«ԵՐԲԵՎԷ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Արխիվ 12-16«ԵՐԲԵՎԷ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Մինչ մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում են հոդվածներ, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ շուտով կնշանակվի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում, նա շարունակում է աշխատել այն օրակարգով եւ ծանրաբեռնվածությամբ, որով միշտ է աշխատել: Այս մասին Ա. Հովհաննիսյանը նշեց «Իրավունքի» հետ զրույցում ու պատասխանեց մեր հարցերին` ինչպես սահմանադրական բարեփոխումների նախագծի, այնպես էլ այսօր նախատեսված Էթիկայի հանձնաժողովի նիստի վերաբերյալ:
–Տարբեր տեսակետներ են հնչում, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ գտած հոդվածը` երեխաների իրավունքներին նվիրված, ուռճացված է, ինչը կբերի յուվենալ արդարադատության: Ավելին` կարծիքներ կան, որ սա սպառնալիք է ընտանիքների համար: Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս մասին:
– Կարծում եմ` հայ հասարակությունում միշտ էլ հատուկ վերաբերմունք կա երեխաների նկատմամբ, եւ բնական է, որ Սահմանադրությունում եւս պետք է արտացոլվեր այդ վերաբերմունքը: Չեմ կիսում այն տեսակետը, որ Սահմանադրության նախագծում առկա մոտեցումները սպառնալիք են ընտանիքների համար, մանավանդ որ նախագծում առկա իրավակարգավորումները նորույթ չեն մեր օրենսդրության համար: Դեռեւս 1993 թվականին ՀՀ-ն միացել է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, որում ամրագրված են նախագծում արտացոլված այնպիսի դրույթներ, ինչպիսիք են երեխայի ազատ արտահայտվելու իրավունքը, երեխաների շահերի առաջնահերթությունը եւ այլն: Պետք է շեշտեմ նաեւ, որ վերոգրյալ կոնվենցիոն դրույթները ներկայումս արտացոլված են նաեւ Ընտանեկան օրենսգրքում եւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում:
– Սահմանադրության նոր նախագծում շատ տեղեր շեշտված են միջազգային կոնվենցիաները: Արդյո՞ք համարում եք, որ սրանով միջազգային իրավանորմերը ստորադասում են մեր օրենքներին:
– Ձեր հարցի պատասխանն արդեն իսկ գտնվում է գործող Սահմանադրության 6-րդ հոդվածում, որը հստակորեն ամրագրում է, որ եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերում ամրագրված նորմերը:
– Մի շարք մեղադրանքներ հնչեցին Վենետիկի հանձնաժողովի տված սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ եզրակացության մասին: Դուք ինչպե՞ս կգնահատեք, մասնավորապես այն, ըստ որի, Վենետիկի հանձնաժողովին «դուր չէր եկել» «ընտանիք» հասկացության մասին մեր սահմանադրագետների ձեւակերպումը:
– Օրենսդրական փոփոխություններ կատարելիս շատ կարեւոր են միջազգային մոտեցումների արտացոլումը, սակայն երբեւէ չպետք է անտեսել ազգային առանձնահատկությունները, որոնց հաշվառմամբ միայն կարող է երաշխավորել օրենսդրության արդյունավետ կիրառումը: Կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձանաժողովը հենց այդ առանձնահատկությունների հաշվառմամբ էլ ձեւակերպել է նախագծի սահմանումները, ինչը համարում եմ միանգամայն արդարացված:
– Ձեզ համար սահմանադրական բարեփոխումների նախագծում կա՞ն դրույթներ, որոնք վերանայման կարիք ունեն:
– Ներկայացված փաստաթուղթը նախագիծ է եւ, ինչպես ցանկացած փաստաթուղթ, լրացուցիչ ճշգրտումների եւ հստակեցումների կարիք ունի: Բազմիցս եմ նշել, որ նախագծում առկա դրույթները դոգմատիկ բնույթ չունեն եւ քննարկումների ժամանակ լրացուցիչ վերանայման կենթարկվեն: Այս առումով կարեւորում եմ այն լայնածավալ հանրային քննարկումների փուլը, որը տեղի ունեցավ, ինչպես նաեւ երկրի նախագահի կողմից քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումները, որոնք, ըստ էության, կոնսոլիդացիայի եւ նախագիծը բարելավելու երաշխիք են: Առջեւում է նաեւ Ազգային ժողովում նախագծի քննարկման փուլը, որի ընթացքում, վստահ եմ, բազմաթիվ առաջարկներ կլինեն, որոնք անկասկած կկատարելագործեն փաստաթուղթը:
– Ի դեպ, այսօր կկայանա ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ կքննարկվի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացրած դիմումն ընդդեմ ԱԺ պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի: Որպես հանձնաժողովի նախագահ` պատրաստվո՞ւմ եք վարույթ ընդունել բազմիցս վարկաբեկված տարբեր սաքունցների դիմումները:
– Նախ` կցանկանայի խուսափել նման ձեւակերպումներից եւ անձնավորումներից, երկրորդ` «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` մինչեւ հանձնաժողովում քննարկվող դիմումի վերաբերյալ վերջնական որոշման կամ եզրակացության ընդունումը, դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, ուստի` Ձեր հարցին պատասխանել իրավասու չեմ: Նիստի ավարտից հետո անպայման կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk