«ՊԵՏՔ Է ԴՈՒԽՈՎ ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՃԻՇՏ»
Արխիվ 12-16«ՊԵՏՔ Է ԴՈՒԽՈՎ ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՃԻՇՏ»
«Ցանկացած քննարկում պետք է ողջունել Հայաստանում, եւ կապ չունի, թե թեման ինչ է, որովհետեւ, իսկապես, մենք մեծ խնդիր ունենք` իրար հետ միասին նստելու, հարցեր քննարկելու եւ մտքեր փոխանակելու»,- անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը` ընդգծեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ու մանրամասնեց.
–Փաստորեն, ունեցանք մի իրավիճակ, որտեղ մարդիկ եկել էին ու ասում էին, որ իրենք պրոֆեսիոնալ իրավաբաններ են եւ կարող են ընդամենը գնահատել, որ եղած սահմանադրության նախագծի տեքստը համապատասխանում է եվրոպական ընդունված մոդելներին, ինչն ինձ համար ողջունելի է: Բայց մյուս կողմից պետք է նայենք, թե ինչն է ընդունելի Հայաստանի համար: Այն ճիշտ գործընթացը, որը պետք է տրվեր, ընդհանրապես, ցանկացած բարեփոխման համար` Հայաստանում տեղի չի ունենում, եւ ես ցավում եմ դրա համար:
– Նոր սահմանադրության նախագծի մասին Վենետիկի հանձնաժողովի հրապարակած եզրակացության ամենացցուն կետերից մեկն այն էր, որով պարզվում է, թե նրանք, ի տարբերություն մեր սահմանադրագետների, լրիվ այլ պատկերացում ունեն «ընտանիք» հասկացողության մասին: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:
– Այդքան էլ համաձայն չեմ, որ իրենք չեն կարծում, որ պետք է լինի կին եւ տղամարդ գաղափարը, կամ Եվրոպան այդպես չի կարծում: Իհարկե, կան մի քանի բացառություններ, որոնք այլ մշակույթի մեջ են ու այլ ազատությունների շրջանակներում են: Բայց եկեք դա չդիտարկենք, այլ նայենք, թե ինչն է մերը` հայկականը: Եվ ես ուրախ եմ, որ նախագծում «ընտանիք» ձեւակերպումն առնվազն այնպիսին է, ինչպիսին հարիր է հայ հասարակությանը: Այսօր էլ հարյուրավոր կարծիքներ լսեցինք, որի հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց պետք չէ վախենալ կարծիք լսելուց: Միեւնույն ժամանակ, պետք է դուխով անել այն, ինչ որ համարում ենք ճիշտ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk