ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՄԵՐԳԸ
Արխիվ 12-16ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՄԵՐԳԸ
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետագա ճակատագիրը այսօր էլ շարունակում է անհանգստացնել բոլորին: Հատկապես շրջանառվող այն լուրը, թե համալիրի տարածքում գործելու են խաղատուն, սաունաներ... շատերի զայրույթի առիթ հանդիսացավ: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Մարզահամերգային համալիրի տնօրեն ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ վստահեցրեց, որ քանի նա այդ հաստատության տնօրենն է, նման բան չի սպառնա: Փոխարենը` տնօրենը ասաց, որ համալիրն իր բնականոն հունով աշխատում է ու ներկայացրեց մինչեւ տարվա վերջ համալիրում նախատեսված բազմաթիվ համերգային ծրագրերն ու միջոցառումները. «Նախ մարզահամերգային համալիրում ունենք սպորտային եւ համերագային միակ փակ դահլիճները եւ անշուշտ` պետք է փորձենք այն պահպանել: Դրան զուգահեռ փորձում եմ որոշ համերգներ կազմակերպել: Մինչեւ տարվա վերջ արդեն պլանավորված ունենք մի շարք համերգներ, սեպտեմբերին կանցկացվի «Երեւան Ջազ փառատոնը», որի շրջանակներում Հայաստան կգան ընդհանուր առմամբ 24 վոկալիստներ եւ երաժիշտներ, այդ թվում Մարիամ եւ Արմեն Մերաբովները: Կանցկացվի նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած պարի փառատոնը: Հոկտեմբերին համալիրում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 31-րդ ֆորումը, որի ժամանակ Հայաստան պիտի ժամանեն 80 երկրից: Ֆորումի շրջանակներում կլինի նաեւ Շառլ Ազնավուրի համերգը: Դրանից հետո ունենք ունենք Գրիգորի Լեպսի, Վալերի Լեոնտեւի համերգները: Նախատեսվում է նաեւ Ձախ Հարութ եւ ընկերներ համերգային ծրագիր: Կլինի նաեւ Հայաստանի պետական ջազ էստրադային նվագախմբի համերգը` դրսից ժամանած երգիչ- երգչուհիների մասնակցությամբ: Նաեւ արդեն ավանդական դարձած Եվգենի Պլյուշենկոյի «Սառցե շրջան»-ը: Մի քանիսն էլ դեռ բանակցային փուլում է: Այդ բոլոր նախագծերը կան եւ իրականություն կդառնան, որոնք ես անշուշտ զեկուցում եմ պլանավորված եւ ոչ մի խոչնդոտ չի առաջանում»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
