«ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԺԱՄԵՐԸ ՊԱՏՇԱՃ ՉԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ, ԵՎ ՍԱ ԽՆԴԻՐ Է ՀԱՏԿԱՊԵՍ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ»
Արխիվ 12-16«ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԺԱՄԵՐԸ ՊԱՏՇԱՃ ՉԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ, ԵՎ ՍԱ ԽՆԴԻՐ Է ՀԱՏԿԱՊԵՍ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ»
Հաշված օրեր են մնացել նոր ուսումնական տարվա մեկնարկին, ինչի առթիվ օրերս «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալեց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Մեր հյուրը մեկ ժամվա ընթացքում սիրով պատասխանեց մեր ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեսյբուքյան օգտատերերի հարցերին, որոնք ներկայացնում ենք ստորեւ.
«ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ , ԹԵ 6 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑՈՒ ԱՌՋԵՎ Ի ՀԱՅՏ ԵԿՈՂ «ԽՆԴԻՐՆԵՐԸ», ՉՈՒՆԵՆՔ»
- Հաճախ ենք հանդիպում ծնողների միեւնույն մտահոգությանը, որ 6 տարեկան երեխան չի կարող հաղթահարել առաջին դասարանցու առջեւ ի հայտ եկող «խնդիրները», թեեւ փորձը ցույց է տալիս, որ փոքր տարիքում երեխան ավելի շուտ է սովորում ու մտապահում: Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին, ինչպե՞ս կարելի է փարատել կասկածները: (ՄԱՐԻԱՄ ՄՈՒՇԵՂՅԱՆ, ք. Երեւան)
- 2006 թվականից դպրոցներում կատարվում է 6 տարեկան երեխաների ընդունելություն եւ նույնիսկ հակառակ պնդումներն ունենք, որ 5-5,5 տարեկան երեխաների ծնողները բերում են երեխաներին եւ ցանկանում են տանել առաջին դասարան` ասելով, որ իրենց երեխան պատրաստ է: Այնպես որ, դժգոհություն , թե 6 տարեկանում երեխան չի հաղթահարել առաջին դասարանցու առջեւ ի հայտ եկող «խնդիրները», չունենք: Բայց նույնիսկ առաջին դասարանում, եթե ծնողը տեսնում է, որ իր երեխան դեռեւս կարիք ունի այդ խնդիրները հաղթահարելու, կարող է դիմել, որպեսզի իր երեխան կրկնի կուրսը, թեպետ այսպիսի խնդիրներ դեռեւս չունենք:
- Հանրակրթական դպրոցներում ինքնավարությունն ապահովելու նպատակով ձեւավորվում են կառավարման, աշակերտական, ծնողական, մանկավարժական խորհուրդներ: Ի՞նչ եք կարծում, այս խորհուրդներն այսօր լիարժե՞ք են գործում: (ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ, ք. Երեւան)
- Դպրոցներ կան, որտեղ լիարժեք են գործում: Պետք է ակտիվացնել աշակերտական խորհուրդների աշխատանքը, իսկ մանկավարժական խորհուրդները գործում են ու պետք է գործեն, որովհետեւ իրենք հատուկ գործառույթ ունեն եւ նախատեսված են դպրոցի կանոնադրությամբ: Իհարկե, նաեւ աշակերտական խորհուրդներն ունեն իրենց գործառույթները, սակայն այդ կախված է տվյալ դպրոցից, թե ինչպես են կազմակերպում համապատասխան աշխատանքները: Դրանք կարեւոր գործառույթներ իրականացնող խորհուրդներ են եւ որքան ակտիվ լինեն, այնքան դպրոցը, ինչպես նաեւ աշակերտները, դրանից կշահեն: Այնպես որ, եթե դպրոցում ինչ-որ մի բան թերի է, թերի է նաեւ այս գործը: Իսկ եթե դպրոցն ակտիվ է, շատ լավ միջոցառումների կազմակերպիչ է եւ լավ մանկավարժական եւ տնօրինության ձեռքում է կրթական օջախը, ապա այդ խորհուրդները նույնպես բարձր մակարդակով աշխատում են:
ԿԱ՞ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ DASARAN.AM-ՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
- Dasaran.am-ը` որպես մանկավարժական աշխատանքային գործիք, որքանո՞վ են այն այսօր յուրացրել աշակերտներն ու ուսուցիչները: (ԱՐՄԻՆԵ, ք. Երեւան)
-Առաջին տարներին, երբ սկսեցինք աշխատել dasaran.am-ի հետ, բավականին դժվարություններ եղավ, բայց դրանից հետո` այս վերջին երկու տարում, ոչ մի խնդիր չի եղել: Այսօր վերոնշյալ կայքի հետ դպրոցներն աշխատում են եւ նույնիսկ բազմաբովանդակ մրցույթներ են տարվա ընթացքում կազմակերպվում, պարգեւատրվում, խրախուսվում են լավագույն դպրոցի աշխատանքները: Մենք նույնպես աշխատում ենք նրանց հետ եւ եթե որեւէ դժվարություն, այնուամենայնիվ, առաջանում է, ապա հնարավորինս կարգավորում են այն:
- Ինձ հետաքրքիր է` կա՞ վերահսկողություն dasaran.am-ում աշակերտների գործողությունների, որպեսզի այն չվերածվի այլ սոցցանցի: (ՀԱՍՄԻԿ, ք. Մարտունի)
- Dasaran.am-ի հետ ունենք հուշագիր եւ այդ հուշագրի շրջանակներում դպրոցները աշխատում են: Աշակերտների էլեկտրոնային մատյաններում գրանցվում է հաճախումները եւ գնահատականները, որից տեղեկանում են ծնողները եւ, բացի այդ, այս կայքի հետ տարբեր միջոցառումներ ենք անում` գեղագիտական, մշակութային մրցույթներ, որին շատ ակտիվ մասնակցում են դպրոցները: Որեւէ խնդիր այսօր կայքի հետ չի ծագել:
«ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՍՏԻՔ ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ»
- Չե՞ք կարծում, որ ֆիզկուլտուրայի դասերը ենթակա են վերանայման, որովհետեւ կան դպրոցներ, որոնք կա՛մ համապատասխան դահլիճներ չունեն, կա՛մ ուսուցիչներ: (ՏԻԿԻՆ ԳՈՀԱՐ, ք. Երեւան)
- Իսկապես, կա այդ խնդիրը: Դպրոցներ կան, որոնք դահլիճներ չունեն, դպրոցներ էլ կան, որոնք նույնպես ֆիզկուլտուրայի ժամերը պատշաճ չեն կազմակերպում եւ սա խնդիր է հատկապես ավագ դպրոցում: Այժմ ֆիզկուլտուրայի ժամերի հետ կապված հատուկ հսկողություն ենք փորձում սահմանել, որպեսզի այդ ժամերը լավ կազմակերպեն: Իսկ այն դպրոցները, որոնք դահլիճներ չունեն, փորձում ենք առաջարկել օգտագործեն իրենց հարակից տարածքը, գոնե այն ժամանակ, երբ եղանակային պայմանները տալիս են այդ հնարավորությունը:
-Ի՞նչ չափանիշներով ու ի՞նչ ժամկետներում են իրականացվում ուսուցիչների վերապատրաստումը: (ՄԵՐԻ, ք. Երեւան)
- Ընդհանրապես, ուսուցիչների վերապատրաստումները կատարվում են 5 տարին մեկ անգամ: Յուրաքանչրյուր տարի տվյալ դպրոցի ուսուցիչների 20 տոկոսը վերապատրաստվում են եւ ընդհանուր առմամբ շուրջ մեկ ուսումնական տարվա ընթացքում 40 հազար ուսուցչից շուրջ 7 հազարը վերապատրաստվում են: Իսկ 5 տարի հետո` նորից կրկնվում է այդ վերապատրաստումը:
- Գաղտնիք չէ, որ դպրոցներում հոգեբանների պակաս կա, հատկապես, որ նրանք իսկապես մասնագետներ լինեն: Այս պահին ինչպիսի՞ն է իրավիճակը եւ արդյո՞ք բոլոր դպրոցներն են ապահովված հոգեբաններով: (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Երեւան)
- Դպրոցներում հոգեբանի պարտադիր հաստիք մենք չունենք: Բայց, եթե դպրոցը ցանկանում է ունենալ հոգեբան, ապա այդ հարցում ազատ է եւ իր բյուջեով կարող է ունենալ: Պարտադիր հոգեբաններ ունեն ներառական կրթություն իրականացնող դպրոցները, որոնք աշխատում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, եւ այդտեղ հոգեբանները պարտադիր հաստիքացուցակում են: Ընդհանրապես, ըստ իս, մեկ հոգեբանով, միեւնույնն է, հարցը չի լուծվում, գտնում եմ, որ ողջ մանկավարժական կոլեկտիվը պետք է հոգեբանական մոտեցում ցույց տա յուրաքանչյուր աշակերտի: Եթե երեխային սիրեն, հասկանան, խրախուսեն, գնահատեն, կարծում եմ` սա կլինի լավագույն հոգեբանությունը: Մենք ունենք դասղեկներ, մանկավարժներ, որոնց հետ աշակերտները շատ լավ կիսվում են եւ հոգեբանական բազում խնդիրներ է լուծվում: Չէ որ ուսուցիչը պետք է լինի նաեւ հոգեբան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք այստեղ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk