ԱՄՆ-Ը ԴՈԼԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ԱՄՆ-Ը ԴՈԼԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ
Դեռ ամիսներ առաջ քանիցս մեր էջերում կանխատեսումներ էինք հնչեցրել, որ արդեն այս աշնանը ականատեսն ենք դառնալու այնպիսի, կարելի է նույնիսկ ասել՝ դարակազմիկ գործընթացների, ինչպիսին է աշխարհի կառավարման ժամանակակից համակարգի գործնական փոփոխության եւ, մասնավորապես, այդ համակարգի անկյունաքարերից մեկի՝ դոլարի համաշխարհային հեգեմոնիայի ավարտի վերջնական փուլի մեկնարկը: Մեկը մյուսից ծանր, թեեւ շատ դեպքերում նաեւ լայն հասարակության կողմից քիչ նկատվող այն երեւույթները, որոնք արդեն դարձել են անընդմեջ, հուշում են, որ իրոք՝ աննախադեպ բարդ աշուն է սպասվում:
ԳԵՐՃԳՆԱԺԱՄԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է
Այս օրերին նկատվող գրեթե առանց բացառության համաշխարհային մասշտաբի գրեթե բոլոր բորսայական ցուցիչների կատաստրոֆիկ բնույթի անկումները, նավթի ռեկորդային ցածր գները, դոլարի փոխարժեքի թռիչքային աճը աշխարհի գրեթե բոլոր տարադրամների նկատմամբ... որ մեկը հիշես: Եվ դրանք բոլորն էլ ակնարկում են այն գերճգնաժամի մասին, որը կանխելու շանսերը դարձել են գրեթե զրոյական: Իհարկե՝ ինչ-որ առումով կարող է նաեւ պարադոքսալ հնչել՝ դոլարն ուժեղանում է մյուս բոլոր արժույթների նկատմամբ, ուրեմն ինչպե՞ս կարելի է մտածել դոլարային հեգեմոնիայի վախճանի մասին: Բայց ընդամենը մեկ պարզ փաստ նկատենք. վերջին օրերի բորսայական ճգնաժամերը եւ, մասնավորապես, ամերիկյան հիմնական ցուցանիշների անկումները գրեթե բոլոր փորձագետները կապում են Չինաստանի կողմից դոլարի նկատմամբ յուանի փոխարժեքի նվազեցման հետ: Եվ դրանից հետո ամերիկյան տնտեսության ու դոլարի էլ ի՞նչ համաշխարհային հեգեմոնիայի մասին կարող է խոսք գնալ, երբ Չինաստանի կենտրոնական բանկի ընդամենը մեկ որոշումը ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ ողջ աշխարհն է ֆինանսական ցնցումների մեջ դնում: Կամ՝ առանց այդ էլ չինական իրական, արդյունաբերական տնտեսության հետ մի կերպ մրցակցության դիմացող ամերիկյան արտադրողներն ի՞նչ են անելու, երբ աշխարհով մեկ թանկացող դոլարը ճիշտ նույն չափով էլ թանկացնում է իրենց ապրանքների գները: Առավել եւս, երբ ամերիկյան Ֆեդերալ ռեզերվային համակարգը դոլարի այս թռիչքները կանխելու եւ ամերիկյան արտադրության ինքնարժեքը նվազեցնելու բոլոր հիմնական գործիքները մինչեւ վերջ միացրել է, եւ արդյունքում՝ ներկայիս իրավիճակն է:
Այն, որ այս իրավիճակն ամերիկյան դոլարին եւ տնտեսությանը ամենամոտ ապագայում արտակարգ ծանր ժամանակներ է խոստանում, փորձագիտական հանրությունը չի էլ կասկածում՝ ներկայացնելով շատ ավելի խորքային եւ մասնագիտական հիմնավորումներ: Այդ մասին խոսվում է անգամ ամերիկյան բարձր ամբիոններից: Օրինակ բերենք նախագահական ընտրություններում շատերի համար անսպասելիորեն առանցքային թեկնածուներից մեկը դարձած միլիարդատեր Դոնալդ Տրամպի միտքը՝ չինական յուանի արժեզրկումը կործանարար ազդեցություն է ունենում ԱՄՆ-ի վրա: Մի խոսքով՝ գրեթե բոլոր հեղինակավոր մասնագետներն են վերջնականապես եկել այն մտքին, որ՝ Պեկինն ու Վաշինգտոնը մտել են, այսպես ասած, վալյուտային պատերազմի փուլ, որտեղ հաղթողի մրցանակը երկու տարադրամներից մեկի համաշխարհային հեգեմոնիան է դառնալու:
Ինչպիսի՞ն են կողմերի շանսերն այս պայքարում: Սկսենք Չինաստանից, նախ նկատելով, որ առաջին հերթին վերջինիս տրամադրության տակ է սեփական իրական, արդյունաբերական տնտեսությունը, որը տարբեր գնահատականներով արդեն իսկ հասել է համաշխարհային արդյունաբերության 40 տոկոսին: Դրանից զատ` Պեկինը աշխարհին կարող է ներկայացնել մեկ կարեւորագույն առաջարկ՝ սեփական ոսկով ապահոված յուան: Համենայնդեպս՝ այդ մասին է վկայում այն, որ տեւական ժամանակ է, որ Չինաստանն իրականացնում է ոսկու մեծածավալ ձեռքբերումներ, եւ ներկայումս նույնիսկ փորձագետները չեն կարողանում իրական պատկերացում կազմել չինական պահուստների մասշտաբների մասին: Նկատենք, որ տեւական ժամանակ է, որ ոսկու մասշտաբային ձեռքբերումներ է իրականացնում նաեւ Ռուսաստանը: Գումարած դրան՝ ՌԴ-ն վերջին ժամանակներս շեշտակիորեն ավելացնում է սեփական ոսկու արդյունահանումը, այսինքն, ըստ որոշ փորձագետների, արդեն իսկ սեփական հանույթի հաշվին Մոսկվան հնարավորություն ունի պետական պահուստները տարեկան մինչեւ հազար տոննայով ավելացնել, ինչը աշխարհի մասշտաբով չափազանց լուրջ ցուցանիշ է: Այս հանգամանքը եւս ակնարկում է, որ ոսկով ապահովված եւ միայն դրանով՝ բորսայական խաղերից եւ արհեստական փոխարժեքներից հնարավորինս զերծ վայլուտաներին վերադառնալու ծրագրերն իրոք օրակարգում են:
Ի դեպ, հենց այդ ապահովվածությունն է, որ ներկայումս ամենամեծ հարվածն է հասցնում դոլարին: Ժամանակին՝ անցած դարի 60-70 ականներին ԱՄՆ-ը արժույթը ոսկով ապահովելու պրակտիկայից հրաժարվեց, ինչը դոլարի տպագրումն իրականացնող ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի մասնավոր սեփականատերերին հնարավորություն տվեց իրականություն դարձնել դոլարային համաշխարհային հեգեմոնիայի հասնելու գաղափարը: Արդյունքում՝ հաշված թվով մարդիկ դարձան ամեն ինչի տերը, սակայն, որպես անխուսափելի հետեւանք, ԱՄՆ-ը, որպես պետություն, այսօր կանգնած է 18-19 տրիլիոն դոլար պարտքի փաստի առաջ՝ որպես աշխարհի թիվ 1 պարտապան:
Հաջորդը. հատկապես վերջին երկու տասնամյակներին ԱՄՆ տնտեսությունը հետեւողականորեն վերածվեց հիմնականում ծառայություններ ¥բանկերից, ֆինանսաբորսայական փուչիկներից սկսած` մինչեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ ու այլն¤ առաջարկողի՝ ռեալ արդյունաբերական առաջատարի դիրքերը զիջելով չինացիներին: Այս ամենն էլ հանգեցրեց աշխարհով մեկ սփռված դոլարային լեռների առաջացման, որոնք սակայն, աստիճանաբար կտրվելով իրական տնտեսությունից, հնարավոր է պահել միայն դոլարի հեղինակության, այսինքն՝ ուժի հաշվին:
ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսպիսով՝ հենց այդ փուլին էլ ներկայումս հասել ենք. դոլարը հնարավոր է պահել միայն ուժի հաշվին: Ավելի կոնկրետ՝ ռազմական ուժի: Ընդ որում, պայքարն ուղղակիորեն ծավալվում է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ, այսինքն հին մեթոդները, ասենք՝ Սադամ Հուսեյնին կախելը կամ Քադաֆիին մորթելն արդեն բավարար ուժ չեն համաշխարհային կշիռը պահելու համար: Իհարկե՝ ԱՄՆ-ը դեռ այն ռազմաքաղաքական զորությունն ունի, որ կարողանա Չինաստանին էլ մեկուսացնել, թուլացնել ու ծնկի բերել: Եվ այստեղ է, որ առաջին պլան է գալիս Ռուսաստանի գործոնը, որին, ի դեպ, Վաշինգտոնն իր իսկ ձեռքերով դարձրեց Չինաստանի անվտանգության երաշխավորը, եւ դրա, եթե ավելի խոր նայենք՝ նաեւ ԽՍՀՄ-ը փլուզելու եւ դրանով էլ՝ Չինաստանին նման թռիչքի հնարավորություն տալու կոպտագույն սխալի համար ամերիկյան ստրատեգները դեռ շատ են գլխներին տալու: Միգուցե հետագայում նաեւ ռուսները զղջան ներկայումս Չինաստանի առաջխաղացումն ապահովելու համար. ի վերջո անդրօվկիանոսյան ԱՄՆ-ը շատ ավելի հարմար թշնամի է, քան սեփական սահմաններիդ մոտ գտնվող մեկուկես միլիարդանոց եւ հազարամյակների քաղաքակրթական հիմք ունեցող չինական վիշապը: Բայց փաստն այն է, որ Վաշինգտոնը հակառուսական ագրեսիայով շարունակելով ամրացնել Մոսկվա-Պեկին կապը: Ճիշտ է՝ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ վերջին ժամանակներս Վաշինգտոնից ստացվում են Մոսկվայի հետ հարաբերությունները նոր փուլ տանելու մեսիջներ, բայց ավելի հավանական է, որ սեպտեմբերի սկզբներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցից Սպիտակ տունը վերջնականապես կհասկանա, որ՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքն այս անգամ չի գործի:
Այսպիսով՝ Ռուսաստան-Չինաստան տանդեմը ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ տնտեսական առումով ԱՄՆ-ի «ատամի բանը չէ»: Գումարած դրան՝ համատեղ եւ առանձին տնտեսական գլոբալ ծրագրերը ¥ասենք, չինական «Մետաքսի ճանապարհը», ռուսական էներգետիկ ծրագրերը, Եվրասիական միության ստեղծումը, ԲՐԻԿՍ, ՇՀԿ կառույցները, դոլարային առեւտրից հրաժարվելու գաղափարը եւ այդպես շարունակ¤ խոստանում են կարճաժամկետ ժամանակահատվածում գլոբալ տնտեսությունն այն աստիճան դուրս բերել Վաշինգտոնի վերահսկողությունից, որ ռուս-չինական գործոնի հանդեպ անտարբեր մնալը եւս մահացու վտանգավոր է ԱՄՆ-ի համար: Իսկ ներկայիս ոչ ծավալուն հարձակումներն ու արդեն մշտական ձախողումները նոր չէ, որ սկսել են աշխարհում ու անգամ ամենամերձավոր դաշնակիցների մոտ նվազեցնել վախը` ամերիկյան ուժի նկատմամբ: Մնում է գլոբալ հարձակում՝ Երրորդ աշխարհամարտ: Բայց ինչպե՞ս, երբ ոչ ոք այլեւս չի ուզում սեփական ձեռքերով Վաշինգտոնի համար կրակից շագանակներ հանել, առավել եւս՝ ռուս-չինական կրակից: Մնում է, որ Վաշինգտոնը սեփական ուժերը գործի դնի, բայց այդ դեպքում էլ ինչպե՞ս վարվել ռուսական միջուկային հրթիռների հետ. դառնում է երաշխավորված փոխադարձ սպանություն: Եվ այսքանից հետո աշխարհի համար ո՞րն է ավելի հրապուրիչ, ոսկով ապահովված յուա՞նը, թե իրենից փաստացի միայն թուղթ ներկայացնող դոլարը...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk