ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Արխիվ 12-16ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը երեկ կայացած ասուլիսի ժամանակ շտապեց ասել, որ չեն եկել հաշվիչով կամ մետրով չափելու, թե նոր սահմանադրության նախագիծը որքանով ավելի ժողովրդավար կդարձնի Հայաստանի Հանրապետությունը: Ավելին` Վենետիկի հանձնաժողովի անդամներից ՔԻՍՏՈՖ ԳՐԱԲԵՆՎԱՐԹԵՐԸ (Ավստրիա) շեշտեց, որ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը բոլորովին էլ «դոգմա» չէ. «Մեր կարծիքն իսկապես խորհրդատվական է, եւ մեր ձեռքերում չէ այն, թե ինչ է տեղի ունենում մեր կարծիքի հետ: Սա պարզապես պրակտիկ, կիրառական, լրացուցիչ տեղեկատվություն էր, եւ մեր առաջարկի իրականացումը երբեւէ 100 տոկոսանոց չէ»: Այնուամենայնիվ, եվրաիրավագետներն արդեն իսկ ունե՞ն որոշ երաշխիքներ, որ իրենց առաջարկները ընդունելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, ինչի մասին ընդգծեցին. «Մենք ունեցել ենք քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացրել ենք կոնկրետ առաջարկություններ եւ պատասխան ենք ստացել, որ մեր բարձրացրած կոնկրետ կետերը հաշվի են առնվելու: Եվ ելնելով այն խոսքերից, որոնք հնչեցվել են, վստահություն ունենք, որ նախագծում լինելու են էական փոփոխություններ»: Ի դեպ, որքան էլ Վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցիչները պնդեցին, թե չեն եկել իրենց կարծիքը մեր սահմանադրության վզին փաթաթելու, բայց, նաեւ իրենց պարտքը համարեցին հիշեցնել, որ ժամանակին Ղրղզստանի նոր սահամանադրության նախագծին բացասական եզրակացություն են տվել, եւ արդյունքում այն քաղաքական ուժը, որը ներկայացրել էր նախագիծը, դադարեցրել է գործընթացը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk