ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԱՆԳԼԵՐԵ՞ՆՆ Է
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ
ԱՆԳԼԵՐԵ՞ՆՆ Է
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ իր ելույթը սկսեց անգլերենով, կարծես մոռանալով, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է:
«Իրավունք»-ը Լեւոն Զուրաբյանից պարզեց` ինչո՞ւ նա խոսեց անգլերեն, ոչ թե հայերեն: «Որովհետեւ թարգմանության մեջ շատ բան կորում է: Ավելին ասեմ` դրա մասին անգամ գրել է Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ: Հանձնաժողովը գրում է, որ որոշ դատողություններ կարող են սխալ լինել եւ այդ սխալները հիմնված լինեն պաշտոնապես մեզ տրված թարգմանության սխալի վրա: Մենք հասկանում ենք, որ բազմաթիվ «ժուլիկություններ» են արել թարգմանության մեջ»,- արդարանում էր ընդդիմադիր գործիչը:
- Երբ ես խոսում եմ Վենետիկի հանձնաժողովի հետ, չեմ ցանկանում, որ որեւէ միտք կորսվի թարգմանության ժամանակ:
- Բայց մեր պետական լեզուն հայերենն է, պրն Զուրաբյան:
-Ե՞վ: Դա նշանակում է, որ ես, բացի հայերենից, իրավունք չունե՞մ այլ լեզվով խոսելու:
- Իհարկե, ունեք, բայց սկզբում հայերեն:
- Դուք սխալվում եք: Նման օրենք գոյություն չունի Հայաստանում:
- Հայաստանում տեղի ունեցող պաշտոնական միջոցառումների ժամանակ պետական լեզուն հայերենն է:
- Բերեք ցույց տվեք :
- ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ-ում պարբերաբար է հիշեցնում մեր պետական լեզուն հարգելու մասին:
- Պետական լեզվի ստատուսը չի նշանակում, որ ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ քաղաքական գործիչները, բացի հայերենից, իրավունք չունեն այլ լեզվով խոսելու:
Հ.Գ. Հատուկ ձեզ համար, պրն Զուրաբյան, լեզվի մասին օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները, իսկ եթե այդ մասին չգիտեք գոնե լռե'ք, անհարմար է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk