ՌԴ ԴԵՍՊԱՆ. «ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ»
Արխիվ 12-16ՌԴ ԴԵՍՊԱՆ. «ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ»
Ձեւավորված ավանդույթի համաձայն` ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԸ սեպտեմբերի 1-ին եղավ Լոռու մարզի Ֆիոլետովոյի ռուսական միջնակարգ դպրոցում: Այցի մասին, ինչպես նաեւ քաղաքական մի քանի հարցերի շուրջ մեզ հաջողվեց խոսել պարոն դեսպանի հետ.
–Իսկապես ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ը դիմավորել այս դպրոցում: Եվ սա ճիշտ է, որովհետեւ այստեղ սովորում են մեր հայրենակիցների երեխաները, ու մենք որոշակի պարտավորություններ ունենք նրանց առաջ: Ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել` Վիկտոր Իվանովիչ Ռեբեցի գլխավորությամբ, «Հարավկովկասյան երկաթուղու» բոլոր աշխատակիցներին` այն աշխատանքի համար, որ իրենք կատարեցին այստեղ` վերանորոգելով դպրոցի մարզադահլիճը:
– Պարոն դեսպան, քանի որ ամեն օր չենք տեսնում Ձեզ, մի քանի հարց սեպտեմբերմեկյան եռուզեռից դուրս. այսօր, ինչպես գիտեք, խիստ լարված է հայ-ադրբեջանական սահմանը: Ըստ Ձեզ` ինչո՞վ է այն պայմանավորված:
– Ես չեմ վերցնի ինձ վրա նման պատասխանատվություն ու պնդի, թե այն ինչով է պայմանավորված:
– Ի դեպ, օրերս Վրաստանում բացվել է Վրաստան-ՆԱՏՕ ուսումնական կենտրոնը, արդյո՞ք այն կարող է վտանգավոր լինել մեր տարածաշրջանի համար:
– Խոսքն ընդամենը ուսումնական հաստատության մասին է, ռազմաբազա ստեղծելը բոլորովին այլ է:
– Բայց չէ՞ որ եթե այսօր ուսումնական կենտրոն է ստեղծում ՆԱՏՕ-ն, վաղն էլ կարող է ռազմաբազա հիմնել Վրաստանում:
– Իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Այնուամենայնիվ, ցանկալի չէ, որ այնտեղ լինի ինչ-որ բազա, բայց դա վրաց ժողովրդի ընտրությունն է:
– Քանի որ խոսեցիք ընտրության մասին, հետաքրքիր է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը` ՀՀ սահմանադրական բարեփոխումների շուրջ:
– Սա Հայաստանի ներքին հարցն է, եւ ինչպես կորոշի հայ ժողովուրդը, այնպես էլ կլինի:
– Ամեն դեպքում, տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը հաշվի առնելով` ի՞նչ մարտահրավերների առաջ է այսօր կանգնած Հայաստանը:
– Բոլոր դեպքերում, Հայաստանի համար ամեն ինչ լավ է լինելու, չէ՞ որ նա ունի Ռուսաստանի պես հզոր ռազմական դաշնակից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk