«ՀԱՅԱՍԻ»-Ն` ՏՄՊՊՀ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍԻ»-Ն` ՏՄՊՊՀ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«Իրավունք»-ն ընթերցողներին ներկայացրել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերության հաշվապահի հետ զրույցը:
Հիշեցնենք` ընկերության հաշվապահը` Վարդուհին, կարելի էր ասել, գրեթե սպառնում էր տողերիս հեղինակին, ով ընդամենը ցանկանում էր տեղեկանալ` ընկերությունը վիսկի արտադրում է, թե ոչ: Եթե այո, ապա ո՞ր իրավունքով: Եթե ոչ, ինչու է ընկերությունը դատական քաշքշուկների կենտրոնում հայտնվել: Տեղեկացնենք նաեւ, որ ըստ տարածված տեղեկատվության` «Շոտլանդական վիսկի ընկերությունն ընդդեմ «Հայասի» ընկերության» գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին։ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի, շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում։
«Իրավունք»-ը ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից պարզեց` հանձնաժողովը մամուլի հրապարակումների հիման վրա արդյոք ուսումնասիրություն կսկսի` պարզելու` «Հայասի»-ն մոլորեցնո՞ւմ է սպառողներին, թե ոչ վիսկիի արտադրությամբ: «Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը մամուլի հրապարակումների հիման վրա կուսումնասիրի «Հայասի» ընկերության գործը` շոտլանդական վիսկի արտադրելու հետ կապված»,- տեղեկացրեց մամլո խոսնակը:
Հ.Գ. Փաստորեն, դատական գործընթացին զուգահեռ հուսով ենք Արտակ Շաբոյանի գլխավորած կառույցը եւս ձեռքերը ծալած չի նստի: Եթե հաշվի առնենք, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը դեմ է սահմանադրական բարեփոխումներին եւ չի բացառվում` միանա «Ոչ»-ի շարժմանը, կարելի է ենթադրել` ՏՄՊՊՀ-ի ստուգումը ինչ-որ չափով քաղաքական երանգավորում եւս կունենա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk