ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՍԵՐԲԻԱՅԻ ԴԵՄ ԽԱՂԻՑ
Արխիվ 12-16ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՍԵՐԲԻԱՅԻ ԴԵՄ ԽԱՂԻՑ
Նախօրեին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրապարակեց թիմի կազմը` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կայանալիք հավաքի համար: Հավաքը նախապատրաստական է Սերբիայի (սեպտեմբերի 4-ին) եւ Դանիայի (սեպտեմբերի 7-ին) հավաքականների դեմ` Եվրո-2016-ի ընտրական հանդիպումներից առաջ:
Նախ նկատենք, որ դարպասապահի խնդիրը դեռ լուծում չէ, ուստի պաշտպանները պետք է կրկնապատկեն ուժերը: Այս առումով՝ Գաել Անդոնյանից սպասումները շատ են: Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող հայ պաշտպանը հասցրել է համոզիչ խաղ ցուցադրել, եւ Անդոնյանի տեխնիկական պատրաստվածությունն ու ամուր խաղն այս պահին թիմին խիստ անհրաժեշտ են:
Իսկ հարձակման գծում հույսը դարձյալ Մովսիսյանի եւ իհարկե Մխիթարյանի վրա է: Այս պահին Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ խաղ է ցուցադրում Բունդեսլիգայում, ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրներ կիսապաշտպանը չունի: Սովորաբար լավ մարզավիճակում լինելու դեպքում Մխիթարյանը իր վրա է վերցնում խաղն ու հայտնվում գրոհների «առաջին գծում», եւ այստեղ Մխիթարյանին կարող է օգնել նաեւ Ռուսլան Կորյանը, ով ըստ երեւույթին կստանա խաղաժամանակ: Ի դեպ, երիտասարդ ֆուտբոլիստը «Լուչ-Էներգիայի» կազմում հաճախ է աչքի ընկնում գեղեցիկ գոլերով:
Ինչ վերաբերում է մեր մյուս առաջատարներին, ապա նշենք, որ Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Ամկար»-«Սպարտակ» հանդիպումը փաստորեն թույլ տվեց տեսնել խաղադաշտում Հայատանի հավաքականի միանգամից երեք ֆուտբոլիստի: Ելնելով խաղի ընթացքից եւ խաղադաշտում հայ ֆուտբոլիստների գործողություններից՝ կարելի է փաստել, որ միայն Յուրա Մովսիսյանն է գտնվում լավ մարզավիճակում: Այսպես, խաղադաշտում անցկացնելով 60 րոպե՝ Մովսիսյանը դարձավ մեկ գոլի հեղինակ: Սակայն մտահոգիչ է, որ նա լքեց խաղադաշտը՝ կողոսկրի շրջանում ցավեր ունենալու պատճառով: Բարեբախտաբար, Մովսիսյանին հաջողվել է դուրս գալ իրավիճակից առանց վնասվածքի, ինչը Սերբիայի եւ Դանիայի ընտրանիների դեմ խաղերից առաջ լուրջ խնդիրներ կստեղծեր հավաքականի համար:
Ինչ վերաբերում է Արաս Օզբիլիսին, ապա վերջինս խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 73-րդ րոպեին եւ ցույց տվեց միայն, որ նրա լավ մարզավիճակի մասին վաղ է խոսել: Իսկ Ռոբերտ Արզումանյանը «Ամկարի» մեկնարկային կազմում էր եւ խաղաց 75 րոպե, սակայն վստահ եւ հուսալի խաղ հայ պաշտպանը չցուցադրեց:
Ինչեւէ՝ Հայաստանի հավաքականը, թեեւ որոշ խնդիրներ ունի, սակայն ոչ շատ էական: Իսկ Մխիթարյանի փայլուն մարզավիճակն ու Մովսիսյանի վերագտած գոլային հոտառությունը Սերբիայի ընտրանու հետ հաջող խաղի հույսեր տալիս է:
Հիշեցնենք, որ մեր հավաքականը Սերբիա կմեկնի սեպտեմբերի 3-ին: Սերբիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝