ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՆՉԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼԻ ՀՌՉԱԿԱՎՈՐ ԲԵՄԻՑ
Արխիվ 12-16ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ՀՆՉԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼԻ ՀՌՉԱԿԱՎՈՐ ԲԵՄԻՑ
Ապրիլի 26-ին Բրյուսելի Palais de BOZAR համերգասրահում կայացած` With You, Armenia («Քեզ հետ, Հայաստան») խորագիրը կրող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարի շրջանակներում Ա. Խաչատրյանի, Ալ. Հարությունյանի եւ Չայկովսկու ստեղծագործությունների կողքին հնչեց նաեւ հայ ժամանակակից, երիտասարդ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի DNA 15-15 ստեղծագործությունը` Բելգիայի ազգային նվագախմբի կատարմամբ: «Իրավունքի» հետ զրույցում Ալ. Իրադյանի պրոդյուսեր ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ով ներկա է եղել համերգին, տեղեկացրեց. «Ալեքսանդրն արդեն մեկ տարի է` սովորում է Բելգիայի Թագավորական կոնսերվատորիայի դիրիժորության բաժնում: Ու իր սովորության համաձայն, լինելով մի տարածքում, արագ փորձում է այդ տարածքն «իրենով» անել:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, «Երեւանյան հեռանկարներ»
միջազգային երաժշտական փառատոնը նախաձեռնել էր ութ համերգային երեկո ներառող համերգաշար, որի շրջանակում համաշխարհային հռչակ վայելող արտիստներն աշխարհի տարբեր երկրների բեմերից բարձրաձայնեցին Հայոց ցեղասպանության մասին` երաժշտության միջոցով: Ապրիլի 26-ին Բրյուսելի Palais de BOZAR համերգասրահում նախատեսված համերգն այդ համերգաշարի մեջ էր ներառված, կրում էր With You, Armenia («Քեզ հետ, Հայաստան») խորագիրը: Ալեքսանդրին թե՛ իր տաղանդի, թե՛ ճկունության շնորհիվ բախտ վիճակվեց մասնակցություն ունենալ այդ համերգին ու իր DNA 15-15 ստեղծագործությունը` Ա. Խաչատրյանի, Ալ.Հարությունյանի եւ Չայկովսկու ստեղծագործությունների կողքին հնչեցնել Բրյուսելի հռչակավոր բեմից»,- տեղեկացրեց պրոդյուսերն ու մանրամասնեց. «Գիտեմ, որ բավականին դժվար վերապրումների եւ զգացումների միջով է անցել այս գործը գրելու համար: Երբ
համերգից 7 օր առաջ մեկնեցի Բրյուսել, արդեն իսկ սկսվել էին փորձերը: Բելգիայի Ազգային նվագախումբը այդ համերգին ղեկավարում էր մաեստրո Ջորջ Փեհլիվանյանը: Կարող եմ փաստել` հրաշալի մթնոլորտ էր, չափազանց պրոֆեսիոնալ: ժամանակակից կոմպոզիտորը նման միջավայրերում կա՛մ ընդունվում է, կա՛մ ոչ: Դա կտրուկ է դրված: Եվ դա պրոֆեսիոնալ է: Ալեքսանդրին ընդունեց ոչ միայն նվագախումբը, այլեւ 2400 հանդիսական»:
Խոսելով Ալեքսանդրի առաջիկա ծրագրերի մասին` պրոդյուսերը շռայլ չգտնվեց. «Այս հարցում ինչպես իր երաժշտությունը, այնպես էլ ինքը բավականին անկանխատեսելի են: Ալեքսանդրը դեռ Բելգիայում մեկ տարի սովորելու ժամանակ ունի: Կարծում եմ` բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ կստանա, եւ ինքն էլ հետ չի մնա հետաքրքիր նախագծերի առաջարկներով հանդես գալուց: Փակագծերը շատ բացել այս պահին չեմ կարող, բայց աշնանը մաեստրո Փեհլիվանյանի հետ, կարծում եմ, հետաքրքիր համագործակցության ականատեսը կլինենք»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk