«ՊԱՐԱՐՎԵՍՏՆ ԱՎԱՐՏԱԾՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՐԵՆՑ ՄԱՐՄԻՆՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ՔԱՆ` ԿՐԹՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ՊԱՐԱՐՎԵՍՏՆ ԱՎԱՐՏԱԾՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՐԵՆՑ ՄԱՐՄԻՆՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ՔԱՆ`ԿՐԹՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ»
Վերջերս Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ երիտասարդ բեմադրիչ ՌԻՄԱ ՊԻՊՈՅԱՆԻ «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացման առաջնախաղը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը: «Իրավունքի» հետ զրույցում ժամանակակից բալետային ներկայացման բեմադրության եւ լիբրետոյի հեղինակ Ռ. Պիպոյանը նշեց, որ թեպետ սա իր 5-րդ բեմադրությունն էր, սակայն մեծ պատասխանատվություն է եղել այս անգամ այն իրականացնել Օպերային թատրոնի բեմում:
«ՌԻՍԿԱՅԻՆ ԷՐ ՎԵՐՑՆԵԼ ԲԵԹՀՈՎԵՆԻ ՍԻՄՖՈՆԻԱՆԵՐԸ»
-Պատասխանատու քայլ էր` Օպերային թատրոնում ներկայացում բեմադրել, այն էլ`
4 դերասանի հետ եւ մեկ ժամ հանդիսատեսին պահել դահլիճում: Իրոք ռիսկային գործ էր, նույնքան ռիսկային էր ինձ համար` վերցնել Բեթհովենի սիմֆոնիաները, որովհետեւ բավականին ճնշող եւ ծանր երաժշտություն է: Անընդհատ լսելիս մտածում էի, թե ինչպես պետք է այս երաժշտության «տակից» դուրս գամ` իրոք շատ հզոր երաժշտություն է: Եթե բեմադրությունն անեի մոտ 30 հոգանոց բալետային խմբի հետ, ապա խնդիր չէի ունենա, բայց քանի որ 4-ն էին` պատասխանատվությունը մեծ էր: Բարդ էր` դասական երաժշտության հիման վրա դրված էին նոր շարժումներ, որոնք փորձում էինք հանդիսատեսին տեղ հասցնել նոր ու ժամանակակից արտահայտչամիջոցներով: Լիբրետոյում նույնպես, սկզբից մինչեւ վերջ, այդ գիծը փորձել եմ պահպանել: Իրականում այդպիսի գեղարվեստական ստեղծագործություն չկա, այն ընտրել եմ պատմական հիմքերի վրա` փորձել եմ գեղարվեստորեն ներկայացնել իշխանուհի Տարականովայի կյանքը, փոխելով որոշ պատմական իրադարձություններ: Ներկայացման գաղափարն ինձ մոտ հղացավ դեռեւս 5 տարի առաջ, երբ Վրաստանից ինձ պատվիրել էին ներկայացում բեմադրել եւ մեծ հաջողությամբ այն իրականացնելուց հետո վերադարձա Հայաստան ու որոշեցի բեմադրել այն: Դիմեցի ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանին, ով մեծ սիրով ընդունեց առաջարկս ասելով` շատ է ուզում, որովհետեւ այսօր Օպերային թատրոնի խաղացանկում չունենք ժամանակակից ներկայացումներ: Եվ այդպես դիմեցինք Օպերային թատրոնի տնօրինությանը, ովքեր սիրով ընդունեցին ու վստահեցին ինձ, եւ սկսեցինք աշխատանքները:
«ՓՈՔՐՈՒՑ ԲԱԼԵՏՆԵՐ ԷԻ ԲԵՄԱԴՐՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԵՐՆ ԷԼ ԻՆՁ ԷԻ ՏԱԼԻՍ»
-Ռիմա, սովորաբար կայացած ու սկսնակ արտիստների միջեւ կոնֆլիկտներն անխուսափելի են, բայց ինչպե՞ս ստացվեց համագործակցությունն արդեն կայացած` ՀՀ վաստակավոր արտիտուհու հետ:
- Իրականում իմ հասակակիցների հետ ավելի բարդ է աշխատելը, հիմնականում Պարարվեստի ուսումնարանն ավարտած երեխաներն իրենց գիտելիքների մակարդակով բավականին ցածր են լինում, այսինքն` ավելի շատ իրենց մարմինն է հետաքրքրում, քան` կրթվածությունը: Հինգ տարեկանից ամեն ինչի հանդեպ սեր եմ ունեցել, հատկապես գիտության ու շատ եմ կարեւորել, որ առաջին հերթին պարողը պետք է լինի խելացի, որովհետեւ բեմը ռենտգեն է: Երբ արտիստը դուրս է գալիս բեմ, նույնիսկ ամենաանգիտակ հանդիսատեսն էլ ամեն ինչ պարզ տեսնում է: 12 տարեկանից բեմադրություններ եմ անում, փոքրուց ինքս ինձ համար բալետներ էի բեմադրում, գլխավոր դերերն էլ ինձ էի տալիս... 
Իսկ Մարիա Դիվանյանի հետ մեր համագործակցությունը հեշտ ստացվեց, նախ իմ ձեռագիրն արդեն բոլորը լավ գիտեն եւ կարծում եմ` միշտ սիրով համաձայնում եւ աշխատում են ինձ հետ: Հետո` Մ. Դիվանյանն էլ Պարարվեստի ուսումնարանի դասական պարի իմ ուսուցչուհին է եղել, մի քանի բեմադրություններ դիտել էր: Մեր միակ խնդիրն այն էր, որ նա դասական պարուհի է եւ այստեղ ժամանակից շարժումներն իրեն շատ դժվար էին տրվում: Փորձերի ժամանակ ասում էր` գիտեմ` ինչ ես ուզում, բայց չեմ կարողանում անել, իմ մարմինը սովոր չէ դրան: Դասական պարի դեպքում ամբողջ էմոցիաներն արտահայտվում են դեմքի վրա` արտաքին ժեստերի շնորհիվ: Իսկ մոդեռնի մեջ` ավելի շատ մարմինը պետք է խոսի, ոչ թե դիմագծերն արտահայտեն դա: Ինչեւէ, կարծում եմ` ինչ-որ չափով հասանք արդյունքի, ինքն էլ բավականություն ստացավ: Հաշվի առնենք, որ 40-անց բալետի դիվայի հետ գործ ունեինք ու այն հաջողությամբ պսակվեց:
«ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԻՄ 2 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԵՄ ԱՐԵԼ»
-Որքան գիտեմ` բարդությունների միջով եք բեմադրությունն իրականացրել:
- Շատ դժվարությունների միջով անցա, հատկապես` ֆինանսապես: Ներկայացումն այսպես ասած` իմ երկու տարվա հավաքած աշխատավարձով եմ արել: Այդպիսի նվերներ սիրում եմ անել` 5-6 տեղ աշխատում եմ պարային ասպարեզում, հավաքում եմ որոշակի գումար եւ որոշում ներկայացում բեմադրել: Բայց դա էլ չբավականացրեց` չստանալով այստեղից ֆինանսական ոչ մի աջակցություն, դիմեցի Վրաստանի մշակույթի նախարարությանը, երկու օրում ինձ արագ գումար ուղարկեցին, որ կարողանամ այդ ամենը հասցնել ավարտին:
- Առաջիկայում նոր ներկայացում սպասենք երկու տարի ա՞նց` աշխատավարձը հավաքելուց հետո:
- Տեսնենք` ինչպես կստացվի, շատ եմ ուզում բեմադրել Լեւոն Շանթի «Հին աստվածները», շատ բալետային ու հուզիչ թեմա է: Ուղղակի կոմպոզիտոր եմ փնտրում, ուզում եմ` հայ լինի: Հետեւում եմ բոլորի գործերին, բայց դեռ չեմ գտել: Արամ Սաթյանն իր գործերից առաջարկեց` հարմար բան չգտա, պետք է նորը գրվի...
«...ԱՐԴԵՆ ԿԵՍ ՄԱՐԴ ԷԻ ԴԱՐՁԵԼ»
-«Մեղապարտ կրքերը» կմտնի՞ Օպերային թատրոնի խաղացանկ:
- Չգիտեմ, վախենում եմ պատասխանատվությունից: Եթե պիտի այս անգամվա նման ամեն ինչ ինքս անեմ, երբ արդեն կես մարդ էի դարձել, ու կողքից ինձ օգնող չունեի, ամեն ինչ ինձ վրա էր, թե՛ ֆինանսապես, թե՛ ֆիզիկապես, ապա դժվար կլինի ինձ համար: Գուցե թատրոնի խնդիրները շատ էին ու ինձ վրա ժամանակ չունեին ծախսելու, բայց եթե 2-րդ անգամ այս ամենն իմ ուսերին լինի, երեւի թե չկարողանամ: Հատկապես, որ չեմ սիրում նույն բանը կրկնել: Նոր բեմադրության համար ես ամեն ինչ կանեմ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk