ՈՂԲԱՄ ՁԵԶ. «ՀԱՅԱՍԻ»-Ի ՀԱՇՎԱՊԱՀԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԻՆ
Արխիվ 12-16ՈՂԲԱՄ ՁԵԶ. «ՀԱՅԱՍԻ»-Ի ՀԱՇՎԱՊԱՀԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է
ԼՐԱԳՐՈՂԻՆ
Ինչպես հայտնի է, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գրուպ ընկերությունը հայտնվել է դատական քաշքշուկների կենտրոնում: Ըստ մամուլի հրապարակումների` «Շոտլանդական վիսկի ընկերությունն ընդդեմ «Հայասի» ընկերության» գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին։ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի, շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում:
«Իրավունք»-ը երեկ փորձեց կապ հաստատել ընկերության տնօրեն Մուրադ Մուրադյանի հետ, սակայն ապարդյուն: Այն աշխատակիցները, որոնց հետ հաջողվեց մեզ կապ հաստատել, ամեն գնով փորձում էին զերծ պահել, կես կատակ կես լուրջ փափուկ բարձի մեջ պահել «Հայասի»-ի տնօրեն Մուրադ Մուրադյանին: Ի վերջո, տարբեր անձանց հեռախոսահամարներ փոխանցելով «Իրավունք»-ի թղթակցին, կապ հաստատեցինք «Հայասի» ընկերության հաշվապահ Վարդուհու հետ` հստակեցնելու «Հայասի» ընկերությանը վիսկի արտադրում է, թե՞ ոչ: Եթե այո, ո՞ր իրավունքով: Եթե ոչ` ինչո՞ւ է հայտնվել դատական քաշքշուկների կենտրոնում: Հաշվապահը, սակայն, սկսեց լրատվամիջոցի հետ «բազար» անել` առաջարկելով հարցերն ուղղել գրավոր: Հստակեցրինք` հարցազրույց չենք ցանկանում, այլ ընդամենը պարզաբանում: «Հարցերը պաշտոնական ուղարկեք մեր մեյլին, մենք Ձեզ պաշտոնական կպատասխանենք երեք օրվա ընթացքում: Ես իրավասու չեմ Ձեզ պատասխանել»,- առեւտուրը սկսեց աշխատակիցը:
- Մենք ընդամենը ցանկանում ենք բանավոր տեղեկանալ` «Հայասի»-ն վիսկի արտադրում է, թե ոչ:
- Ձեր հետ բանավոր ասածը դուք անմիջապես գրում եք:
- Հիմա չե՞ք ասի, «Հայասի»-ն վիսկի արտադրում է, թե ոչ:
- Ոչ, չեմ ասի:
- Տեղյակ եք, թե՞ տեղյակ չեք Ձեր ընկերությունը վիսկի արտադրում է, թե ոչ:
- Ես ամեն ինչից տեղյակ եմ,բայց ես իրավասու չեմ պատասխանել:
- Իսկ ո՞վ է իրավասու:
- Գրավոր գրեք, կամ եկեք հանդիպման:
- Այդ դեպքում մենք կգրենք այն, ինչ գիտենք:
- Գրեք, ինչ ուզում եք, բայց հղում չանեք իմ անվան վրա: Եթե հղում արեցիք իմ անվան վրա, վատ կլինի: Կլինի այդպե՞ս:
- Ոչ, չի լինի, որովհետեւ մենք պաշտոնապես ներկայացանք եւ ընդամենը ցանկանում ենք մեկ պարզաբանում ստանալ:
- Բայց Դուք հեռախոսով եք խոսում, իսկ ես հեռախոսով ոչ մի հարցի չեմ պատասխանում:
- Ի՞ նչն է պատճառը, ընդամենը ցանկանում ենք փոքրիկ պարզաբանում:
- Բայց ինչու պետք է ես ձեզ պատասխանեմ:
- Որովհետեւ Ձեր հեռախոսահամարն են տվել, դրա համար ենք զանգահարել:
- Հա, ոչինչ, որ տվել են: Դե մեկի համարը պետք է տան, թե ոչ: Ես Ձեզ խնդրում եմ գրավոր գրեք: Հաջողություն Ձեզ:
Հ.Գ. «Հայասի»-ի հաշվապահին ցանկանում ենք հիշեցնել` լրագրողին «հաթաթա» տալուց առաջ հիշեք եւ մտահոգվեք ձեր ընկերության վիճակի մասին թե՛ ֆինանսական, թե իրավական առումով: Այնպես որ, եթե այսպես շարունակվի, ավելի վատ կլինի ձեր ընկերության համար: Երկրորդ` չորրորդ իշխանությանը սպառնալն ուղղակի ծիծաղելի է եւ նույնիսկ անհարգալից: Խորենացին կասեր` «ողբամ ձեզ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk