ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Արխիվ 12-16ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
«Իրավունքի» նախորդ համարներում անդրադարձել էինք Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի վիճակին, որ 5 տարի շենքը վթարային է` ներկայացումները բեմադրվում են շենքում, իսկ խաղացվում` այլ թատրոնների բեմերում. վթարային շենքում հանդիսատես հրավիրել չի թույլատրվում: Հայաստանից դուրս միակ պետական հայկական թատրոնն արդեն 5 տարի աջակցություն ստանում է միայն խոստումների ձեւաչափով. ո՛չ հայկական, ո՛չ վրացական կողմը խնդրին հետամուտ չեն, բայց սա չի խանգարում թբիլիսահայ դերասաններին պահպանել միակ հայկական թատրոնն ու մնալ հայ թատրոնների շարքում իր ուրույն ձեռագիրն ունեցող մշակութային կենտրոն:
Այս մասին «Իրավունքին» տեղեկացրել էր թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանը, ով Գյումրի է ժամանել հայ-վրացական հաստատված թատերական բարեկամության արդյունքում ծնված «Գամարջոբա մամա» ներկայացման համար: Հանդիպման ժամանակ Ս. Սաֆարյանն անդրադառնալով հարազատ թատրոնի վթարային շենքի վիճակին, տեղեկացրեց. «Շենքը գտնվում է անմխիթար վիճակում, բեմը պիտանի չէ շահագործման` հատակի պատճառով: Ինչպես նաեւ վնասված է ամբողջ կտուրը, անձրեւոտ եղանակներին հնարավոր չէ աշխատել` կաթոցների պատճառով»:
Այս հարցի շուրջ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ի՞նչ միջոցներ է ձեռք առնում թատրոնի վիճակը բարելավելու եւ Թբիլիսիում միակ հայկական թատրոնը չկորցնելու ուղղությամբ, «Իրավունքը» հետեւյալ հարցադրմամդ դիմել էր նախարարությանը եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման` հայտնում ենք, որ 2010 թվականից, երբ թատրոնի շենքը վերջնականապես հայտնվեց անմխիթար վիճակում եւ զրկվեց լիարժեք գործելու հնարավորությունից, ՀՀ մշակույթի նախարարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում վերջինիս հետ կապված գործընթացները: 2010-2014թթ. հարցը քննարկվել է երկու երկրների նախագահների ու վարչապետների, ինչպես նաեւ մշակույթի նախարարների մակարդակով եւ առաջարկվել են լուծումներ: Դեռեւս 2010թ. թատրոնի տնօրինությունը պատվիրել է շենքի սեյսմակայունության ստուգումներ, ինչպես նաեւ կատարել է թատրոնի ամրակայման եւ ինժեներական վերազինման նախագծանախահաշվարկային աշխատանքներ, որոնք 2010թ. դեկտեմբերին ներկայացվել են Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարություն` հետագա գործընթացները կանոնակարգելու համար: 2013թ. մարտին եւ 2014թ. մայիսին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը քննարկել է թատրոնի խնդիրը Վրաստանի մշակույթի նախարար Մ. Օդիշարիայի եւ թատրոնի տնօրինության հետ: 2014թ. նոյեմբերին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարն այցելել է թատրոն եւ կարեւորել թատրոնի շուտափույթ վերականգնումը: Վրաստանի խորհրդարանում` խորհրդարանական լսումների ընթացքում 2015թ. բյուջեն ներկայացնելու ժամանակ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը նշել է, որ գալիք տարում վերանորոգվելու է երկու թատրոն եւ հատուկ նշել է, որ թատրոններից մեկը հայկական թատրոնն է:
Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարի` ս. թ. հուլիսի 10-14-ը Հայաստան այցի ընթացքում, որը մեկտեղվեց նաեւ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015թ.» կայուն զարգացման օրակարգում» միջազգային կոնֆերանսին մասնակցությանը` ս. թ. հուլիսի 12-ին կայացավ ՀՀ մշակույթի նախարարի եւ Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարարի հանդիպումը: Քննարկվող հարցերի թվում էր նաեւ թատրոնի շենքի վերանորոգման հարցը: Վրաստանի մշակույթի նախարարը վերահաստատեց այն փաստը, որ թատրոնի վերանորոգումն ընդգրկված է 2015թ. միջոցառումների ցանկում: Ներկայում աշխատանքներ են իրականացվում թատրոնի ամրակայումն իրականացնելու ուղղությամբ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk