ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ ՆՈՐԻՑ ԱԿՏԻՎ ՕՐԱԿԱՐԳ Է ԳԱԼԻՍ
Արխիվ 12-16ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ ՆՈՐԻՑ ԱԿՏԻՎ ՕՐԱԿԱՐԳ Է ԳԱԼԻՍ
Այն, որ Մերձավոր Արեւելքի, ասենք՝ նաեւ Ուկրաինայի շուրջ իրավիճակի թեժացման ամեն մի հերթական փուլի ընթացքում ռազմաքաղաքական լարվածություն է առաջացել նաեւ Ղարաբաղի շուրջ, մեկ անգամ չէ, որ նկատվել է: Ներկայումս էլ ինչպես մեր հարեւան Մերձավոր Արեւելքում, այնպես էլ՝ ուկրաինական ուղղությամբ, Մերձդնեստրում, Թուրքիայում, կարճ ասած՝ մերձբալթյան գոտուց մինչեւ Սեւ ծով, այնտեղից էլ՝ հյուսիս-արեւելյան միջերկրածովյան եւ կասպյան գոտիներ նկատվում են առանց այն էլ մութ ամպերի գերկուտակումներ: Եվ դրանք, անշուշտ, չեն կարող չձգվել նաեւ դեպի կովկասյան տարածաշրջան, ընդ որում՝ ոչ միայն ղարաբաղյան սրացումների տեսքով:
ՈՒՈՐԼԻՔՆ ՈՒ ԼԱՎՐՈՎԸ ՆՈՒՅՆ ՈՒՂՂՈՒԹՅԱ՞ՄԲ ԵՆ ԳՆՈՒՄ
Որ Ղարաբաղի շուրջ պետք է սպասել սրացումների հերթական փուլի, դժվար չէ կռահել օրերս արված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունից: Տեղեկացնելով, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում սպասվում է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ Մինսկի խմբի հանդիպում, Ուորլիքը մեկ ուշագրավ միտք է հնչեցնում. «Հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար բարձր մակարդակով նախապատրաստված նոր պարտավորությունների անհրաժեշտություն կա»: Թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը, ինչ են դրանք ենթադրում, ինչի համար, կողմերից ում համար է այն նախատեսված: Կամ՝ այդ ո՞ր «բարձր մակարդակն» է այն մշակել, միայն Ուորլիքի ներկայացրած ԱՄՆ-ը, թե նաեւ Ռուսաստանը: Հիշեցնենք, որ Ուորլիքը վերջերս Մոսկվա էր մեկնել, եւ դա ավելի հավանական է դարձնում, որ խոսքը Մինսկի խմբի միասնական ծրագրի մասին է: Սակայն՝ այդ ակնարկից զատ` ամերիկյան համանախագահը որեւէ բան չի մեկնաբանում: Բայց դժվար չէ նկատել, որ պարտավորություն ասվածի տակ նաեւ պետք է պարտադրանք տերմինը հասկանալ, հաշվի առնելով, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բանակցությունների հետ կապված իրենց վերջնական մոտեցումը վաղուց են ներկայացրել եւ քանիցս հաստատել, որ չեն էլ պատրաստվում դրանից մազաչափ անգամ հետ կանգնել:Այսինքն կողմերը միասին կամ կողմերից մեկը ինքնակամ որեւէ պարտավորություն չի ստանձնի, եւ այն տպավորությունն է, որ համանախագահներն սկսել են ակնարկել երկուսին միաժամանակ կամ մեկին ինչ-որ բան պարտադրելով՝ գործընթացը տեղից շարժել:
Եվ այս ֆոնին մեկ հետաքրքիր փաստ եւս նկատենք: Ուորլիքի այս հայտարարությունից հաշված օրեր անց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չնախատեսված այց կատարեց Բաքու: Դրա հաջորդ օրը Լավրովը ՌԴ նախագահին պետք է ուղեկցեր Պեկին: Այդ այցը արտակարգ, որոշ փորձագետների գնահատմամբ՝ նույնիսկ պատմական նշանակություն է ունենալու: Ընդ որում՝ վերջին օրերին ռուս ու չինացի մասնագետներն ակտիվորեն դեռ քննարկում, ավարտուն տեսքի էին բերում այդ այցի ընթացքում կնքվելիք մի շարք առանցքային պայմանագրեր ու պայմանավորվածություններ: Մի խոսքով՝ Լավրովը պետք է, որ մինչեւ ականջները թաղված լիներ այդ նախապատրաստական աշխատանքների մեջ: Եվ երբ ամեն ինչ թողած՝ Բաքու է մեկնում, հարց է ծագում, թե այդ ի՞նչ գերհրատապ հարցով:
Եվ ահա ադրբեջանական խորհրդարանի անդամ, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը նման միտք է հնչեցնում, որ ԱԳ նախարարներ Լավրովն ու Մամեդյարովը վերջերս հանդիպել եւ բոլոր հարցերը քննարկել են, եւ այդ տեսանկյունից իրենց համար էլ էր Լավրովի այս այցն անսպասելի: Ուստիեւ քաղաքագետն այն կարծիքին է, որ Մամեդյարովի միջոցով Ալիեւին փոխանցվել են որոշ առաջարկներ: «Ավելի շուտ դրանք վերաբերումն են ղարաբաղյան հակամարտությանը, եւ ադրբեջանական ղեկավարության մոտ չեն առաջացրել դրական ռեակցիա: Եվ Լավրովն էլ գալիս է Բաքու, որպեսզի անձամբ ներկայացնի անհրաժեշտ պարզաբանումները եւ համոզի այդ առաջարկներն ընդունելու նպատակահարմար լինելը»: Ընդ որում, ըստ Մուսաբեկովի, խոսքն այնպիսի կարեւորագույն հարցի մասին է, որ մինչ դրական կամ բացասական պատասխան տալը՝ Մամեդյարովն անցած շաբաթվա վերջերին հրատապ խորհրդակցություն է անցկացրել Թուրքիայում:
Եվ ահա նույն օրը՝ մինչ Լավրովի Ադրբեջան ժամանելը Թուրքիայի ներկայիս բավականին տարօրինակ, մեկը մյուսից անտեղյակ ժամանակավոր կառավարությունը ղեկավարող, բայց նաեւ՝ նախագահ Էրդողանի հավատարիմ կադրերից մեկը համարվող Ահմեդ Դավութօղլուն բավական հետաքրքիր հայտարարություն հնչեցրեց. «Ես ողջունում եմ եղբայրական Ադրբեջանին: Քանի դեռ գոյություն ունի Թուրքիան, Ադրբեջանի սահմաններին որեւէ խնդիր չի կարող լինել: Մենք միշտ միասին ենք լինելու»: Կարծես թե սա հենց Մամեդյարովի այցի պատասխանն էր՝ չվախենաք, թիկունքներիդ կանգնած ենք:
ՊԱՅՔԱՐԸ ՈՂՋ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ Է
Իհարկե՝ կա այն հարցը, թե՝ Ուորլիքի հիշատակած «նախապատրաստված նոր պարտավորություններն» ու Լավրովի Բաքվի այցը Մոսկվա ամերիկացի համանախագահի կատարած այցի շրջանակներում ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածության փոխլրացնող բաղկացուցիչնե՞ր են, թե Վաշինգտոնն ու Մոսկվան փորձում են իրարից առաջ ընկնելով՝ ղարաբաղյան թեման առաջ տանել: Վաշինգտոնն անշուշտ գիտակցում է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության պարագայում հազիվ թե կարողանա ինքնուրույն Ղարաբաղում ինչ-որ տեսանելի առաջխաղացում ունենալ: Առավել եւս, որ, մեղմ ասած, դեռ շատ վատ են հարաբերությունները Բաքվի հետ, ասենք նաեւ Ալիեւին նման ճոխ խոստումներ տվող Էրդողանի:
Բայց մյուս կողմից էլ՝ օրերս Վրաստանում բացվեց ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնը, որը, ճիշտ է, ռազմական առումով իրենից գրեթե բան չի ներկայացնում, սակայն դա, ըստ էության, Վաշինգտոնի ակնարկն էր, որ պահպանում է իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, այսինքն, որ եթե պետք եղավ, Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմ մտցնելը կդառնա օրախնդիր: Զուգահեռաբար՝ Թուրքիայից սկսեցին հնչել պաշտոնական հայտարարություններ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու աշխատանքներն արագացնելու անհրաժեշտության մասին, իսկ դա ակնարկ է, որ ԱՄՆ-ն օրակարգային է համարում նաեւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական առանցքի պահպանման հարցն ու այն ռազմականի վերածելու ծրագրերը:
Սակայն անգամ դա հազիվ թե ԱՄՆ-ին լուրջ հույսեր տա՝ Ղարաբաղի հետ կապված ինքնուրույն լուծումներ տալու հնարավորության հարցում: Նախ՝ ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնից հետո Ռուսաստանից սկսեցին հնչել ակտիվ հեղինակավոր գնահատականներ, որ Հայաստանի հետ ցամաքային կապ ստեղծելու հարցն իր լուծմանն է սպասում: Կային նաեւ հիշեցումներ, որ անցած դարի 20-ականներին եւս Վրաստանը վերածվել էր Ռուսաստանի դեմ արեւմտյան պլացդարմի, եւ այդ խնդիրը լուծվեց այդ երկրի խորհրդայնացման միջոցով: Այն, որ երեկ պաշտոնանկ արվեց տիպիկ արեւմտամետ գործչի համարում ունեցող ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլին, եւ նրան փոխարինեց շատ ավելի հավասարակշիռ հարաբերությունների կողմնակից, էկոնոմիկայի արդեն նախկին նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, հուշում է, որ վրացական իշխանություններն առնվազն զգուշավորության խնդիր տեսնում են:
Կա նաեւ Իրանի գործոնը, որը միջազգային պատժամիջոցներից ազատվելու հաշվին նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում արագորեն կշրջանցի Թուրքիային: Այսինքն՝ ինչքան էլ հարավկովկասյան ուղղությամբ մրցապայքարում Իրանից ետ չմնալու համար Անկարան ցանկանում է գոնե եղած դիրքերը պահել՝ խոստանալով «փոքր եղբոր» թիկունքին կանգնել, մեկ է՝ Բաքվում հազիվ թե չգիտակցեն, որ հերթական պատերազմական սպառնալիքները կյանքի կոչելու դեպքում՝ իր ներկայիս ներքին խնդիրներով Թուրքիան ամենեւին էլ լավագույն օգնականը չէ: Առավել եւս, երբ նոյեմբերին սպասվող խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում Էրդողանը նորից կարող է կտրուկ տեղափոխվել ամերիկյան ազդեցությունից դուրս գալու դաշտ: Մինչդեռ տարածաշրջանում Վաշինգտոնի ներկայիս ռազմավարական ծրագրերի հետ հույսեր կապելը Բաքվի համար ռուսների հետ թշնամության նոր հարթակ է ստեղծում: Իսկ այն փաստը, որ Լավրովի հետ հանդիպումից հետո Ալիեւը սկսեց խոսել ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններից, հուշում է, որ ՌԴ ԱԳ նախարարը Բաքվում արդյունքների հասել է: Առավել եւս, որ Լավրովն էլ իր հերթին Ղարաբաղի հետ կապված ընդգծված լավատեսական հույսեր հայտնեց:
Այսպիսով՝ Ուորլիքի ու Լավրովի հիշատակված քայլերն ընդհանուր պայմանավորվածությունների շրջանակներո՞ւմ են. թերեւս ավելի շատ դրան է նմանվում: Եվ ելնելով վերջին ժամանակներս հնչած տարաբնույթ հայտարարություններից՝ խոսքը «Մադրիդյան սկզբունքների» ինչ-որ տարատեսակի մասին է, եւ կփորձեն Ալիեւի վրա, ով հիմնականում ձախողում է այդ հիմքի վրա բանակցային զարգացումները, «նոր պարտավորություններ» դնել: Եվ եթե այդ «համատեղ օպերացիայից» արդյունք լինի, ապա արդեն ռուս-ամերիկյան պայքարը կարող է ծավալվել դրան տեր դառնալու շուրջ՝ ինչպես որ Իրանի միջուկային ծրագրի ուղղությամբ համատեղ աշխատանքի պարագայում էր:
Նկատենք նաեւ, որ Ղարաբաղի հետ կապված որոշակի պայմանավորվածությունները նաեւ ռուս-չինական համատեղ ռազմավարության մեջ որոշակի տեղ ունեն: Եվ այդ առումով՝ կարելի է նաեւ հասկանալ, թե ինչու էր հենց պեկինյան այցի շեմին Լավրովին պետք Բաքվից հստակ պատասխան ստանալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk