«ՊՈՒՏՉԻ» ՄԱՍԻՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԳԻՏԵԻՆ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՌԱՋ
Արխիվ 12-16«ՊՈՒՏՉԻ» ՄԱՍԻՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԳԻՏԵԻՆ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՌԱՋ
Այս օրերին լրացել է 1991թ. հայտնի «Պուտչի» հերթական տարեդարձը կամ գուցե տարելիցը: Հիշեցնենք, որ Խորհրդային Միությունը արագորեն կազմալուծվում էր Գորբաչովի եւ Ելցինի ձեռքերով: Ամենուրեք ակտիվացած, այսպես կոչված, դեմոկրատներն արագորեն ոչնչացնում էին Խորհրդային Միությունը` ծառայելով Միացյալ Նահանգներին:


|
Գորբաչովը եւ Մեթլոքը պահպանեցին գերազանց հարաբերություններ թոշակի անցնելուց հետո: Լուսանկարում 2002թ. ԽՍՀՄ նախկին նախագահը լեկցիա է կարդում Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, իսկ ԱՄՆ նախկին դեսպանը նրան ուշադիր լսում է: |
1991թ. օգոստոսին Մոսկվայի բնակիչները բարիկադներ էին կառուցել Ելցինին պաշտպանելու համար, սակայն նրանք չգիտեին, որ ե՛ւ նա, ե՛ւ Գորբաչովը ամեն ինչի մասին տեղեկացված էին ամերիկացիների կողմից:
|
ԽՍՀՄ ղեկավարները` խորհրդարանի նախագահ Անատոլի Լուկյանովը եւ վարչապետ Վալենտին Պավլովը, ինչպես նաեւ նրանց միացած մի շարք նախարարներ փորձեցին կանխել Գորբաչովի եւ Ելցինի կործանարար գործողությունները եւ կասեցնել Խորհրդային Միության փլուզումը: Դա նրանց չհաջողվեց, ԽՍՀՄ-ը փլուզվեց, իսկ ԽՍՀՄ մի շարք ղեկավարներ կալանավորվեցին հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով:
Այս առիթով օրերս հարցազրույց տվեց ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին ամերիկյան ամենաազդեցիկ դիվանագետներից մեկը` Ջեք Մեթլոքը, որը 1987-91թթ. եղել է ԱՄՆ-ի դեսպանը Մոսկվայում: Իր հարցազրույցում նա պատմեց, թե ինչպես էին, այսպես կոչված, դեմոկրատները, ըստ էության, զբաղվում պետական դավաճանությամբ եւ հօգուտ ԱՄՆ-ի շպիոնություն անում:
«1991թ. հունիսին ես հրավիրեցի Մոսկվայի քաղաքապետ Լավրիլ Պոպովին գործնական ճաշի, եւ նա պատմեց, որ Գորբաչովի դեմ նախապատրաստվում է հեղաշրջում, եւ որ նա չէր ուզի, որ Ելցինը, ով այդ օրերին գտնվում էր Վաշինգտոնում, վերադառնար Մոսկվա: Այդ ամենը կատարվում էր գրություններ փոխանակելու կարգով: Մենք վախենում էինք, որ մեզ կլսեն: Ես գրեցի. «Ես կզեկուցեմ, բայց ո՞վ է այդ ամենը նախաձեռնել»: Պոպովը գրիչով նշեց չորս ազգանուն` Կրյուչկով, Պավլով, Յազով, Լուկյանով: Ես ուղարկեցի հույժ գաղտնի հեռագիր Վաշինգտոն: ԱՄՆ-ի նախագահը դրա բովանդակությունը հասցրեց Ելցինին»: Այնուհետեւ Մեթլոքը նկարագրում է «հեղաշրջման կանխման ուղղությամբ իրենց գործողությունները»:
Դժվար է ասել` ինչ կլիներ, եթե «Պուտչը» հաջողվեր, սակայն հստակ կարելի է ասել, ինչ եղավ «դեմոկրատների» հաղթանակի արդյունքում` համատարած պատերազմներ, միլիոնավոր զոհեր, տասնյակ միլիոնավոր փախստականներ, տնտեսության կործանում Խորհրդային Միության ամբողջ տարածքում, ինչը շարունակվում է արդեն 24 տարի` մինչ մեր օրերը:
ԱԼԵՔՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk