ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ «ԾԽԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐՈՎ
Արխիվ 12-16ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ «ԾԽԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐՈՎ
«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունն առաջին անգամ Հայաստանում կիրականացնի «Green Hotels» (Կանաչ հյուրանոցներ) ծրագիրը, որի շրջանակում հյուրանոցային համալիրներին կշնորհվեն վկայականներ: Վկայականները կստանան այն հյուրանոցային համալիրները, որոնք խնամքով են վերաբերվում շրջակա միջավայրին և նպաստում էկոլոգիայի զարգացմանը. խնայում են ջուրը, էլեկտրաէներգիան կան թափոնների համար նախատեսված աղբավայր: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք համառոտ ներկայացրեցին կազմակերպության գործունեության չորս ճյուղերը, իրականացրած և ընթացիկ ծրագրերը:
Խոսելով «Green Hotels» (Կանաչ հյուրանոցներ) ծրագրի մասին՝ «Եվրասիա միջազգային էկոլոգիական ծրագրերի» տնօրեն ԱՐՄԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ասաց. «Ծրագրի նպատակն է շնորհել վկայական բոլոր այն հյուրանոցներին, որոնք հոգ են տանում արտաքին միջավայրի մասին` հետևելով էկոլոգիական նորմերին: Դառնալով Եվրասիա Միջազգային Էկոլոգիական Ծրագրերի անդամ` հյուրանոցը պարտավորվում է նաև իրականացնել որևէ էկոլոգիական ծրագիր Եվրասիա բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ»:
Ա. Նալբանդյանը նկատեց, որ Հայաստանում ծրագիրն առաջին անգամ է իրականացվում, և հյուրանոցային համալիրներից շատերը տեղյակ չեն ծրագրի մասին, իհարկե, հաճելի բացառություններ կան: «Վկայական ստանալու համար գործում են հատուկ չափորոշիչներ, որոնք ամեն տարի փոփոխվում են. նոր կետեր են ավելանում»,- բացատրեց բանախոսը՝ հավելելով, որ ծրագրի շնորհիվ մի շարք հյուրանոցային համալիրներում ավելացել են տարածքներ՝ «Ծխելն արգելվում է» ցուցանակներով և ոչ միայն:
«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ԼՅՈՒՍԻ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ էլ ասաց, որ մոտ ապագայում կազմակերպության անդամները ծրագրում են իրականացնել էկոլոգիային նվիրված մի շարք ծրագրեր. աղբահավաք Հրազդանի կիրճում, ջրագծերի վերանորոգում համայնքներում և այլն:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk