«ՅՈՒՐԱՆ ՑԱՎԵՐ ՈՒՆԵՐ ԿՈՂՈՍԿՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ՅՈՒՐԱՆ ՑԱՎԵՐ ՈՒՆԵՐ ԿՈՂՈՍԿՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ»
Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Ամկար»-«Սպարտակ» հանդիպումն ավարտվեց սպարտակցիների հաղթանակով` 3:1: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն իր հաշվին գրանցեց մեկ գոլ եւ փոխարինվեց 60-րդ րոպեին: Դա Մովսիսյանի երրորդ գոլն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում:
Այս հանդիպման հետ կապված շահարկվող համար մեկ թեման թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւի` Մովսիսյան եւ Զե Լուիշ հարձակվողական զույգին միաժամանակ խաղադաշտ դուրս բերելու որոշումն էր: Անցած 5 տուրերի ընթացքում Մովսիսյանը հասցրել է ցույց տալ, որ Զե Լուիշի հետ մրցակցության մեջ պարտվողի դերն իրենը չէ, եւ այս պահին վնասվածք ստանալը միայն կստիպի հայ ֆուտբոլիստին սկսել ամեն բան նորից, գուցե նաեւ լքել այդ անձնական պայքարը: Եվ ահա հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Ալենիչեւը հաստատեց, որ Մովսիսյանը առողջական որոշ խնդիրներ այնուամենայնիվ ունի: Մարզիչը, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Մովսիսյանի հաճախակի փոխարինումը հանդիպումների 60-րդ րոպեին կապ ունի վերջինիս մարզավիճակի հետ, պատասխանել է. «Մովսիսյանի փոխարինումը կապված չէ նրա մարզավիճակի հետ: Պարզապես, Յուրան ցավեր ուներ կողոսկրի շրջանում: Որոշեցինք պահպանել մեր հարձակվողին: Ընդ որում, նա արդեն հասցրել էր անել իր գործը»:
Յուրա Մովսիսյանի առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Մովսիսյան-Զե Լուիշ հարձակվողական զույգին անդրադարձել է նաեւ «BOBSOCCER.RU» կայքը՝ գրելով. «Զե Լուիշին իսկապես դժվար էր արհեստական խոտածածկի վրա, բայց նա փորձում էր անել հնարավոր ամեն բան: Նա աշխատում էր, խլում էր գնդակներ թիմի համար: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, նա նույնպես իր գործն արեց 60 րոպեի ընթացքում: Մովսիսյանը խփեց մեկ գնդակ, բայց կարող էր խփել եւս մեկը: Հանդիպումն ընդհանուր միջին որակի էր»:
Սպարտացիների լեգենդար ֆուտբոլիստ Դմիտրի Պապաեւը եւս անդրադարձել է այս մրցաշրջանի հարձակվողական «Սպարտակին»՝ խոսելով Ալենիչեւի երկու հարձակվողով խաղալու որոշման մասին. «Թիմը շարժվում է ճիշտ ուղղությամբ, անկարեւոր կամ հեշտ հանդիպումներ ուղղակի չեն մնացել: Ներքին համոզվածություն ունեմ, որ սպարտակցիները պայքարելու են մեդալների եւ եվրագավաթների համար: Ինչ վերաբերում է հարցին` թե արդյո՞ք նպատակահարմար էր երկու հարձակվող դուրս բերել խաղադաշտ, ապա չեմ հասկանում լրագրողների խուճապը, թե իբր դա ռիսկային քայլ է: Ի՞նչ է նշանակում խաղալ մեկ հարձակվողով, եթե այդպես, ապա դա պետք է լինի Իբրահիմովիչը կամ Ռոնալդոն: Իսկ այս դեպքում երկու հարձակվողով խաղալը արդեն հարձակվողական ուժի կենտրոնացում է»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

