«ԱՎԵԼԻ ՇԱՏ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ԵՐԿՐԻՆ ՓՆՈՎԵԼ, ՔԱՆ ԽՈՍԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
Արխիվ 12-16«ԱՎԵԼԻ ՇԱՏ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ԵՐԿՐԻՆ ՓՆՈՎԵԼ, ՔԱՆ ԽՈՍԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը քաղհասարակության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ երեկ քիչ էր մնում վերածվեր ներքաղաքական կոմեդիայի, մինչդեռ պետք է քննարկվեին սահմանադրական բարեփոխումների նախագծի այս կամ այն դրույթները: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախ փորձեց գործի դնել իր անգլերենի իմացությունը, ապա եվրաիրավագետների ուսին «լացել» ու բողոքել իշխանություններից: Իհարկե, եղան նաեւ կրկներգը ապահովող դեմքեր, որոնք ներկայացված էին քննարկմանը` քաղաքացիական հասարակության անունից: Կայացած քննարկման, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների նախագծի մի քանի դրույթների մասին «Իրավունքը» վերոնշյալ հանդիպումից հետո զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
«ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՎԱՏ ԷՐ»
–Ինչպե՞ս կգնահատեք այս քննարկումը, որը նոր սահմանադրության նախագծի բովանդակությունից ինչ-որ առումով նաեւ շեղվեց ու դարձավ ներքաղաքական բանավեճի հարթակ:
– Նախ ասեմ, որ այսպիսի քննարկումները կարեւորում եմ, քանի որ հնարավորություն ընձեռվեց քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին հանդիպելու Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Բայց ցավում եմ, որ ոչ թե սահմանադրության բովանդակության կամ որոշակի դրույթների հետ կապված քննարկում ծավալվեց, ինչը թախանձագին խնդրում էին Վենետիկի հանձնաժողովի անդամները, այլ քաղհասարակության եւ քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ փորձեցին իրենց հերթական երգը երգել եւ պատվերներ կատարել: Ավելի շատ փորձում էին իշխանությանը եւ երկրին փնովել, քան խոսել այս կամ այն դրույթի պարզաբանման մասին: Հետեւաբար, կարծում եմ, որ հանդիպման արդյունավետությունը շատ վատ էր: Բացառությամբ, երեւի թե, մեկ-երկու հարցերի, որոնք իրոք վերաբերում էին սահմանադրության նախագծի մեջ տեղ գտած դրույթներին, մնացածը ավելի շատ փորձեցին իրենց կարծիքը հայտնել Վենետիկի հանձնաժողովի եւ, ինչպես միշտ, երկրի իշխանությունների մասին: Մինչդեռ, ըստ իս, նման հանդիպումների ժամանակ պետք է հնարավորինս շատ քաղել այն, ինչ այս մարդիկ ակնկալում էին: Արդյունքում Վենետիկի հանձնաժողովի երեք անդամներն էլ, չնայած վերջում որոշակիորեն չարտահայտեցին իրենց դժգոհությունը, բայց իրենց պատասխաններում անընդհատ հստակեցնում էին, որ իրենք ընդամենը իրավաբաններ են եւ սահմանադրության տեքստի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում եւ փորձում են այն տեսնել միջազգային ընդունված նորմերին համապատասխան:
– Խորհրդարանում Դուք հայեցի խոսքի ջատագովներից եք: Հետաքրքիր է, Ձեր գնահատականն այն մասին, որ որոշ պատգամավորներ ու քաղհասարակության ներկայացուցիչներ քննարկմանը հանդես եկան անգլերեն ելույթներով:
– Ես դեմ եմ դրան: Իհարկե, շատ լավ է, որ որոշ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ տիրապետում են տարբեր լեզուների, բայց միջոցառումը Հայաստանում է, եւ մենք պարտավոր ենք հայերեն խոսել: Այն մասնակիցների համար, ովքեր հայերենին չէին տիրապետում, կար թարգմանիչ, բայց, կարծես թե, մարդիկ փորձում են իրենց համար իմիջ ձեւավորել: Եթե խոսում ենք Հայաստանի մասին եւ եթե հայրենասեր ենք, ուրեմն` պետք է Հայաստանում, հատկապես նման հանդիպումների ժամանակ, ցույց տանք, որ մեր պետական լեզուն հայերենն է:
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ Է...»
–Անդրադառնանք նաեւ սահմանադրական բարեփոխումների նախագծի մի քանի դրույթներին. բազմաթիվ տեսակետներ են հնչել, որ նախագծում երեխաների իրավունքներին վերաբերող դրույթներն ուռճացված են, եւ սա կարող է բերել յուվենալ արդարադատության, ապա` ընտանիքների քայքայման:
– Ընդհանուր առմամբ, եթե մենք մարդու իրավունքների մասով ենք նայում, պետք է նշենք, որ այսօր ողջ աշխարհը գնում է նրան, որ հնարավորին չափ բոլոր երկրներում ժողովրդավարությունն իշխի, եւ մարդու իրավունքները չոտնահարվեն: Եվ այս առումով, կարծես լավ է, որ որոշակիորեն ավելի ընդգծվում են մեզ մոտ երեխաների իրավունքները: Համենայնդեպս, ասեմ, որ ընդգծվի, թե չընդգծվի այն սահմանադրությամբ, մեզ մոտ երեխան եւ ընտանիքը մեր ընտանեկան սրբություններն են, եւ առանց այդ դրույթների էլ, մենք հատուկ վերաբերմունք ունենք մեր ընտանիքների, մեր երեխաների նկատմամբ: Այնպես որ, միայն սահմանադրությամբ չէ, որ մենք այդ վերաբերմունքը պետք է կրկնապատկենք կամ բազմապատկենք:
– Իսկ ի՞նչ կասեք այլընտրանքային ծառայությանը վերաբերող դրույթներին, որը նոր սահմանադրության նախագծում շեշտված է երկու անգամ:
– Մենք օրենքով էլ ենք փորձել այս հարցը կարգավորել, բայց, կարծես թե, որպես այդպիսին, «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը էականորեն չի գործել: Այնուամենայնիվ, սա եւս ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հերթական հոդվածներից մեկն է: Եվ սրանով մենք ասում ենք, որ մարդն իրավունք ունի նաեւ այնպիսի կրոնի դավանել, որն իրեն թույլ չի տալիս զենք կրել, ինչի համար էլ այլընտրանքային ծառայության հնարավորություն է ստեղծվում: Իհարկե, պատերազմի մեջ գտնվող երկրի համար շռայլություն է, բայց նաեւ փորձը ցույց է տալիս, որ տոկոսային առումով այն իրական ազդեցություն չի ունենում մեր պաշտպանական ուժերում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk