ԱՐՈՆՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿ
Արխիվ 12-16ԱՐՈՆՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿ
Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը այս օրերին մասնակցում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարին: Մեր շախմատիստի մրցակիցներն են` Մագնուս Կարլսենը, Վիշի Անանդը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Ինչ վերաբերում է աշխարհի գործող չեմպիոնին, ապա Մագնուս Կարլսենը երկրորդ տուրում իր առաջին միավորները վաստակեց այս մրցաշարում՝ առավելության հասնելով Կարաունայի նկատմամբ, ով դեռ միավոր չի վաստակել: Իսկ մրցաշարի առաջին տուրում Կարլսենը պարտություն էր կրել Թոփալովից:
Երրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի Անիշ Գիրիի հետ: Եթե այս մրցաշարում Արոնյանի մեկնարկը ենթադրի նմանօրինակ շարունակություն, ապա հայ գրոսմայստերը հնարավորություն կունենա բարելավել սեփական վարկանիշը: Ի դեպ, եթե հիշենք օգոստոսի սկզբին ՖԻԴԵ-ի հրապարակած շախմատիստների համաշխարհային դասակարգման հերթական աղյուսակը, ապա այստեղ տեղի ունեցած փոփոխություները վաղուց կանխատեսելի էին: Լեւոն Արոնյանը դուրս է մնացել լավագույն տասնյակից. հայ գրոսմայստերը 11-րդն է՝ 2765: Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2853, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը երկրորդն է՝ 2816: Նույնքան է նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովի վարկանիշը:
Սենթ Լուիսի գերհզոր մրցաշարից հետո Լեւոն Արոնյանը ուժերը պետք է կենտրոնացնի աշխարհի գավաթի խաղարկության վրա, որն անցկացվելու է Բաքվում: Շախմատի համաշխարհային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն ներկայացրել է աշխարհի խաղարկության վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ այս անչափ կարեւոր ստուգատեսում Հայաստանը բացի Լեւոն Արոնյանից, ներկայացնելու են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը կներկայացնեն ԱՄՆ-ն: Հայ մարզիկներն 1-ին մրցափուլում խաղալու են այսպես.
Լեւոն Արոնյան (2765)-Միքայել Վիդենկելլեր (Լյուքսեմբուրգ, 2453)
Գաբրիել Սարգսյան (2673)-Մատեուշ Բարտել (Լեհաստան, 2631)
Հրանտ Մելքումյան (2633)-Գատա Կամսկի (ԱՄՆ, 2670)
Սամվել Տեր-Սահակյան (2601)-Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան, 2719)
Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝