ԻՆՉ ԿԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Արխիվ 12-16ԻՆՉ ԿԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Մինչ տպագիր մամուլն օգոստոսին հանգստանում էր, կառավարությունը շարունակում էր բնականոն աշխատանքը: Գործադիրի նիստերում քննարկվել են երկրի տնտեսական կյանքին, սոցիալական եւ այլ ոլորտներին առնչվող բազմաբնույթ հարցեր, որոնք, հնարավոր է, դուրս են մնացել հանգստացող լրատվամիջոցների ուշադրությունից: Բացը լրացնելու նպատակով ներկայացնում ենք կառավարության նիստերի օգոստոսյան խճանկարը:
Ընդլայնվում է սահմանամերձ բնակավայրերի արտոնություններից օգտվողների ցանկը
ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ է ներառել Արարատի մարզի «Պարույր Սեւակ» համայնքը: Քանի որ այս համայնքն ունի մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ, այնտեղ տնտեսական գործունեությունը նույնպես կիրականացվի արտոնյալ պայմաններով:
ՀՀ կառավարության նիստի օրակարգի հարցերից 10-ը վերաբերում էր համայնքային խնդիրների լուծմանը: Համապատասխան ֆինանսական միջոցներ են հատկացվել Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի մարզերի դպրոցների եւ մարզասրահների, քաղաքային այգիների եւ փողոցների նորոգմանն ու բարեկարգմանը: Հաջորդ որոշումներով գումար է հատկացվել Հ-73-Մ-4-Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի եւ կամրջի, ինչպես նաեւ տնտեսված գումարի վերաբաշխման միջոցով` Արտաշատ քաղաքի կենտրոնական մուտքի հիմնանորոգման նպատակով:
Վարչապետը կարեւորել է սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, կազմակերպված եւ տոնական տրամադրությամբ դիմավորելու անհրաժեշտությունը: «Առաջին դասարանցիների համար այն դպրոցի հետ առաջին շփման օրն է, որը պետք է լինի կյանքի ամենավառ եւ հիշարժան պահերից մեկը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին, մարզպետարաններին եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նոր ուսումնական տարվան պատշաճ նախապատրաստվելու համար:
Արդար եւ կարեւոր որոշումներ
ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2015թ. տեղի ունեցած ուժեղ քամուց վնասված բազմաբնակարան երկու շենքի տանիքների նորոգման նպատակով Գեղարքունիքի մարզպետարանին է հատկացրել մոտ 50 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ մոտ 5 մլն դրամ է հատկացվել Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու եւ բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար:
Կրթական օբյեկտների հիմնանորոգման ծրագրի իրականացման ընթացքում տնտեսված մոտ 63 մլն գումարը տրամադրվել է Աբովյան քաղաքի N2 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքի կատարմանը:
Գյումրի քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով Շիրակի մարզպետարանին հատկացված 1.5 մլրդ դրամից ծախսվել է մոտ 93 տոկոսը: Չօգտագործված միջոցներից մոտ 61 մլն դրամը կառավարության որոշմամբ ուղղվել է Շիրակի մարզում բնակվող բազմազավակ (9 եւ ավելի երեխա ունեցող) ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը` այդ ընտանիքներին բնակարանի գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը կարգավորել է Գյումրու Մուշ-2 եւ Անի թաղամասերում 2012թ. պետական աջակցությամբ կառուցված շենքերից բնակարան ստացած եւ բնակարան ստանալուց հետո մահացած անձանց հատկացված բնակարանների նկատմամբ իրավահաջորդության հետ կապված հարցերը: «Արդար եւ կարեւոր որոշումներ են»,- ասել է վարչապետը: Նիստում լուծվել է նաեւ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբին երաժշտական գործիքներով ապահովելու հարցը, այդ նպատակով Շիրակի մարզպետարանին հատկացվել է 5 մլն դրամ: Օրերս Գյումրի այցի ժամանակ այդ խնդրանքով վարչապետին էին դիմել նվագախմբի անդամները:
Կանոնակարգվում է օդային փոխադրումների ոլորտը
ՀՀ կառավարությունն ստեղծել է կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների հավաստագրման հայտերի քննարկման հարցերի խորհուրդ, հաստատել դրա անհատական կազմը եւ աշխատակարգը: Դրանով իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասությունները համապատասխանեցվել են «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Հաջորդ որոշմամբ հաստատվել է կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման կարգը: Իր նախկին որոշումներից երկուսի փոփոխությամբ գործադիրը սահմանել է, որ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն` երկրում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության տեխնիկական լիազորված մարմինը` ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Ամփոփելով «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքից բխող որոշումների քննարկումը` վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է լիազորությունների տարանջատումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջեւ: Այսպիսով, ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ կարգավորվում է այս ոլորտն ամբողջությամբ:
Երկրում կստեղծվի տեխնոլոգիական կենտրոնների ցանց
2014թ. գործարկված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի օրինակով այժմ իրականացվում է Վանաձոր քաղաքի համանման կենտրոնի հիմնման ծրագիրը: Այլ մարզերում եւս նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ եւ ձեւավորել դրանց միասնական ցանց: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) ճանաչվել է Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ծրագրերի իրականացման գլխավոր օպերատոր: Գյումրու կենտրոնում գործում է 13 տեղական եւ միջազգային տեխնոլոգիական կազմակերպություն: Կառավարության որոշմամբ լրացում է կատարվել նախկին որոշումներից մեկում, ինչը ՁԻՀ-ին հնարավորություն կտա կենտրոնում տեղադրված կազմակերպություններին տարածք տրամադրել վարձակալության իրավունքով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ս.թ. օգոստոսի 1-ին Գյումրի կատարած այցի ընթացքում արծարծված` քաղաքի Հայորդաց տունն անհրաժեշտ գույքով ապահովելու նպատակով կառավարությունը «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին հատկացրել է 4 մլն 800 հազար ՀՀ դրամ:
Երբ ամենաթանկ կապիտալը առողջությունն է
Գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում եւ 2015թ. պետբյուջեում: Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց եւ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաեւ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացի մինչեւ 2015թ. տարեվերջ լիարժեք կազմակերպումը եւ ֆինանսավորումը: Վարչապետի դիտարկմամբ` կառավարությունը փաստորեն կրկնապատկում է սրտի անհետաձգելի վիրահատության համար նախատեսված ֆինանսական հատկացումը` ավելի վաղ տրամադրած 500 մլն ՀՀ դրամին ավելացնելով եւս 500 մլն ՀՀ դրամ:
350 մլն դրամ է նախատեսվել զինծառայողներին, ինչպես նաեւ փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ մատուցելու, 50 մլն դրամ` բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին օգնելու, 100 մլն դրամ` դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար:
Նոր մակարդակի կհասցվեն Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները
ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ մի քանի օր առաջ հերթական փաստաթուղթն է ստորագրվել, ինչը նշանակում է, որ գործընթացն սկսվել է: «Համոզված եմ, որ Իրանի հետ համագործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում, կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին:
Ողջունելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունն ու կարեւորելով կողմերի` Իրանի եւ միջազգային միջնորդների կառուցողական ջանքերը գործընթացում փոխընդունելի լուծումների հասնելու գործում` պետք է արձանագրել, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հասնելու հարցում կարեւոր քայլ է կատարվել: Իրանը Հայաստանի համար կարեւոր եւ հուսալի երկիր է, իսկ մեր ժողովուրդների հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ես լիահույս եմ, որ Հայաստանի ու Իրանի համար տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ճանապարհին նոր հեռանկարներ են ուրվագծվել, եւ մենք ջանք չենք խնայելու իրացնելու բոլոր հնարավորությունները»,- ասել է վարչապետը:
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ եւ Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով: ՀՀ կառավարության աշխատակազմին հանձնարարվել է նշված կազմակերպության հետ կնքել պետության կարիքների համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման պայմանագիր` մինչեւ տվյալ գնումը կատարելու ֆինանսական միջոցների հատկացումը: Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Այս խորհրդատվության արդյունքներով հանրությունը կստանա իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ, նաեւ մենք` կառավարությունը: «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է, եւ կարծում եմ, որ նրանց եզրակացությունից հետո մենք առաջ գնալու հիմքեր կունենանք»:
Վերարժեւորվում է Ոսկան Երեւանցու դերը հայ մշակույթի մեջ
Կառավարությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության` «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով` նվիրված Ոսկան Երեւանցու 400-ամյակին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը: 2012թ. ապրիլին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում սկսվեցին հայկական տպագության 400-ամյակին նվիրված միջոցառումները: Դրանց շարքում են նաեւ հայ նշանավոր տպագրիչ-հրատարակիչ Ոսկան Երեւանցու (1614-1674 թթ.) ծննդյան 400-ամյակի միջոցառումները, որոնք հնարավորություն կտան առավել ընդգրկուն ներկայացնելու Ոսկան Երեւանցու տպագրական ժառանգությունը եւ գնահատելու հայ գրատպության մեծ երախտավորի վաստակն ու մատուցած ծառայությունը հայ ժողովրդին: Պատահական չէ, որ Ոսկան Երեւանցու 400-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թթ. նշանակալից իրադարձությունների օրացույցում: Ծրագրով նախատեսվում է Ոսկանյան գրքերի հատուկ ցուցադրություն, որի ժամանակ այցելուները հնարավորություն կունենան տեսնել ինչպես Մատենադարանի, այնպես էլ Հայաստանի ու արտերկրի մի շարք գրադարաններում ու թանգարաններում պահվող Ոսկանյան հրատարակությունները: Տեղի կունենա նաեւ «Ոսկան Երեւանցի. ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» երկօրյա սեմինար:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
