ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՀՐԱՎԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ`ԲՈԲԻԿԱՆԱՆՔ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ»
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՀՐԱՎԵՐԻ ՄԱՍԻՆ.
«ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ`ԲՈԲԻԿԱՆԱՆՔ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ»
Առաջիկայում նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի միջեւ տեղի կունենա հանդիպում նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու համար: ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը չեն մասնակցելու հանդիպմանը, քանի որ ՕԵԿ-ի հինգ առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել: Իսկ ՀԱԿ-ն նոր Սահմանադրությունը համարում է իշխանության վերարտադրության միջոց: Ըստ տեղեկությունների` հանդիպմանը կմասնակցեն ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, իսկ «Ժառանգություն»-ը դեռ մտածում է: «Իրավունք»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց` տեղյակ է, որ կուսակցությունների հետ հանդիպում լինելու է, բայց «Ժառանգության» հրավերի մասին տեղյակ չէ:
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց` իրենց առաջարկները բովանդակային առումով չեն ընդունվել իշխանության կողմից:Այնպես որ, ասել, թե «Ժառանգություն»-ը կընդունի հրավերը, միանշանակ չէ: «Հրավեր պետք է լինի, որ քննարկենք: Թե չէ ջուրը չտեսած`բոբիկանանք, որ ի՞նչ անենք»,- ասաց քաղաքական գործիչը:
Նախորդ անգամվա իրավիճակը, երբ «Ժառանգություն»-ում միմյանցից անտեղյակ էին նախագահական նստավայր գնալ-չգնալու որոշման մասին, այս անգամ, եթե հրավեր ընդունվի կուսակցության կողմից, ըստ Մարտիրոսյանի, չի կրկնվի: «Անցած անգամ էլ անտեղյակության հարց չկար: Լրատվամիջոցները մի փոքր ուռճացրին խնդիրը»,- պնդում է մեր զրուցակիցը:
Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ: Ընտանեկան գործերով արտասահմանում է: «Հավանաբար, ամսվա վերջ կվերադառնա Հայաստան»,- տեղեկացրեց «Ժառանգության» փոխնախագահը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk