«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԺՈՒՅԹԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԽՈՑԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ»
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԺՈՒՅԹԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԽՈՑԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ»
Հայաստանում կրկին դոլարի փոխարժեքի աճ է նկատվում: Ճիշտ է, դեռ անցած դեկտեմբերյան թռիչքները չկան, սակայն այդ օրինակի պատճառով խուճապային ռեակցիա կարող է առաջանալ ցանկացած պահի: Առավել եւս, որ մեր բանկա-փոխանակման համակարգը, ինչպես միշտ, լավագույնս է նպաստում նման տրամադրությունների ի հայտ գալուն. քիչ չեն լուրերը, որ փոխանակման կետերում կտրուկ սահմանափակել են դոլարի վաճառքը եւ որոշ դեպքերում էլ մեծ վաճառքների համար նախօրեին սահմանել էին «ստվերային» փոխարժեք՝ 1 դոլարը 500 դրամ: Իսկ դրանից հետո էլ ո՞ր մեկը չի մտածի ունեցած դրամը դոլարի վերածելու մասին...
Արդյունքում, նույն գուշակների դաշտում է նաեւ դրամի փոխարժեքի հարցը: Կարծես թե այդ մտքին է նաեւ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ.
- Գուշակություն չեմ կարող անել, թե որքան կբարձրանա դոլարի կուրսը Հայաստանում, որովհետեւ դա անշնորհակալ գործ է: Բայց ռուբլու արժեզրկումից որոշակի ազդեցություններ կլինեն: Մեր երկրի տրանսֆերների հիմնական մասը` առյուծի բաժինը, ՌԴ-ից է: Իսկ ռուսական փոխարժեքի ներկայիս տեղաշարժերը հուշում են, որ հայաստանյան տրանսֆերները, թերեւս, պակասելու են: Դա էլ բնական է, վատ կանդրադառնա մեր տնտեսության վրա: Այդ վնասները կոմպենսացնելու վերաբերյալ կարող ենք խոսել սեպտեմբերին՝ տեսնելով, թե ինչ հնարավորություններ կարող ենք ունենալ, եթե որոշակի առումով ավելացնենք արտահանումները, քանի որ դոլարի բարձրացումը կազդի նաեւ արտահանման վրա: Ամեն դեպքում՝ դոլարային վայրիվերումները ՀՀ-ի տնտեսության հետ ուղղակիորեն կապ չունեն, սա կապված է միջազգային շուկայում տեղի ունեցող գործընթացների հետ:
Իսկ ահա Աժ պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ այն կարծիքին է, որ դոլարի փոխարժեքի աճը նույնիսկ կնպաստի հայաստանյան արտահանմանը.
- Դրամի արժեւորումը մեր տնտեսությանը բացարձակապես ձեռնտու չէ, որովհետեւ այդ պայմաններում մենք ունենում ենք արտահանման լուրջ պրոբլեմներ: Նույն բանը հիմա տեղի է ունենում ռուսական ռուբլու հետ, ռուբլին արժեզրկվում է, բայց ռուսական ապրանքների գները ադեկվատ փոփոխությունների են ենթարկվում: Եվ եթե մենք դոլար-դրամ հարաբերակցությունը չենք դարձնում այդ փոփոխություններին ադեկվատ, մասնավորապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալների մեջ տուժում ենք: Դրա համար, ես կարծում եմ, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, ըստ էության, հնարավորություն կտա արտահանման ծավալները ադեկվատ դարձնել մեր տնտեսական կարողություններին:
Իսկ ահա տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ կարծիքով՝ դոլարի աճը ծանր հետեւանքների կհանգեցնի.
- Ակնհայտ է, որ դոլարի փոխարժեքի բարձրացումը շատ վատ կանդրադառնա մեր տնտեսության վրա. ցավոք, այդ խնդիրը մեզ մոտ շատ ցցուն է արտահայտված: Իսկ ֆինանսական շուկայում տեղի ունեցող բացասական զարգացումներն անմիջականորեն արտացոլվում են Հայաստանիի արժույթի վրա: Բնականաբար՝ Կենտրոնական բանկն իր տնօրինության եւ տիրապետության տակ ունեցող բոլոր գործիքաշարժը եթե օգտագործի էլ, ըստ էության, միայն դրանով չի կարողանալու ապահովել հայրենական արժույթի կայունությունը: Այդ կայունությունը, մեծ հաշվով, որքան էլ որ մենք սահմանադրությամբ եւ օրենքներով դրել ենք ԿԲ-ի վրա, բայց ակնհայտ է, համենայնդեպս շատ մասնագետների կարծիքով, փոխարժեքի կայունության խնդիրը պետք է կոորդինացված լինի հարկաբյուջետային քաղաքականության հետ, որը տվյալ պարագայում գտնվում է ողորմելի վիճակում: Այսինքն՝ ԿԲ-ի կողմից բոլոր ճիգերը, որոնք ուղղված են հայրենական արժույթի, այսպես ասած, կուրսի պահպանմանը, սարսափելի դժվար է: Եվ այսօր ամբողջ աշխարհում տեղի ունեցող վայրիվերումների պարագայում կարող եք չկասկածել, որ Հայաստանի արժույթը գտնվում է խոցելի վիճակում: Մինչդեռ՝ տեղի ունեցող մարտահրավերների պարագայում հնարավոր է, որ ամեն պահ փոխանակային կուրսը թռչի:
Ստույգ կանխատեսում անել, իհարկե չենք կարող, բայց, իմ հաշվարկներով, որպեսզի չզոհվի մեր տնտեսությունը, որը բառիս բուն իմաստով գտնվում է հոգեվարքի մեջ, նվազագույն փոխանակային կուրսը պետք է լինի 520: Որքան էլ արժեզրկումը, որպես բացասական ծանրաբեռնվածություն ունեցող բառ, մեզ համար վատ հնչի, բոլոր դեպքերում այլընտրանք չունենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk