«ԺԻՐՈՆ ԾԱԽԵ՞Ց ՄԵԶ»
Արխիվ 12-16«ԺԻՐՈՆ ԾԱԽԵ՞Ց ՄԵԶ»
Ըստ «Հիմնադիր խորհրդարանին» մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ արդեն երկու օր է, ինչ զրույցներ են ծավալվել իբր իրենց առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը թաքուն գործարքի մեջ է մտել Բաղրամյան 26-ի հետ: Այդ խոսակցությունների հիմք է դարձել այն, որ երկուշաբթի Սէֆիլյանը տարածել է իր ոճից բավականին մեղմ մի հայտարարություն. «Ժամանակն է, որ երիտասարդությունը հետեւանքների դեմ պայքարի դաշտից անցնի պատճառի դեմ պայքարի դաշտ: Իսկ պատճառը մեր երկրում ձեւավորված ապազգային եւ կեղեքիչ պետական կառավարման համակարգն է` իր ռեժիմով ու պարագլխով հանդերձ: Անշուշտ, ճիշտ չի լինի ամբողջությամբ անտեսել հետեւանքները, որովհետեւ դրանք հաճախ կապված են մեծ արժեքների, այդ թվում` մարդկային կյանքերի ու ճակատագրերի հետ, սակայն հիմնական ուժերը պետք է կենտրոնացնել պատճառը վերացնելու պայքարի ուղղությամբ: Միեւնույն ժամանակ` հետեւանքների դեմ պայքարը պետք է դառնա նաեւ պատճառի դեմ պայքարի համար համախմբվելու եւ ռեսուրսներ կուտակելու միջոց»:
Այդպիսի զրույցներում, մեր աղբյուրի վկայությամբ` առավել աչքի է ընկնում քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը, ով վերջերս աշխատանքից էր ազատվել այն բանից հետո, որ հավկիթներ էր նետել նախագահի նստավայրի վրա, եւ նա տրտնջում է, որ քիչ է իրեն հալածում են, Սէֆիլյանն էլ իրեն տեր չի կանգնում: Ի դեպ, մեր աղբյուրի վկայությամբ` այժմ «Հիմնադիր խորհրդարանում» վերհիշել են նաեւ համացանցում ամիսներ առաջ հրապարակված մի խումբ ազատամարտիկ ներկայացած անձանց բաց նամակը Սէֆիլյանին, ուր վերջիններս պնդում են իբր Սէֆիլյանին իշխանությունները առաջարկել են խոշոր գումար եւ իր նախընտրած երկիրը մեկնելու համար փաստաթղթերի օպերատիվ ձեւակերպում, միայն թե ակտիվ հեղափոխական գործողություններ չձեռնարկի:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk