ԳԱՎԱՌԻ ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԻՆՏԵՆՍԻՎ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՑԵԼ
Արխիվ 12-16ԳԱՎԱՌԻ ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆ
ԻՆՏԵՆՍԻՎ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՑԵԼ
Դեռեւս 2011 թվականից Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը չի գործում, քանի որ քանդվել էր բեմական մասը, ինչից հետո թատրոնի շենքում ներկայացումներ չեն խաղացվել: Փոխարենը դերասանական կազմը մինչեւ այսօր բացը լրացնում է Մշակույթի պալատում: Ինչպես վերջերս «Արտավազդ» ամենամյա թատերական փառատոնին ընդառաջ` մարզային թատրոնների ստուգատեսի ժամանակ Գավառի թատրոնի դերասանուհիներից մեկի հուզված ելույթից պարզ դարձավ, թատրոնը եղել է կործանման եզրին, այժմ արդեն «փրկվել է». Թատրոնի ղեկավարներն «Իրավունքին» հավաստիացրին` 2016 թվականին թատրոնն արդեն այժմյան մշակույթի պալատի փոխարեն` կգործի նոր շենքում: Ավելին` տնօրենը վստահեցրեց, որ թատրոնի վերակառուցվող շենքն այնքան գեղեցիկ է, որ լինելու է Գավառի դեմքը:
Օրերս «Իրավունքը» լինելով Գավառում, տեսավ, որ թատրոնի շենքն իսկապես վերակառուցման փուլում է: ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար էլ է անակնկալ եղել, որ թատրոնի վերակառուցման աշխատանքներն ինտենսիվ ընթացք են ստացել. «Գավառի մարզային ղեկավարությունը զարմացնում է բոլորիս: Ակամա հիշեցի այն մութ ու ցուրտ տարիները, երբ ներկայիս վարչապետն այն ժամանակ Արտաշատի քաղաքապետն էր, երբ ընդհանրապես չգիտեինք, թե վաղվա օրն ինչ է լինելու, եւ նա Արտաշատի թատրոնն իր միջոցներով վերանորոգեց ու մինչեւ օրս հովանավորում է այդ թատրոնը: Գավառի թատրոնի դեպքում անկեղծ ասած` անակնկալի եկա, չէի սպասում, որ այսօր կարելի է թատրոնի շենք կառուցել, այն էլ` զրոյից: Ավելին` ինտենսիվ աշխատանքներ են գնում, ինչի համար խորին շնորհակալություն պետք է հայտնենք Գեղարքունիքի մարզպետին: Ինչպես նա է խոստանում, եկող տարի շենքի բացումը լինելու է, դրանում կասկած չունեմ, նկատի ունենալով այն տեմպերը, որով այսօր աշխատում են շինարարության վրա, այդպես էլ` կասկած չունեմ, որ 2-3 տարուց հետո Գավառում ունենալու ենք հետաքրքիր թատրոն»,- ասաց Հ. Ղազանչյանն ու վստահեցրեց. «Համենայնդեպս, ԹԳՄ-ն հնարավորինս ամեն ինչ անելու է, որպեսզի օգնի այդ հարցում: Թատրոնի հետ համատեղ մեր հետագա անելիքների մասին արդեն քննարկել ենք մարզային ղեկավարության հետ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

