«ՆԱՏՕ-Ն ՎԱՂՈՒՑ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ ԴՐՈՇԱԿԸ ՉԿԱՐ»
Արխիվ 12-16«ՆԱՏՕ-Ն ՎԱՂՈՒՑ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ ԴՐՈՇԱԿԸ ՉԿԱՐ»
Օգոստոսի 27-ին Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի մասնակցությամբ պաշտոնապես բացվեց Վրաստան-ՆԱՏՕ ուսումնական կենտրոնը: Դա ռազմական առումով ոչին չներկայացնող կառույց է: Բայց փաստն այն է, որ դա նշանակում է ՆԱՏՕ-ի պաշտոնական մուտք Վրաստան: Այսինքն, որ ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամներ Ռուսաստանի ու Հայաստանի հենց արանքում կամաց-կամաց տեղավորվում են ՆԱՏՕ-ի ուժերը: Իսկ թե սա ինչ մարտահրավերների առաջ կարող է կանգնեցնել մեզ, «Իրավունքը» պարզեց խնդրին քաջածանոթ գործիչներից` այն ներկայացնելով «Կլոր սեղան» ձեւաչափով:
«ԹՈՒՐՔԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
ՀԱՐՎԱԾՆԵՐԻՑ»
Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «ՋԱՎԱԽՔ» հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ` ոչ մի մարտահրավեր էլ այստեղ չկա, որովհետեւ ՆԱՏՕ-ն Հայաստանի թշնամին չէ. «Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ունի փոխգործակցության բավականին հարուստ փորձ: Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ հստակ համագործակցության մեխանիզմներ, որոնց թվում է «Հանուն խաղաղության» ծրագիրը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ համատեղ աշխարհի թեժ կետերում հայկական զորամիավորումների ներկայությունը, ծառայությունը: Մասնավորապես` Կոսովոյում, Աֆղանստանում եւ Լիբանանում հայկական զինուժը ՆԱՏՕ-ական զորքերի շարքում ծառայություն է իրականացրել: Այնպես որ, որեւէ մարտահրավեր այստեղ չեմ տեսնում»:
Իսկ Հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատար, հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ կարծիքով. «ՆԱՏՕ-ն վաղուց է այնտեղ հայտնվել, ուղղակի, դրոշակը չկար: Ամերիկական ինստրուկտորներն արդեն 10 տարի է պարապում են վրացական բանակի մի մասի հետ: Եվ եթե ինչ-որ մեկն այսօր անհանգստանալու տեղ ունի, ապա դա Ռուսաստանի դեսպանատունն է: Մենք խնդիր չունենք, անգամ ՆԱՏՕ-ի «սուտի» ծրագրերի առումով: Իսկ թուրքը (Ադրբեջանը- Հեղ.) դեպի ՆԱՏՕ չի գնում, որովհետեւ սարսափելի վախենում է Ռուսաստանի հակահարվածներից, հետեւաբար, այն ոչ մի խնդիր մեզ համար չի առաջացնում: Ուղղակի, այն Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ կարող է հարաբերությունների լարվածություն բերել, ինչի պատճառով կարող է 2008 թվականի պես մի քիչ տնտեսական խնդիրներ ունենանք»: 
Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ համար նույնպես վերոնշյալ ուսումնական հաստատության բացումը սպասելի քայլ էր. «Իմ կարծիքով` նոր բացված ուսումնական կենտրոնում եւս կլինեն հայ զինվորականներ, որոնք կվերապատրաստվեն, եւ դրանից ոչ մի վտանգ չի սպառնում: Շատերն ասում են, թե ՆԱՏՕ-ի բազա է բացվել, բայց ավելի ճիշտ, սա վրացական բազա է, որտեղ ՆԱՏՕ-ի աջակցությունը բավականին լուրջ է լինելու: Եվ ՆԱՏՕ-ի կողմից կան ներկայացուցիչներ, որոնք զբաղվելու են այդ բազայում որոշ ծրագրերով, եւ որոշակի ֆինանսական աջակցություն էլ է լինելու»:
«ՆԱՏՕ-Ն ԵՎ ՀԱՊԿ-Ը ԻՐԱՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՆ»
Այնուամենայնիվ, Վ. Վարդանովը չի կարծում, որ ՆԱՏՕ-ի հարմարավետ տեղավորվելը տարածաշրջանում կարող է բերել ՀԱՊԿ-ՆԱՏՕ առավել լարված հարաբերությունների. «Ավելի շատ լարվելու խնդիր իրենք ունեն Ուկրաինայի տարածքում, իսկ այստեղ ավելի շուտ իրար ուսումնասիրելու են, քան իրար դեմ են լարվելու: Հիշենք, որ երբ Վրաստանը փորձեց Ռուսաստանի վրա «ատամ սրել», անգամ այդ ժամանակ ՆԱՏՕ-ն չխառնվեց»:
Այս հարցում Շ. Թորոսյանը կարեւորում է հայ-վրացական բարեկամական գործընկերությունը. «Մեր հարեւան Վրաստանն ունի իր արտաքին քաղաքական կողմնորոշումներն ու հետաքրքրությունները: Կարեւորն այն է, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց փոխադարձ շահերը հարգելով ու միմյանց շահերը սպասարկելով` տարածաշրջանում կայունություն ապահովեն: Ավելին` կարողանան համատեղելի դարձնել ե՛ւ ՆԱՏՕ-ի ներկայությունը, ե՛ւ ՀԱՊԿ-ի: Սա զուտ Հայաստանի եւ Վրաստանի որոշելիքն է»:
ՄԵԾԵՐԻ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՆ ՉՊԵՏՔ Է ԽԱՌՆՎԵԼ
Ի վերջո, այս իրավիճակում, երբ մի կողմից Հայաստանը ռուսաստանյան բռունցք համարվող ՀԱՊԿ անդամ է, իսկ մյուս կողմից ամերիկյան ուժի` ՆԱՏՕ-ի հետ ունի գործընկերային հարաբերություններ, ինչպիսի ռազմավարություն պետք է ընտրենք` ռազմական մեծ փորձ ունեցող հետախույզը շեշտեց հետեւյալը. «20 տարի է մենք ՆԱՏՕ-ին ասում ենք, որ մենք ձեզ թշնամի չենք ու իրենց տարբեր ծրագրերին անընդհատ մասնակցում ենք, մյուս կողմից էլ` 20 տարի է ՀԱՊԿ-ի անդամ ենք, եւ սա մեզ չի խանգարում: Եթե մենք խելացի ենք, այդ մեծ «կենդանիների» բախումներին` որպես փոքրամարմին, չպետք է ընդհանրապես խառնվենք: Եվ այդպես վարվեցինք նաեւ 2008 թվականին` փաստացի չխառնվելով Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախմանը` Վրաստանի եւ Օսեթիայի պատերազմի տեսքով: Նույն ձեւով պետք է շարունակենք, ի՞նչ գործ ունենք խոշորամարմինների շարժումների հետ: Մենք մեր հարցերն ունենք եւ պետք է մեր «յուղի մեջ տապակվենք»»:
Ամփոփելով խոսքը` ԱԺ պատգամավորն էլ ընդգծեց. «Աշխարհն այսօր շատ նեղ է, եւ բոլորը կողք կողքի են: Բնականաբար, եթե կա որոշակի լարվածություն, ապա այն պետք է ինչ-որ հատման կետ ունենա: Եվ այս հարցում նախ պետք է արձանագրենք, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ու դեռ շատ վաղ է խոսել անդամակցության մասին: Սա գործընթաց է, որը սկսվել է, բայց թե երբ կավարտվի, ոչ ոք չգիտի: Սա ընդամենը համագործակցության մեխանիզմ է, որը Վրաստանն իրականացնում է: Հետեւաբար, մութ սենյակում սեւ կատու փնտրելու անհրաժեշտություն չեմ տեսնում»:
Եվ իր հերթին եզրափակելով թեման` վրացագետը հավելեց. «Այսօրվա դրությամբ, ինչպես կար Վրաստանում իրավիճակը, եւ ինչքանով ՆԱՏՕ-ն Վրաստանի բարեփոխումներին կամ Վրաստանի իշխանությանը աջակցում էր, նույն կերպ շարունակելու է: Իրենք գիտեն կարմիր գծերը եւ, ի վերջո, ՆԱՏՕ-ի ինտեգրումը, ուղղակի, Վրաստանը կապում է իր անվտանգության հետ: Մինչդեռ այսօր Վրաստանն ունի հնարավորություն` իր գյուղմթերքը եւ առհասարակ իր արտադրությունը արտահանելու Ռուսաստան: Այդ քայլից ելնելով` իրենք նաեւ հասկանում են, թե ինչ կարմիր գծեր կան իրենց առջեւ դրված: Այնպես որ, վրացական իշխանությունները կոմպլեմենտար քաղաքականություն են վարում: Եվ թեպետ քաղաքական մասով իրենց հայտարարությունները եւ ուղին դեպի Արեւմուտք է գնում, բայց տնտեսապես ավելի շատ կապված են ԱՊՀ անդամ երկրների հետ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
