ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՑ «ՏԵՍԱԾ ՊԱՀԵՆ»
Արխիվ 12-16ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՑ «ՏԵՍԱԾ ՊԱՀԵՆ»
Երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում օրերս կայացավ Ուկրաինայից ժամանած հայկական արմատներով հայտնի երգչուհի եւ պարուհի ՎԱՐԴԱՅԻ (Վարդանուշ Մարտիրոսյանի) մասնակցությամբ սպասված բարեգործական համերգը: Շտապենք շեշտել, որ համերգից ստացված ողջ հասույթը նախատեսված էր տրամադրել Գավառի մանկատան երեխաներից մեկի աչքի, Երեւանի «Մարի Իզմիրյան» մանկատան մի երեխայի ողնաշարի վիրահատությունների, ինչպես նաեւ դեղորայքի ձեռքբերման համար: Այդ մասին երգչուհին ընդգծել էր մամլո ասուլիսի ժամանակ. «Շատ լավ կլինի, որ այսպիսի բարեգործական համերգներն ավանդույթ դառնան, եւ ամեն ամիս մի արտիստ կարողանա օգնել երեխաներին»: Բայց, արի ու տես, որ Վարդայի արած բարեգործությունը ոմանց թեթեւ ձեռքով ստվերվեց, ու այսօր համացանցում առավել շատ են տարաբնույթ մեկնաբանություններն այսպիսի բովանդակությամբ. «Ընդհանրապես, ինչ կարգի այլասերված երեւակայություն է պետք ունենալ, որպեսզի մոգոնել բարեգործական սթրիփտիզի պես ուռոդ գաղափար: Ու այլասերվածն էլ մի կողմ, ի՞նչ կարգի տկարամիտ պետք է լինել, որպեսզի էլ ավելի արդյունավետ լինելու համար` ընտրել սենտիմենտալ երանգ ու հայտարարել, որ Վարդան տռուբեն ծռելու ա հանուն որբ երեխաների»:
Իհարկե, կարելի էր նման տեսակետի հետ համաձայն լինել, եթե այն որեւէ աղերս ունենար իրականության հետ: Պարզ է, որ համերգին չեղած մարդիկ որոշել են տուրք տալ իրենց «ղզղնած» երեւակայությանը, բայց նախ նշենք, որ Վարդան չի մերկացել համերգի ժամանակ, ու նրա ցուցադրած շոուն շատ հեռու էր սթրիփտիզ լինելուց: Ավելին` երեկոյի առաջին հատվածում իրենց կատարումներով հանդես են եկել հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք դժվար թե «բարեգործական սթրիփտիզի» մասնակից դառնային:Այնպես որ, կյանքում, երեւի թե, ոչ մեկին լավություն չարած մարդը չպետք է քննադատի նրանց, ովքեր բարեգործությամբ են զբաղվում: Չմոռանանք նաեւ իսկապես տկարամիտներին, ովքեր մանկատներում բարեգործություն անելու փոխարեն` երեխաների անունը շահարկելով գումարներ են կորզում: Վարդան պոռնիկ է, թե` կույս աղջիկ, իր գործն է, բայց առավել ուշագրավ է, թե ինչպես են մարդիկ խոսում մանկատան երեխաների մասին, ովքեր հանրության ուշադրության կարիքն ունեն, ոչ թե նման ճղճիմ խոսակցությունների: Եվ ի վերջո ժամանակն է, որ մարդիկ իրենց «տեսած պահեն»:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
