ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. «ԻՆՁ ՄԻ՛ ԱՀԱԲԵԿԵՔ…»
Արխիվ 12-16ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. «ԻՆՁ ՄԻ՛ ԱՀԱԲԵԿԵՔ…»
Ինչպես հայտնի է, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ մամուլի տեղեկությունների, պատրաստվում է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ: Նախկին նախագահի վերադարձի հավանական սցենարներից են նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցություն հենարան դարձնելը, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյան- Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան «եռյակ»-ի ստեղծումը: «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Գառնիկ Իսագուլյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` Քոչարյանը հավանական ինչ սցենարով կվերադառնա ակտիվ քաղաքական դաշտ: «Ես երբեք հավանական սցենարների մասին չեմ խոսում: Ընդհանրապես ժամանակն է լրատվամիջոցները հստակ նշեն իրենց տեղեկատվության աղբյուրը: Ես զարմանում եմ, որ շատերը փորձում են երկրորդ նախագահի ծրագրերը ճշտել Իսագուլյանից»,- ասաց մեր զրուցակիցը:
Թեեւ Իսագուլյանը մարդկային լավ հարաբերություններ ունի Քոչարյանի հետ, սակայն հիշեցնում է`ինքը ոչ գրասենյակի պատասխանատուն է, ոչ էլ նախկին նախագահի մամլո խոսնակը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունը կլինի հենարան Քոչարյանի համար, Իսագուլյանի խոսքով` ինքը դեռ չգիտի` Օսկանյանը կուսակցություն ստեղծում է, թե ոչ: «Եթե ստեղծի, կտեսնենք»,- ասաց նախկին պատգամավորը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-Արա-Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան հավանական եռյակի ձեւավորմանը, Իսագուլյանն ասաց, որ թե՛Արթուր Բաղդասարյանի, թե՛ Արա Աբրահամյանի մասին իր կարծիքը վաղուց հայտնել է, այն չի փոխվել: «Այնպես որ ինձ նման հարցերում մի՛ ահաբեկեք»,- ծիծաղելով ասաց Գառնիկ Իսագուլյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk