ԷՔՍ-ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ
Արխիվ 12-16ԷՔՍ-ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ
Եվ այսպես, աշնան առաջին օրը, բացի դպրոցական հանդիսավոր միջոցառումներից, բերեց նաեւ փողոցային բախումներ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Որոշակի բավականին ագրեսիվ անկարգություններ եղան Բաղրամյան պողոտայում, իսկ Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանի կազմակերպած «անհնազանդության ակցիայի» չորս մասնակիցների:
ՄՈԲԻԼԻԶԱՑՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ
Մինչեւ հիմա Սահմանադրության նոր նախագծի կտրուկ հակառակորդն էր, անշուշտ, Լեւոն Ակոպիչը, մեկ էլ կիսատ-պռատ կազմով «Ժառանգության» մի մասը: Եվ, իհարկե, թեեւ Ռոբերտ Սեդրակիչը դեռեւս չի բարեհաճել անձամբ արտահայտել իր թանկագին կարծիքը Սահմանադրության մասին, սակայն նրա քարոզչամեքենան զբաղված է Սահմանադրության նոր նախագծի դեմ ամենասեւ քարոզչությամբ` առանց ձեւակերպումների եւ բառամթերքի խտրության:
Անշուշտ, Սահմանադրության հակառակորդներ կային եւ, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակությունում»: Գոյություն ունի «Չեք անցկացնելու» անունով նախաձեռնություն «Ֆեյսբուքում», որի ներկայացուցիչներն օրեր առաջ Լյովիկ Զուրաբյանի հետ միասին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների կրծքին արտասվում էին, թե ինչ «քըխ» է ՀՀ իշխանությունը եւ ինչպիսի ահավոր բռնատիրական մեթոդներով ձգտում է վերարտադրվել: Սակայն երեկ Սահմանադրության «քաղաքացիական» հակառակորդները առաջին անգամ սեփական ուժերը փորձարկեցին փողոցում: Ավելի վաղ Դավիթ Սանասարյանի «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը Սահմանադրության բոլոր հակառակորդներին հրավիրել էր ուրբաթօրյա հանրահավաքին, իսկ երեկ Բաղրամյան պողոտա դուրս եկած «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պահանջին միացրել էին մաքուր քաղաքական «Դեմ ենք Սահմանադրությանը» պահանջը:
Այսինքն` ակնհայտ է մինչ այդ ամբողջովին ապաքաղաքական, եւ որոշակի հաջողությունների հասած քաղաքացիական շարժման կտրուկ քաղաքականացումը: Ճիշտ է, ցուցարարները ստվարաթիվ չէին, սակայն աչքի էին ընկնում ագրեսիվությամբ` բախումներ ոստիկանների հետ, հայհոյանքներ, անգամ քար նետելու դեպքեր: Շարժման քաղաքականացումը փոխեց նաեւ ոստիկանության վերաբերմունքը` այն դարձավ ավելի կոշտ:
Պարզ է, որ քանզի զուտ քաղաքական դաշտում «Ոչ Սահմանադրությանը» կարգախոսը պաշտոնապես ներկայացված է շատ թույլ` ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» բեկորներով, ապա տիկնիկավարները որոշեցին հասարակ քաղաքացիների զուտ սոցիալ-տնտեսական պայքարին խառնել քաղաքական կարգախոսներ ու այդ քաղաքացիներին ներքաշել սահմանադրական բարեփոխումների դեմ մղվող պայքարի մեջ: Բայց պարզ է նաեւ հետեւյալը` եթե հասարակ քաղաքացուն պարզ ու ընկալելի է, թե ինչու պետք է պահանջել չթանկացնել էլեկտրաէներգիան, ապա նրա համար Սահմանադրության «քըխ» կամ «պուպուշ» լինելը բավականին քիչ է տարբերվում չինական այբուբենից:
ԷՔՍ-ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Անշուշտ, ե՛ւ Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Քոչարյանի թիմերը (իսկ ավելի շուտ մենք դա հակված ենք դիտարկել որպես միասնական թիմ) փորձ կանեն սրել իրավիճակը եւ տապալել սահմանադրական հանրաքվեն: Սակայն նրանք բավականին լավ հասկանում են, որ տապալման շանսերը բավականին քիչ են: Հետեւաբար միակ ռեալ գործը, որին նրանք կարող են պատրաստվել, դա նոր Սահմանադրությամբ 2017-ին անցկացվելիք ԱԺ ընտրություններն են:
Այստեղ «փիտրահան» եւ պառակտված թիմ ունեցող ԼՏՊ-ին առանձնապես մեծ ընտրություն չի մնում, քան ընտրել հերթական «քաղաքագիտական վերլուծության» օբյեկտը եւ գնալ կցվել նրան: Եթե նախորդ խորհրդարանական ընտրություններին ծերուկին աջակցում էին 18 կուսակցություն, ապա այժմ ՀԱԿ կուսակցության եւ խմբակցության պառակտման շնորհիվ տակը մնաց երկու, իսկ ավելի ճիշտ` մեկուկես կուսակցություն, քանզի Ստեփան Դեմիրճյանի եւ վերջինիս ՀԺԿ-ի ձայնը դուրս չի գալիս: Հիշենք, որ 2012-ին ՀԱԿ դաշինքը 18 կուսակցությունով հազիվ էր հաղթահարել խորհրդարանն անցնելու 7 տոկոսանոց շեմը, այն էլ չար լեզուները խոսում են, որ պակասող մի քանի հազար քվեն որպես նվեր նրանց թվանկարել էին իշխանությունները: Դե, եթե այդ ժամանակ հազիվ ձգեցին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ ներուժ ունի իր տրամադրության տակ Լեւոն Ակոպիչն այսօր, ու առավել եւս տակն ինչ կմնա 2017-ին:
Սակայն այդքան էլ լավ չեն գործերը եւ վիթխարի ֆինանսական ռեսուրսների տիրապետող Ռոբերտ Սեդրակիչի մոտ: 2012-ի ընտրությունների արդյունքներով նա ուներ հստակ հենարան` ի դեմս 2-րդ տեղ զբաղեցրած ԲՀԿ-ի, դաշնակները նույնպես համարվում էին քոչարյանական հենարան, գումարած դրան` Քոչարյանի հետ հույսեր կապող որոշակի քանակով կադրեր, անգամ ՀՀԿ-ում եւ պետական բյուրոկրատիայում:
Ընդամենը մեկ տարի առաջ համախմբման գործընթացներ էին գնում, ուր ձեւավորվում էին «եռյակ-քառյակներ», գրեթե մոտ էր իրականությանը «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձեւաչափը, եւ երկու նախկին նախագահների եւ մեկ նախագահացուի` Րաֆֆի Հովհաննիսյանի, թիմերը կազմ ու պատրաստ էին միասնաբար դուրս գալու գործող իշխանության դեմ, դե իհարկե, Ռոբերտ Քոչարյանի ստվերային «պապայությամբ»:
Իսկ ՀՀԿ խորհրդի փետրվարյան հայտնի նիստից հետո, երբ ԲՀԿ-ն «վերաֆորմատավորվեց» ու վերջապես այլընտրանքից պաշտոնապես դարձավ ընդդիմություն, արդեն Ռոբերտ Սեդրակիչի հենարանները դարձել են առավել քան համեստ` նրա հավակնությունների համեմատ: ԲՀԿ խմբակցության պատգամավորներից քոչարյանական հակում ունեցողները այժմ միայն Օսկանյանն է, գումարած երկու-երեք հոգի, Դաշնակների մասին խոսք լինել չի կարող, «Ժառանգությունը» ոչ հալ ունի, ոչ հավես, ՀԱԿ-ից էլ մնացել են «հաճելի հուշեր»: Բնականաբար, իշխող ՀՀԿ-ի եւ պետական բյուրոկրատիայի ներսում հենարանի մասին պարոն Քոչարյանը կարող է պարզապես մոռանալ:
Ու հիմա նա ունի գերխնդիր` ո՞ւմ վրա հենվելով` 2017-ին խորհրդարանում ստեղծի սեփական հենարանը, որը կօգնի հրաժեշտ տալ «ամենաերիտասարդ թոշակառուի» կարգավիճակին եւ հավակնել իշխանությանը: Հորիզոնում այդպիսի ռեալ հենարան չի երեւում: Գումարած դրան նոր Սահմանադրությամբ նախատեսված է, որ յուրաքանչյուր կուսակցություն ընտրություններին մասնակցում է վարչապետի` նախօրոք հայտարարված թեկնածուով, այսինքն` Ռոբերտ Քոչարյանը զրկվում է ստվերից գործընթացը կառավարելու եւ այնուհետ պաշտոնի հայտնվելու հնարավորությունից ու ստիպված կլինի կա՛մ հրապարակավ գլխավորել իր հենարան կուսակցությունը, կա՛մ հրաժեշտ տալ վերադարձի բոլոր հույսերին եւ շանսերին: Հնարավոր է նաեւ կրկին հույսեր կապել Արա Աբրահամյանի հետ, որը, ըստ հրապարակային լուրերի, օրերս ԱՄՆ-ում հայաստանյան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Թե ինչու հենց ԱՄՆ-ից` թերեւս հուշում է այն, որ ՌԴ-ից հայկական քաղաքական դաշտ մտնելու հայտնի փորձը չաշխատեց, մինչդեռ Նահանգներում Օսկանյանը կարող է պարոն Աբրահամյանի համար լոբբիստական հող ստեղծել:
Խոշոր հաշվով, նրան պետք է իր հավակնություններն իրագործելու համար կա՛մ նվաճել մեծամասնությունը 2017-ի ընտրություններին, կա՛մ առնվազն վերցնել 2-րդ տեղը ու հետագայում փորձել քանդել ու վերաձեւավորել մեծամասնությանը: Սակայն անգամ 2-րդ տեղը վերցնելը խնդիր է Ռոբերտ Սեդրակիչի համար բաց, հրապարակավ որեւէ կուսակցություն գլխավորելու պայմաններում, իսկ ավելի ռեալ է, որ նա պետք է պայքարի ընդհանրապես խորհրդարան անցնելու համար: Ահա եւս մի դրդապատճառ, թե ինչու Սեդրակիչի ճամբարը այդքան ատում է նոր Սահմանադրությունը` քիչ է, վերացվում են ուղղակի նախագահական ընտրությունները, գումարած դրան էլ այլեւս հնարավորություն չի լինում ստվերից, ուրիշի թիկունքում թաքնվելով ղեկավարել գործընթացը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk