ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԸ ՄՆԱՑ ԳԱՂՏՆԻ
Արխիվ 12-16ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԸ ՄՆԱՑ ԳԱՂՏՆԻ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման մասին խոսակցությունները դարձյալ շարունակվում են: Հրապարակված լուրերի համաձայն` նա պատրաստվում է առաջիկայում մեծ հարցազրույցներով հանդես գալ, ինչպես նաեւ սատարել Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանն ու Արա Աբրահամյանին, ով, ըստ տեղեկությունների, ցանկություն ունի մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին:
«Իրավունք»-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել պարոն Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից: Վերջինս, սակայն, նախ ասաց, որ չի ցանկանում մեզ հարցազրույց տալ: Երբ հստակեցրինք, որ հարցազրույց չենք ցանկանում վերցնել, այլ պրն Քոչարյանի հետ կապված տեղեկություն ճշտել, Վիկտոր Սողոմոնյանն այսպես արձագանքեց. «Դուք բավական ազատ ոճով գրում եք: Գուցե դուք ինքներդ գրեք այն, ինչ մտածում եք»:
Իհարկե, կարող ենք գրել, պրն Սողոմոնյան, բայց ցանկանում ենք տեղեկանալ` նախկին նախագահը կսատարի՞ նախկին ԱԳ նախարարի կողմից ստեղծվելիք կուսակցությանը: Հարցին պատասխանելու փոխարեն էքս-նախագահի մամլո խոսնակը սկսեց երկար-բարակ քարոզներ կարդալ լրագրողական էթիկայի մասին. «Երբ լրագրողական էթիկային համապատասխան գրել կսոովորեք, այն ժամանակ զանգեք, ես կպատասխանեմ»:
Օսկանյանին սատարելու, նրա թիկունքին կանգնելու մասին հարցադրումը նորից կրկնեցինք: Հարցը կարծես թե Վ. Սողոմոնյանի քիմքին հաճելի չէր. «Ես իմ պայմանն արդեն ասացի: Դուք աշխատեք (նկատի ունի լրագրողական էթիկայի հետ կապված իր մտքերն ընդունելը- խմբ.) հետո զանգեք, միասին աշխատենք: Շնորհակալություն, հաջողություն»:
Չնայած ի՞նչ ասեր պարոն Սողոմոնյանը: Եթե հաստատի, թե Քոչարյանը կանգնած է Օսկանյանի թիկունքին, գործը միանգամից կձախողվի: Եթե հերքի, ոմանք սխալ մեսիջներ կստանան: Մնում է «լրագրողական էթիկայից» խոսելով` հարցը շրջանցել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
