործընկերներ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը տարբեր դիրքորոշումներ ունեն: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը կարծես որեւէ մեկին հայտնի չէ»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:
ՀԱԿ-ի մասին խոսելիս էլ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց ՀԱԿ-ի հետ ԲՀԿ-ի անցած ճանապարհը, ապա հավելեց` հարգում է յուրաքանչյուր քաղաքական ուժի կարծիքը եւ հորդորում`հարգալից լինել մեկը մյուսի հանդեպ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
