ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՇԵՂԵԼ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ»
Արխիվ 12-16ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՇԵՂԵԼ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ»
«Իրավունք»-ը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին մի քանի հարց է ուղղել Վենետիկի հաննձնաժողովի անդամների եւ քաղաքական ուժերի միջեւ տեղի ունեցած հանդիպման մասին:
- Տիկին Մուրադյան, Դուք օգոստոսի 25-ին ԵՊՀ-ում մասնակցում էիք Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը: Խնդրում ենք հանդիպումը նախ գնահատել կազմակերպչական առումով:
- Պետք է նշեմ, որ հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ բավականին լավ էր կազմակերպված: Ընթանում էին ակտիվ քննարկումներ քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և հանձնաժողովի անդամների միջև, որոնք ներկայացնում էին իրենց դիտարկումներն ու մեկնաբանությունները տարբեր հարցերի շուրջ: Իհարկե. հարցադրումները հաճախ դուրս էին գալիս հանձնաժողովի գործունեության ոլորտից և հնչում էին հարցեր, որոնք չէին վերաբերում փաստաթղթի բովանդակությանը, այլ ավելի շատ տեղափոխում էին քաղաքական դաշտ, սակայն հանձնաժողովի անդամներին հաջողվում էր բոլորի ուշադրությունը հրավիրել փաստաթղթի իրավական ձևակերպումներին:
Հանդիպումը նաև շատ արդյունավետ էր այն առումով, որ հնարավորություն էր ստեղծվել օրենսդիր մարմինների համար քննարկման ընթացքում տեղում ծանոթանալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգություններին և հարցադրումներին:
- Արդյոք շահագրգիռ քննարկում տեղի ունեցավ նոր Սահմանադրության նախագծի բովանդակության առումով: Ձեզ համար պարզ եւ ընդունելի՞ էր Վենետիկի հանձնաժողովի անդամների պարզաբանումները:
- Կարծում եմ, երկկողմանի շահագրգիռ քննարկում էր կազմակերպվել: Հանձնաժողովի անդամները պարզաբանեցին, որ իրենք գնահատում են բարեփոխումների բովանդակությունն ու համատեքստը այն առումով, թե որքանով է այն համապատասխանում եվրոպական չափանիշներին և արդյոք այն համապատասխանո՞ւմ է կամ համահո՞ւնչ է այն պրակտիկային, որը գոյություն ունի Սահմանադրական իրավունքի ոլորտում:
Վենետիկի հանձնաժողովի գրեթե բոլոր անդամների գնահատականները նախագծի վերաբերյալ դրական էին, անգամ նշվեց, որ դա վերջին տարիների իրենց քննարկած լավագույն նախագիծն է, փաստեցին, որ հաշվի են առնվել ժամանակակից սահմանադրական զարգացումները: Անշուշտ, եղել են նաև բարելավման առաջարկներ ընտրիչների ժողովի, ընտրությունների երկրորդ փուլի անցկացման վերաբերյալ, համոզված եմ, որ մասնագիտական հանձնաժողովը հաշվի կառնի արտահայտած դիրքորոշումները նախագծի լրամշակման ընթացքում և կգտնեն ընդհանուր եզրեր հարցին ժողովրդավար լուծում տալու համար:
- Վենետիկի հանձնաժողովի անդամները նորից պնդեցին իրենց առարկությունները նոր Սահմանադրության վերաբերյալ: Արդյոք իշխանությունը կընդունի դրանք:
- Ասեմ, որ Վենետիկի հանձնաժողովը ընդհանուր առմամբ դրական է գնահատել սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Իհարկե, նշվեց, որ քննարկվող նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնություններ չկան, եղել են որոշ դիտարկումներ, և սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը հաշվի կառնի դրանք վերջնական եզրակացություն անելիս:
Վենետիկի հանձնաժողովը հստակ նշեց, որ այս կամ այն փոփոխության ցանկությունն այդ երկրի քաղաքացիական հասարակության ցանկությունն է, ուստի քաղաքական ուժերը պետք է կազմակերպեն հանդիպում հասարակության հետ: ՀՀ նախագահն արդեն հանդիպել է բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ակտիվ քննարկումներ կազմակերպել քաղաքական գործիչների հետ, լսել բոլորի առաջարկները, որպեսզի հաշվի առնվեն և պարզաբանվեն բոլոր բացթողումները՝ ուղղված նախագծի բարելավմանը:
- Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք, իրար հերթ չտալով, հնչեցնում էին որոշ հարցեր: Ըստ Ձեզ` դրանք որքանո՞վ էին առնչվում նոր սահմանադրության նախագծին:
- Անշուշտ, փորձեր արվեցին երկխոսությունը տեղափոխել քաղաքական դաշտ, հնչեցին հարցեր, որոնք ավելի շատ քաղաքական բնույթի էին, սակայն ողջունելի էր, որ Վենետիկի հանձնաժողովի անդամները առանց ազդեցության տակ հայտնվելու հստակ արտահայտում էին իրենց դիրքորոշումն ու տեսակետը և պարբերաբար հիշեցնում, որ այս հարթակը քաղաքական բանավեճի վերածել պետք չէ: Բնականաբար, հանձնաժողովի դիտարկումները մասնագիտական էին, և շատերի փորձը ամեն կերպ շեղել հանձնաժողովի անդամներին և ստանալ քաղաքական գնահատականներ, ձախողվեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk