25 ՏԱՐԻ ԲԵՐԴՈՒՄ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ, ԹԵ ԻՆՉ ԲԱՆ Է ԹԱՏՐՈՆԸ
Արխիվ 12-1625 ՏԱՐԻ ԲԵՐԴՈՒՄ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ, ԹԵ ԻՆՉ ԲԱՆ Է ԹԱՏՐՈՆԸ
Տավուշի մարզի Շամշադինի շրջանը միշտ էլ եղել է բոլորի ուշադրության կենտրնում, բայց, ցավոք, ոչ միշտ է այն մշակութային առումով ուշադրության կենտրոնում լինում: Բացառությամբ մի քանի արտիստների` նրանց կարելի է թվել մատների վրա: Որոշ «աստղիկներ» այս տարի իրենց պատվից վեր էին համարել լինել այդ շրջանում, մասնակցել Բերդում ամենամյա դարձած «Մեղրի եւ հատապտուղների» փառատոնին, փոխարենը նախընտրել էին լինել Ծաղկաձորի բնության գրկում, որտեղ, կարծում ենք, նրանց սրտատրոփ սպասողներ չկային: Իսկ Բերդի քաղաքացիները, համենայնդեպս, սիրով սպասում էին` հազվադեպ է հեռավոր այդ շրջանում որակյալ «հոգեւոր սնունդ» տարվում մայրաքաղաքից:
Ինչեւէ, «Իրավունքն» ամառային շրջանում 2 անգամ եղավ հենց Բերդ քաղաքում, ուսումնասիրեց քաղաքի մշակութային կյանքը: Չմոռանանք, որ այս շրջանի հերոս բնակիչներն անտեսելով հարեւանների կողմից պարբերաբար հրազենային «կարկուտները»` ապրում են իրենց համար սովորական, իսկ երեւանցիներիս համար` անսովոր իրավիճակներում ու պայմաններում: Նախ` նորություն չէ, որ մինչ Բերդ հասնելն այդքան էլ անվտանգ չէ, նույնիսկ` Վազաշեն-Պառավաքարին փոխարինող նոր ճանապարհը, ինչն առիթ ունեցանք զգալու մեր մաշկի վրա, երբ առաջին այցի ժամանակ` Բերդից վերադառնալիս կրակոց եղավ մեզ հաջորդող մեքենայի վրա: Սակայն, բարեբախտաբար` վրիպեց: Ինչեւէ, մի կողմ թողնելով թշնամու «ախորժակը» նշենք, որ Բերդում` չնայած այս իրավիճակին, նոր կյանք է առնում մշակութային մթնոլորտը:
«ԴԵՐԱՍԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ ԳՈՐԾԸ ԳԼՈՒԽ ԲԵՐԵՑ»
Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տան տնօրեն ՏԱՆՅԱ ՄԵԼԻՔՅԱՆՆ «Իրավունքին» տեղեկացրեց, որ գրեթե 25 տարի քաղաքացիները, հատկապես` երիտասարդ սերունդը մոռացել են, թե ինչ բան է թատրոնը, ներկայացումը. «Արդեն 25 տարի ոչ մի թատրոն ներկայացումով չէր եկել մեզ մոտ: Միայն 5 տարի առաջ տղայիս հետ փորձ արեցինք, այդ ժամանակ տնօրենն էի, ու քանի որ մշակույթի տունը Ժիրայր Անանյանի անուն է կրում, որոշեցինք բեմադրել նրա «Իմ տունը քո տունը չէ» պիեսը, որը չնայած դժվարություններին` մեծ հաջողությամբ իրականացրեցինք: Բայց քանի որ տղաս ռեժիսոր չէր (բժշկականն է ավարտել), զգում էինք, որ ինչ-որ բան պակաս է: Այդ ժամանակ հրավիրեցինք դերասան Արման Նավասարդյանին, ով ծնունդով Բերդից է: Նա եկավ ու ահագին ուղղություններ տվեց մեզ, գործը գլուխ բերեց»:
«ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ՓԱԿՎԵԼ Է, ՈՒՐԵՄՆ` ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է»
Բայց սարսափելին դեռ առջեւում է. «Երբ ավարտվում էր ներկայացման առաջին մասը, հանդիսատեսի շարքերից երիտասարդ սերունդը դուրս էր գալիս դահլիճից, ասում էին` վարագույրը փակվել է, ուրեմն` ներկայացումն ավարտված է: Այդ ժամանակ ասում էինք` չե՞ք զգում, որ կիսատ է, ու բեմն ասելու բան ունի ձեզ, եւ հետ էին գնում դահլիճ: Թատերական հանրապետական փառատոն կար, ու դրանից հետո խնդրեցի, որ այս անգամ մեզ մոտ անցկացնեն, որպեսզի մեր հասարակությունը, երիտասարդությունը եւ հատկապես երեխաները առնչվեն թատրոնի հետ ու թատրոնի մեծությունը հասկանան: Դրանից հետո այնպես ստացվեց, որ 3 տարի Մշակույթի տան տնօրենը չէի, ու այդ ընթացքում մեզ մոտ էլի թատրոնը վերացավ»:
«ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԿԱԼԵՑ»
Տնօրենը նաեւ ասաց, որ հիմա, երբ վերադարձել է հին պաշտոնին, մտադիր է կրկին ձեռնամուխ լինել այդ գործին եւ հիմնել թատերախումբ ու որպես ռեժիսոր հրավիրել հենց Արման Նավասարդյանին. «Նույնիսկ մեր քաղաքապետին առաջարկեցի Արմանին ռեժիսոր նշանակենք եւ արդեն ստացել եմ դրական պատասխան: Ես այն ժամանակ էլ էի ասում այդ մասին, բայց նախկին քաղաքապետը արվեստից երեւի չէր էլ հասկանում եւ թատրոնի մեծությունը չընկալեց, չհասկացավ ինչի մասին է խոսքը»:
«ՀԵՏՈ ԻՆՉ, ՈՐ ՌԱՅՈՆ Է, ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐՎԵՍՏԱՍԵՐ Է»
Տիկին Տանյան նաեւ իր սրտի ցանկությունն արտահայտեց ու հորդորեց, որ բոլորն իրենց ուշադրությունը սեւեռեն դեպի Շամշադին, դեպի Բերդ, դեպի սահմանամերձ գոտի. «Որպես սահմանամերձ գոտի` մենք ամեն ինչից կտրված ենք, մեզ երեւի ուշադրություն էլ չեն դարձնում, արվեստի ասպարեզում, ինձ թվում է, մենք մոռացված ենք»: Ըստ մեր զրուցակցի` երբեմն իրենց մոտ տանում են այն արվեստը, որը Երեւանում մերժված է. «Հետո ինչ, որ ռայոն է, մեր ժողովուրդը արվեստասեր հանդիսատես է, մեր ժողովուրդը ընդունակ է` լավ բաներ ընդունելու մեր քաղաքում եւ մերժելու վատն ու անճաշակը, ինչի ժամանակ կամաց-կամաց դատարկվում է դահլիճը»,- եզրափակեց տնօրենը:
ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է
1981թ. հիմնադրված Բերդի պատմության եւ կենցաղի թանգարանը` որպես Սարդարապատի ազգագրության թանգարանի մասնաճյուղ, հետագայում անցել է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ, իսկ 1997թ. այն Բերդի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկություն էր: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում թանգարանի տնօրեն ԱՐԹՈՒՐ ԵՐԿԱՆՅԱՆԸ տեղեկացրեց, որ թանգարանն այժմ կրկին ՀՀ մշակույթի նախարարության կազմում է` պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության պետական ոչ առեւտրային կազմակերպության ենթակայության տակ: Ըստ տնօրենի` այդ փաստը շատ բան է փոխել թանգարանում. «Այս ընթացքում շենքի վրա բավականին վերանորգման աշխատանքներ ենք կատարել: Մետաղական դարպաս ենք դրել, շենքի ամբողջ հատակը սալիկապատել ենք բազալտով` նախկին բետոնի փոխարեն: Երկրորդ հարկի ճաղավանդակն ենք փոխել. 80-ական թվականների տեղադրած էր»:
Տնօրենը նաեւ ասաց, որ այս ընթացքում թանգարանի արխիվն է համալրվել է. «Էքսպոնատները բավականին համալրվել են, օրինակ` 19-րդ դարի կեսերի կահույք է բերվել թանգարան: Նորություններից մեկն էլ այն է, որ արդեն թանգարանների բաժինն ավարտած մասնագետ ենք ընդունել մեզ մոտ աշխատանքի»:
«ՀԱՍԵԼ ԵՆ 1300-Ի ՈՒ ՀՈԳՆԵԼ ԵՆ...»
Տնօրենը եւս չժխտեց այն փաստը, որ գրեթե 2 շաբաթ առաջ «Մեղրի եւ հատապտուղների» փառատոնը աննախադեպ այցելուների քանակ է ապահովել թանգարանի համար. «Այդ օրը մեր պահակն ու հավաքարարն են հաշվել այցելուների քանակը` հասել են 1300-ի ու հոգնել են, էլ չեն շարունակել հաշվելը: Ես էլ չէի հավատում այդ թվին, դա շատ մեծ թիվ է մեր թանգարանի համար: Բոլորն էլ ասում են` 30 տարվա ընթացքում այցելուների նման թիվ չէր գրանցվել»:
Ա. Երկանյանը նաեւ տեղեկացրեց, որ թանգարանում առաջիկայում նախատեսվում են մի շարք միջոցառումներ. «Մի խոսքով` քնած չենք էլի, աշխատում ենք` նախարարության տված աշխատավարձը արդարացնում ենք: Որպես սահմանմաերձ գոտի` աշխատում ենք քաղաքում պահպանել մշակութային մթնոլորտը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Շամշադին-Երեւան
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
