ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՅԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՄԵՐԳԻ ՇՆՈՐՀԻՎ ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՌԱԶՄԱՏԻԿ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ»
Արխիվ 12-16ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՅԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՄԵՐԳԻ ՇՆՈՐՀԻՎ ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՌԱԶՄԱՏԻԿ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ»
ՌԴ վաստակավոր արտիստ, օպերային դիվա ԼՅՈՒԲՈՎ ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՆ, ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվելուց հետո կարծես ավելի է ամրացնում կապերը հայերի հետ: Տենոր, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ դիվան Սեպտեմբերի 4-ին հանդես կգա համատեղ բարեգործական համերգով` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բարեգործական համերգից ստացված հասույթը կտրամադրվի Երեւանում օպերային արվեստի ակադեմիայի կառուցմանը:
Իսկ այսօր, ի հեճուկս Ադրբեջանի, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի եւ Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների: Համերգի գեղարվեստական ղեկավարը հենց դիվան է` Լյուբով Կազարնովսկայան: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեդ Գաջիեւը հայտարարել է, որ բոլոր այն օտարերկրացիները, ովքեր Արցախում կմասնակեն Լ. Կազարնովսկայի համերգին, կհայտնվեն Ադրբեջանի «սեւ ցուցակում»:
Հիշեցնենք, որ ռուս հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը հայտնվեց ադրբեջանական «սեւ ցուցակում», երբ երգչուհին ամիսներ առաջ այցելեց Արցախ եւ Ստեփանակերտի երաժշտական դպրոցում վարպետության դասեր անցկացրեց, ինչը, նյարդայնացրեց Ադրբեջանին: Կազարնովսկայան արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ ցուցակում հայտնվելուն` ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ հպարտ է Մոնսերատ Կաբալյեի հետ նույն ցուցակում հայտնվելու համար` նկատի ունենալով իսպանացի աշխարհահռչակ օպերային աստղին, ով Արցախ այցելելուց հետո նույնպես հայտնվել էր ադրբեջանական սեւ ցուցակում. «Մոնսերատ Կաբալյեի հետ նույն ցուցակում եմ, ինչով չափազանց հպարտ եմ: Լեռնային Ղարաբաղը հոյակապ վայր է, որտեղ երիտասարդ ստաժորների էի տարել: Ես չեմ մտահոգվում: Քանի դեռ աշխարհում գոյություն ունի ագրեսիա, աշխարհում խաղաղություն չի լինի: Այնտեղ` Ղարաբաղում, մարդիկ տրամադրված են առանց պատերազմի աշխարհին, երեխաների ծննդին»,- ասել է դիվան:
Ի դեպ, երգչուհին անտեսելով Ադրբեջանի «սեւ ցուցակները»` մտադրված է երկարաժամկետ համագործակցել մշակույթի գործիչների հետ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk