«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՔԱՅԻՆ, ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ Է»
Արխիվ 12-16«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՔԱՅԻՆ, ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ Է»
Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների քննարկման երկրորդ, առավել էական ու բովանդակային փուլը, ինչն այսօր դարձել է ներքաղաքական թիվ մեկ թեման: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է»
–Տիկին Նաղդալյան, ի՞նչ կասեք սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ եղած քաղաքական տրամադրությունների մասին:
– Իսկապես, ամառն ավարտվեց, եւ քաղաքական ուժերի ու հանրության առջեւ առանցքային խնդիր է` մասնակցությունն ու վերաբերմունքը երկրի կյանքում կարեւորագույն այնպիսի իրողության, ինչպիսին Սահմանադրության բարեփոխումներն են: ՀՀ նախագահը քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլն է անցկացնում, որին մասնակցում են քաղաքական դաշտի տարբեր ուժեր: Արդեն հնարավոր է կարեւոր եզրահանգում անել, որը, թերեւս, ռազմավարական նշանակություն ունի` ո՛չ հանրությունը, ո՛չ էլ քաղաքական ուժերը, ի վերջո, չէին կարող եւ չմնացին սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ պասսիվ դիտորդի կամ անտարբեր հայեցողի դերում: Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը ձեւակերպեց, որ այն քաղաքական ուժը, որը երկրի համար այնպիսի կարեւորագույն պահին, ինչպիսին Սահմանադրության բարեփոխումների քննարկումն է, կարող է անտարբեր լինել, չմասնակցել, չփորձել իր միտքը, առաջարկը բերել բարեփոխելու, ինչ-որ հարցում փոփոխության հանգելու, դժվար թե իրական քաղաքական ուժ համարվելու իրավունք ունենա, եւ դրանով սեփական գործունեության ավարտը կարող է ազդարարել: Դա մարգինալացման ուղիղ ճանապարհն է: Եթե քեզ չեն հետաքրքրում երկրի կենսական խնդիրները, ինչո՞ւ եւ ինչո՞վ պետք է հետաքրքրես ընտրողներին:
– Արդյո՞ք կարելի է նախագահականում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունները համարել «քաղաքական կոնսոլիդացիա», չէ՞ որ շարունակվում են տեսակետներ հնչել բավական լայն` կողմ եւ դեմ սպեկտրով:
– Ակնհայտ է, որ քաղաքական կոնսոլիդացիան, որի անհրաժեշտության մասին խոսում էինք ե՛ւ մենք, ե՛ւ մեր եվրոպացի գործընկերները, իրականում ձեւավորվել է: Այո, կարեւոր է, որ մենք պարզենք, թե ինչ ենք հասկանում «կոնսոլիդացիա» ասելով: Այն, քավ լիցի, բոլորի միանման կարծիքը չէ: Եթե բոլորը միանման կարծիք ունենան, ավտորիտարության մեծ վտանգ կստեղծվի: Կարծում եմ` այս պարագայում կոնսոլիդացիան բոլորի կամ հնարավորինս շատերի մասնակցությունն է սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Այսինքն` պետք է լինի մասնակցության, քննարկման կոնսոլիդացիա եւ ոչ տեսակետների նույնության: Ի պատիվ ՀՀ նախագահի, պետք է ասեմ, որ քաղաքական ուժերը ե՛ւ հրավերներ ստացան` քննարկմանը մասնակցելու, ե՛ւ ուշադրությամբ լսվեցին (իսկ նա լսելու ընդունակություն ունի, որը շատ կարեւոր է) բոլորը, ովքեր ասելիք ունեին եւ ուզում էին լսելի լինել` առանց «դիսկրիմինացիայի»` մեծ թե փոքր կուսակցություն, գաղափարի կողմնակից, թե ընդդիմախոս, անկախ պատգամավորներ, Հանրային խորհրդի անդամներ, ՀԿ-ներ եւ այլն: Կարծում եմ` կոնսոլիդացիան, առաջին հերթին, բնութագրվում է հենց սրանով: Այս իմաստով` վստահաբար, կոնսոլիդացիան կայացել է:
– Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այդ քննարկումները հիմք կդառնան հասարակական լայն կոնսոլիդացիայի:
– Ե՛վ խորհրդարանում վերջերս տեղի ունեցած քննարկումը, ե՛ւ այս պահին կատարվող ու նախատեսվող աշխատանքները` խորհրդարանական կուսակցությունների, արտախորհրդարանական ուժերի հետ, ծառայում են մեկ խնդրի` բոլոր առաջարկները ի մի բերվեն, խմբավորվեն, հստակեցվեն, եւ ձեւավորվի քաղաքական գնահատական այդ առաջարկություններին: Սեպտեմբերի 4-ին ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է կազմակերպել այդ խնդրով: Բուն քննարկումը խորհրդարանում, կարծում եմ` լավ հնարավորություն է լինելու եւս մեկ անգամ բոլոր խնդիրները լսելու եւ վեր հանելու:
«ՈՉ ՄԻԱՅՆ ՃԱՔԵՐ, ԱՅԼԵՎ ԽԶՈՒՄՆԵՐ ՈՒ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
–Դուք բավական ոգեւորված եք կոնսոլիդացիայով, բայց մենք տեսնում ենք որոշ դեպքերում սահմանադրական բարեփոխումների գործընթացին մասնակցելը նաեւ պատճառ է դառնում որոշ քաղաքական ուժերի կամ դաշինքների մեջ նոր ճաքեր գոյանալու համար: Նկատի ունեմ վերջերս ՀԱԿ-ի եւ ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի ընդգծված լարված հարաբերությունները եւ այլ քաղաքական գործիչներին իշխանության հետ համագործակցության մեջ մեղադրանքներն ու պիտակավորումները...
– Չեմ կարծում, որ դա լավագույն պրակտիկան է: Իհարկե, մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ դաշինքները` կուսակցությունների միավորումները, որոնք խորը գաղափարական, տրամաբանական կապով կապված չեն միմյանց հետ, չեն կարող երկար կենսունակություն ունենալ: Միեւնույնն է, ինչ-որ պահից ոչ միայն ճաքեր, այլեւ խզումներ ու բաժանումներ են լինելու, բայց ժամանակ առ ժամանակ, հատկապես կարեւոր պահերին, նորից ականատեսն ենք լինում «ով մեզ հետ չէ, դավաճան է» կամ դրա նման սկզբունքով գործելակերպին, որն անընդունելի է, մանավանդ իրար հետ բավականին երկար ճանապարհ անցած եւ մարտահրավերներ հաղթահարած գործընկերների միջեւ: Որեւէ մեկի փաստաբանությունը իմ նպատակը չէ, բայց ուզում եմ ասել, որ հարգանքի է արժանի քաղաքական գործիչը, ով երկրի համար կարեւոր որոշումների պահին անտարբեր դիտորդ կամ իր կարծրատիպերի գերին չի դարձել, վեր է կանգնել դրանցից եւ իր պարտականությունը տեսել նրանում, որ իր մտքերով եւ առաջարկներով, փորձով եւ գիտելիքներով, բանավեճին մասնակցելով` աջակցի ճշմարիտ լուծումներ գտնելուն:
– Այնուամենայնիվ, ընդդիմադիր կարծիքներում հիմնականում հնչում է այն միտքը, որ այս պահին չկար սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն: Ո՞րն է այս դժգոհության հակափաստարկը:
– Իհարկե, կյանքի իրավունք կարող է ունենալ նաեւ նման մոտեցումը` հակադրելով, թե ճիշտ է, երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բայց նրանց լուծումը հնարավոր է առանց Սահմանադրության բարեփոխումների, որոնց կարիքը բացարձակապես չկա: Սա եւս մոտեցում է, բայց թերեւս, մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, թե քանիսը մեր գործընկերներ-կուսակցություններից իրենց ծրագրերում ներառել էին Սահմանադրության բարեփոխման, կառավարման համակարգի փոփոխության մասին դրույթները: Իսկ տարբերությունը մոտեցումների մեջ այն է, որ Սահմանադրության բարեփոխումները նախաձեռնելիս մենք չենք հակադրում` կա՛մ Սահմանադրության բարեփոխումները, կա՛մ այլ փոփոխություններ մեր կյանքում, այլ մտածում ենք, որ ավելի ճիշտը ոչ թե հակադրումն է, այլ համադրումը: Մենք հասկանում ենք եւ ընդունում, որ մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բայց դրանց լուծումները տեսնում ենք` հիմքերը ճշգրտելով, դիտարկելով եւ լուծում տալով արմատական խնդիրներին, այդպիսով գնալով դեպի հետագա ժողովրդավարացում, դեպի մարդու իրավունքների ավելի լայն պաշտպանություն, դեպի առավել կատարյալ եւ արդյունավետ կառավարման համակարգ:
Մեր Սահմանադրությունը 1995-ին ընդունվել է, 2005-ին` բարեփոխվել, եւ սա, փաստորեն, թվով 2-րդ բարեփոխումն է: Ըստ էության, մենք ականատեսն ենք եղել գերկենտրոնացված նախագահական իշխանության, որից հետո փորձեցինք թեթեւացնել եւ գնալ դեպի կիսանախագահական կառավարում: Ես չեմ քննարկում, թե որքանով դա հաջողվեց կամ հակառակը, բայց, այնուամենայնիվ, հանրային զարգացման տրամաբանությունն այդ էր: Պատկերավոր ձեւով, կարծում եմ` կարելի է այսպես բնութագրել` 1995-ին մենք ունեինք այն տարբերակը, երբ բոլոր իրավունքները, բոլոր հնարավորությունները մեկ տեղում, մեկ ձեռքում էին` կենտրոնացած նախագահի ինստիտուտի ձեռքերում, 2005-ին` բաժանեցինք, կիսեցինք իրավունքները եւ հնարավորությունները տարբեր ինստիտուտների միջեւ (Ազգային ժողով, Կառավարություն), այսպես ասած, տալով տարբեր ինստիտուտների ձեռքը, բայց ինստիտուտները մնացին մեկ ձեռքում: Մեր երկրում էլ են եղել այդ ժամանակները, եւ, իհարկե, տեղյակ ենք եվրոպական տարբեր երկրների բազմաթիվ օրինակների մասին, երբ նախագահը եւ խորհրդարանի մեծամասնությունը լինում են մեկ կուսակցությունից, այսինքն` նախագահը ունենում է խորհրդարանում մեծամասնություն, նորից դառնում է գերկենտրոնացված իրավասություններով ինստիտուտ, իսկ եթե չի ունենում խորհրդարանական մեծամասնություն, ապա երկրում ստեղծվում է քաոս, պայքար` բոլորը բոլորի դեմ, որը հղի է ծանր հետեւանքներով: Այսինքն` մեր քայլերի տրամաբանությունը բխում է ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների փորձից:
«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ»
- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, պետական կառավարման համակարգը կարո՞ղ է միանգամից փոխվել:
- Որեւէ փոփոխության համար պետք են օրենսդրական հիմքեր: Ուզում եմ հիշեցնել մի կարեւոր հանգամանք. Սահմանադրության բարեփոխման անհրաժեշտությունը, նախեւառաջ, եղել է տարիներ շարունակ մեր գործընկեր ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր կուսակցությունների առաջարկը` դեռեւս նախընտրական իրենց ծրագրերում, որոնցով ներկայացել են հանրությանը: Այսօր, ներեցեք ձեւակերպման համար, բայց իրենց ծրագրերից կտրուկ հրաժարումը խոսում է այդ ուժերի կամ ոչ հետեւողականության, կամ այն մասին, որ հասկացել են` իրենց հաշվարկները չեն արդարացնում եւ ռեսուրսները շատ քիչ են հաջողության հասնելու համար: Քննարկումների բովանդակային իմաստով պետք է նշենք, որ այնուամենայնիվ, գրեթե չկան ուժեր, որոնք համարում են, թե բարեփոխումների անհրաժեշտություն չկա: Բացառությամբ ծայրահեղական մի քանի ուժերի` հիմնականում կարող ենք ասել, որ բարեփոխումների անհրաժեշտությունը, կառավարման համակարգի փոփոխության տրամաբանությունն ու կարիքը տեսնում, գիտակցում ու պաշտպանում են առանց վերապահումների բոլոր քաղաքական ուժերը: Այլ բան է` առանձին հարցերի վերաբերյալ կարող են տարբեր մոտեցումներ լինեն, դա եղել եւ միշտ էլ լինելու է, ժողովրդավարական քննարկումների իմաստն էլ հենց դրա մեջ է, բայց որ բարեփոխումների անհրաժեշտությունը ընդունում են բոլորը, եւ այն առաջարկը, որն արվում է` երկրի կառավարման համակարգի առավել ժողովրդավարական տարբերակին անցնելու եւ պետական կառավարման համակարգի արդյունավետությունը էականորեն բարձրացնելու առումով, իսկապես քայլ առաջ է: Փաստորեն , գործընթացը շատ բաց եւ թափանցիկ է, ողջ տեղեկատվությանը հանրությունը տիրապետում է ու կարող է գնահատել: Իրականում, այդ կոնսոլիդացիան, որը ե՛ւ մեր եվրոպական գործընկերները, մասնավորապես ի դեմս Վենետիկի հանձնաժողովի կամ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների, ե՛ւ մենք ինքներս համարում ենք Սահմանադրության փոփոխությունների համար նախապայման, ակնառու է: Տեսեք` խորհրդարանում այսօր ներկայացված են շուրջ 20 կուսակցություն, դրանց մեծամասնությունը` բացառությամբ 2-3 կուսակցության, մասնակցել եւ շարունակում են մասնակցել բովանդակային քննարկմանը` իրենց տեսակետները, առաջարկները ներկայացնելով: Նույնկերպ անկախ պատգամավորները, հանրային ուժերը, հասարակական կազմակերպությունները բազմաթիվ առաջարկներով փորձել են բարելավել , փոփոխել ներկայացվող նախագիծը , եւ սա նաեւ ցույց է տալիս, որ հանրության համար ընկալելի է բարեփոխումների անհրաժեշտությունը, բովանդակային մոտեցումները այս կամ այն հարցի վերաբերյալ: Գլխավորը` շահագրգիռ բանավեճն է, որի ընթացքում է ճշմարտությունը ծնվում , կամ գոյանում են կոմպրոմիսները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk