Զարմացած
Արխիվ 12-16
Չէ, դասականի «մի մուշտի եմ տվել» արտահայտությունն իրոք անմահ է: Դա հաստատվում է նաեւ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ` Գլխավոր դատախազությանը տված բացատրությունով. «Օգոստոսի 17-ին բացատրություն է տվել Ռուբեն Հայրապետյանն այն մասին, որ ճանաչում է Արսեն Ավետիսյանին եւ նրա հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Արսենն իր բարեկամներից մեկին, որի անունը չի ցանկացել նշել, որոշակի գումար է պարտք, որի հետ կապված իրեն խնդրել են, որպեսզի զրուցի Արսենի հետ եւ պարզի, թե երբ է գումարը վերադարձնելու: Այդ նպատակով ինքը մոտ մեկ ամիս առաջ հանդիպել է Արսենի հետ, որտեղ վերջինս պարտավորվել է սույն թվականի օգոստոսի 15-ին վերադարձնել այդ գումարը: 2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 16:30-ի սահմաններում գտնվել է Ֆուտբոլի ակադեմիայում, իրեն զանգահարել է Արսենը եւ ցանկացել հանդիպել... Զրույցի ընթացքում հարցրել է, թե գումարը արդյոք տվել է, թե` ոչ: Արսեն Ավետիսյանի հետ խոսակցությունը չի ստացվել, այն վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինչի ժամանակ ինքը մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Ավետիսյանի դեմքին...»: Այս զարմանալի երեւույթի շուրջ մեկնաբանություն տալը հաստատ ավելորդ է:
Սակայն նույն «մի մուշտիի», ավելի ճիշտ` մի ապտակի պատմությունը զարմանալիորեն այլ շարունակություն ունեցավ ոստիկան ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԳԵՍՅԱՆԻ պարագայում: Ոստիկանը, ի տարբերություն Ռուբեն Հայրապետյանի, քրեական պատասխանատվության տակ գնում է` նրա գործը քննում է ՀՔԾ-ն: Բայց էլ ավելի մեզ զարմացրեց, որ ոստիկանը հրապարակավ ներողություն խնդրեց, թեեւ «տուժողի» վերաբերյալ համացանցում առկա տեսագրություններն ու այլ նյութերը վկայում են, որ «պապիկի» զազրելի սադրանքներին դիմանալու համար պետք է լինել ոչ թե մարդ, այլ` ռոբոտ. 1in.am լրատվական կայքի հետ զրույցում ոստիկանը նշել է, որ գիտակցում է իր սխալը. «Ես ուզում եմ ներողություն հայցել իմ գործընկերներից, հանրությունից ու քաղաքացիներից, քանի որ դրեւսորել եմ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ: Գիտակցում եմ իմ կատարած սխալը եւ պատրաստ եմ համապաստախան պատասխանատվություն կրել իմ բոլոր գործողությունների ու արարքների համար»:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ պատմել է Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման զարմանալի իրողությունը` հանդիպմանը ՀՀԿ-ականներին հարցեր տալու եւ կարծիք արտահայտելու համար հերթ չի հասել. «Երեկ տեղի ունեցած քննարկման մասնակիցները բավական շատ էին, անգամ «ռեգլամենտ» չսահմանվեց, որպեսզի բոլոր ներկաները կարողանան իրենց մտահոգությունները հնչեցնել: Ժամանակի սղության պատճառով ՀՀԿ-ին նույնիսկ ձայն չհասավ, չկարողացանք մեր հարցերը եւս հնչեցնել: Իհարկե, դրանից չենք դժգոհում, որովհետեւ մեզ համար շատ ավելի կարեւոր է, որ ընդդիմությունը ներկայացնի իր համար մութ մնացած բոլոր հարցերը ու անհրաժեշտ պարզաբանումներ ստանա»:
Սակայն հանրապետականների ունեցած պակասը լիուլի լրացրել է ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` եվրոպացիների գլուխը տանելով բողոքներով, թե ինչպես այդ «քըխ» իշխանությունը... Բայց Լեւոն Զուրաբյանը Լեւոն Զուրաբյան չէր լինի, եթե լրագրողների մոտ զարմանալիորեն գլուխ չգովեր, թե ինչպես հերոսաբար դիմադրել է Բաղրամյան 26-ին. «Երեկ ինձ զանգահարել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը` Վիգեն Սարգսյանը, եւ Սերժ Սարգսյանի անունից փոխանցել առաջարկություն, որ չորեքշաբթի, երբ ինքը սկսելու է կոնսուլտացիաների շարքը, սկսել հենց ՀԱԿ-ով: Ես ասել եմ, որ մենք շատ լավ հասկանում ենք սահմանադրական այս ամբողջ գործընթացի նպատակը, այդ նպատակը մենք համարում ենք անընդունելի եւ դրա վերաբերյալ մեր դիքորոշումը հայտնել ենք, եւ վստահ ենք, որ որեւէ խոսակցություն իմաստ չունի, քանի որ այդ նպատակը միեւնույնն է, չի փոխվելու»:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk