ԴԱՐԴԻՑ ՎԻՍԿԻ ԽՄԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Արխիվ 12-16ԴԱՐԴԻՑ ՎԻՍԿԻ ԽՄԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, իբր Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, եւ նույնիսկ ՕԵԿ առաջնորդը ցանկանում է այն վաճառել: Ավելին, հիշատակվում է, թե շոտլանդական ընկերությունը դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինը` առանց իրենց հետ համաձայնեցնելու, «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում, եւ Արագածոտնի դատարանն արգելանք է դրել արտադրանքի վրա:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ-ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՓԱԿՎԵ՞Ց
Անշուշտ, այս պահին չենք կարող ստույգ ասել, թե արդյո՞ք Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ալկոհոլաբույր պատմությունը չափազանցված չէ, սակայն, ինչպես հայտնի է, առանց կրակի ծուխ չի լինում: Իսկ մեր երկրում, ինչպես հայտնի է, դրսի ապրանքանիշի հետ դատական խնդիր կարող է ունենալ հիմնականում նա, ում այդքան էլ բարի աչքով չեն նայում...
Թերեւս շոտլանդական վիսկիի մասին պատմությունը կարող է ունենալ եւ, ամենայն հավանականությամբ, ունի այն աստառը, որ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու հավակնություններ ունեցող Արա Աբրահամյանի ծրագրերը հավանության չեն արժանացել ո՛չ Երեւանում, ո՛չ էլ Մոսկվայում: Այսինքն` կարծես թե, Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան քաղաքական պրոյեկտը եթե չի փակվել, ապա առնվազն` արգելակվել է: Պարզ է, որ ՀՀ իշխանություններին ավելորդ գլխացավանք ամենեւին էլ պետք չէ, բայց միաժամանակ Մոսկվայում էլ լուրջ դրդապատճառներ չունեն հորդորել երեւանյան գործընկերներին` կանաչ լույս տալու նոր քաղաքական ուժին, այն էլ` Ռոբերտ Քոչարյանին դաշտ բերող ուժին: Ի վերջո, ե՛ւ ԵՏՄ-ի, ե՛ւ ՀԱՊԿ-ի գծով մեր երկիրը իր ստանձնած պարտավորությունները կատարում է, առավել եւս ՀԱՊԿ-ի գծով որպես տարածաշրջանային անվտանգության, ինչպես կասեր քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը, «պրովայդեր» Հայաստանի դերը հայտնի ռազմաքաղաքական իրադարձությունների ֆոնի վրա աճում է, եւ ռուսներին գործընկեր երկրում անհասկանալի փոփոխություններ ամենեւին պետք չեն: Եվ գործնական արդյունք չեն տալիս քոչարյանական քարոզչամեքենայի ջանքերը` առաջ տանելու այն թեզը, իբր Բաղրամյան 26-ում ունեն Ռուսաստանին «քցելու» եւ դեպի Արեւմուտք վերակողմնորոշվելու թաքուն ծրագրեր:
Այս պատմության մեջ հիմնական «քաշվածը» մնում է բազմիցս իշխանությունից ընդդիմություն եւ հակառակը անցումներ կատարած ՕԵԿ-ը: Իր շուրջը բազում ՀԿ-ներ հավաքելը եւ «Հայկական վերածնունդ» շարժում հռչակելը, թեեւ 21-րդ դարին հարիր ցանցային-կառուցվածքային լուծում է, սակայն այն դժվար թե օգնի ՕԵԿ-ին: Վերադարձ դեպի իշխանական դաշտ այլեւս չկա, Արա Աբրահամյանը Մոսկվայից դժվար թե կարողանա էական աջակցություն ցույց տալ, իսկ դեպի Արեւմուտք վերակողմնորոշվելը նույնպես հեռանկարային չէ, քանզի Արեւմուտքի աչքերում ՕԵԿ-ը մոտավորապես նույնքան արժեք ունի, որքան ՀԱԿ-ը: Չէ, թերեւս ՕԵԿ-ին մնում է դարդից խմել այն ըմպելիքը, որը հարգի է ընդդիմադիր վերնախավում, ու մասնավորապես «գլամուրային» արեւմտամետների մոտ` վիսկին: Առավել եւս, որ սեփական արտադրության պաշարների պակաս չկա:
«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ԼԻՆԵԻՆՔ, ՔԱՆ ԹԵ ԴԱՌՆԱՆՔ ԳԵՅ»
Այս խոսքը պատկանում է հռչակավոր Վարդան Ղուկասյանին, ով հրապարակավ հայտ է հնչեցնում, որպեսզի իրեն վստահվի Շիրակի մարզում Սահմանադրությանը «այո՛» ասելու շտաբը գլխավորելը:
Գյումրվա կոլորիտային նախկին քաղաքապետը այսպես հիմնավորեց իր դրական մոտեցումը Սահմանադրության նախագծին. «Ես իմ խոսքն ասել եմ, որ եթե բարեփոխումների այդ նախագծում կա մի կետ, որը միասեռականների հետ է կապված, ապա ես միանգամայն դեմ եմ դրան: Ավելի լավ է մուսուլման լինեինք, քան թե դառնանք գեյ: Դա խայտառակություն է: Բայց ես լսել եմ, որ այդ կետը չի լինելու, ու եթե դա չի լինելու, ապա ես բնավ դեմ չեմ լինելու սահմանադրական բարեփոխումներին»:
Ճիշտ է, Վենետիկյան հանձնաժողովը դեռ օգոստոսից առաջ էլ դժգոհություն էր հայտնել, որ նախագծում ամուսնությունը դիտարկվում է բացառապես որպես տղամարդու եւ կնոջ միություն եւ միասեռ ամուսնությունների փաստացի սահմանադրական արգելք է դրվում, սակայն Վենետիկից ոգեւորվող եւ ԱՄՆ Գերագույն դատարանի «ծիածանագույն» վճռի անունով երդվող ՀԿ-ներին սպասում էր դառը հիասթափություն: Ճիշտ է, այդ զազրելի ուղղությամբ գրանտների հոսքը բավականին առատ է, սակայն Հայաստանի պայմաններում ու առավել եւս ԵՏՄ-ի միջավայրում «ծիածանագույն» դրույթ Սահմանադրության մեջ խցկելը, մեղմ ասած, իրատեսական չէ: Փոխարենը կա սեփական զազրելի քարոզչության համար պատասխան տալու վախը, ուստի պատահական չէ, որ այդ գծի վրա գտնվող ակտիվիստները ամեն հնարավորություն օգտագործում են` մշտական բնակության տեղափոխվելու ապահով տեղեր: Մեկը` Գերմանիա, ոմանք` Վրաստան, ոմանք էլ` լոնդոնների ու փարիզների ախորժակ ունեն:
Խոշոր հաշվով, ինքը` Վենետիկյան հանձնաժողովն էլ ժամանելով Երեւան, հանդիպելով քաղաքական ուժերի, ՀԿ-ների եւ, իհարկե, նաեւ իշխանությունների հետ, իր ասուլիսում մատնանշեց, որ իրենց առաջարկությունները դոգմա չեն:
ՎԵՆԵՏԻԿԸ ՆՐԱՆՑ ՉԻ ՕԳՆԻ
Միաժամանակ իշխանությունն էլ է որդեգրել այն մոտեցումը, որ Սահմանադրության առկա նախագիծը դոգմա չէ: Ուստի սկզբունքորեն ցանկացած կառուցողական առաջարկ կարող է մտնել նախագծի մեջ, առավել եւս որ ՀՀ նախագահը պատրաստվում է սահմանադրական բարեփոխումների հարցով հանդիպել քաղաքական ուժերի հետ:
Իսկ կառուցողական առաջարկություն ունեցողները հիմնականում կենտրոնացած են երկփուլ ընտրական համակարգը կատարելագործելու վրա, գումարած դրան` ձգտում են նախագիծն ամբողջովին մաքրել երկրի ինքնիշխանությանը եւ ազգային արժեհամակարգին վնասող «վենետիկյան» կետերից:
Կտրուկ ժխտողականություն դրսեւորում են այժմ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, մեկ էլ` գրանտածիծ հանրակցության մի շարք ներկայացուցիչներ, ովքեր նույնիսկ ստեղծել են «Չեք անցկացնելու» անունը կրող նախաձեռնություն: Հատկապես «խորացած» է ՀԱԿ-ը, եւ նրա հիմնական «փաստարկն» է, որ փոխել պետք չէ, քանի որ միեւնույնն է` կկեղծեն: Խոշոր հաշվով, այդպիսի դիրքորոշում ունեցողը պետք է ընդհանրապես չխառնվեր Սահմանադրության հարցերին, այլ մտածեր բացառապես հեղափոխական ճանապարհով իշխանությունը գրավելու մասին: Բայց... մեր «կրակոտ հեղափոխականները» ե՛ւ առանձին-առանձին, ե՛ւ միասին վերցված այնքան թույլ են եւ վարկաբեկված, որ ոչ միայն Բաղրամյան պողոտայի շենքերը, այլ նույնիսկ ամենափոքր գյուղապետարանը չեն կարող վերցնել:
Ի դեպ, նկատվեց, որ նույն Լեւոն Զուրաբյանի բողոքները վերարտադրվել ցանկացող «քըխ» իշխանություններից ոչ մի ըմբռնում չգտավ Վենետիկի հանձնաժողովի անդամների մոտ: Նրանք պարզ ասացին, որ իրենց չեն հետաքրքրում քաղաքական ֆորմատները, քաղաքական գործընթացները, այլ միայն Սահմանադրության տեքստի համապատասխանությունը եվրոպական հայտնի կոնվենցիաներին: Այն էլ` իրենց կարծիքներն ու եզրակացությունները դոգմա չեն:
Բայց «վենետիկցիները» մի փոքր ոտատեղ թողել են կրավորական մոտեցումից հրաժարվելու համար, ասելով, որ վերջնական եզրակացություն կտան հոկտեմբերի վերջին: Գումարած դրան` ինչ որ կասկածելիորեն շատ են պնդում, որ ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը լինի ոչ թե Սահմանադրությունում, այլ ընտրական օրենսգրքում: Սակայն այդ ամենը ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ այլ «կրակոտ իշխանափոխիչների» համար, պատկերավոր ասած, կարող է լինել սոսկ «ՀԱԿ սրտի մխիթարանք» ու ոչ ավելին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk