«ՀԱՅՖԻԼՄԸ» ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16«ՀԱՅՖԻԼՄԸ» ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
2005 թվականին Երեւանի Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան 350 մլն դրամով վաճառվեց Ջերարդ Գաֆեսճյանին եւ Բագրատ Սարգսյանին: Կինոստուդիայի նոր սեփականատերերը նպատակ ունեին ներդրումների հաշվին զինել ու վերագործարկել «Հայֆիլմը», գործընթացը սկսեցին, սակայն թողեցին կիսատ:
Արդեն տեւական ժամանակ է, ինչ գործընթաց է սկսվել կինոստուդիան ՀՀ կառավարությանը վերադարձնելու համար: Ընդ որում, այսօր «Հայֆիլմը» գնահատվում է 3 միլիարդ դրամից ավելի: Կինոստուդիայի վերադարձման որոշումը կամրագրվի ՀՀ կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ:
«Իրավունքը» զրուցեց կինոոլորտի ներկայացուցիչների հետ եւ փորձեց պարզել նրանց կարծիքը` «Հայֆիլմի» վերադարձման գործընթացի, ինչպես նաեւ` այդ գործընթացն ինչպես կնպաստի ՀՀ-ում կինոարտադրության զարգացմանը:
«ՍԱ ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ Է...»
Ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ.
- «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձը պետությանը պայմանավորված է նրանով, որ այն, ինչ խոստացել էին անել կինոստուդիայի ներկայիս տերերը` չեն իրականացրել: Այս առումով` «Հայֆիլմը» վերադարձնելու, ՀՀ կառավարության ձեռնարկած քայլը դրական է: Սա միայն առաջին քայլն է, որից հետո էլ կորոշվի, թե ինչ ճանապարհներով պետք է կենդանություն ստանա կինոստուդիան: Միայն հետագան ցույց կտա, թե ինչպես կօգտագործվի «Հայֆիլմ» կինոստուդիան:
ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՓԱՅԼՈՒՆ Է»
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ.
- Կառավարության քայլը շատ ճիշտ է, կարծում եմ` նման ստրատեգիկ նշանակության կենտրոնը պետք է լինի ոչ թե անհատների, այլ պետության ձեռքում: Կինոստուդիան պետությանը վերադարձնելուց հետո կինոարտադրության զարգացումը կապված կլինի միայն ֆինանսական միջոցներից: «Հայֆիլմի» վերադարձի գաղափարը փայլուն է, պարզապես հետագայում կինոինդուստրիան իր բոլոր փուլերով կպահանջի ներդրումներ` սկսած սցենարից մինչեւ պրոֆեսիոնալ մոնտաժ: Այսօր կադրերի պակաս կա, եթե զարկ տրվի կինոյի բոլոր ոլորտներին, ապա, ըստ ինձ, կարտադրվեն բարձր մակարդակի ֆիլմեր:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk