ԷՄՄԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «Իմ նկարներում մեզ շրջապատող կյանքն է` իր բոլոր կողմերով»
Արխիվ 12-16ԷՄՄԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «Իմ նկարներում մեզ շրջապատող կյանքն է`
իր բոլոր կողմերով»
Վաղը նկարիչների միությունում կբացվի երիտասարդ նկարչուհի ԷՄՄԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը: Նկարչուհին «Իրավունքին» տեղեկացրեց, որ օգոստոսի 26-ից սկսած` ցուցահանդեսի ավարտից հետո, իր կտավները կհանվեն վաճառքի, քանի որ առանց դրա նկարիչը չի կարող կենսունակ աշխատել: Ըստ նրա, իր հիմնական գնորդները նրանք են, ում համար առաջին տեղում արվեստն է: Նկարչուհու համոզմամբ բոլոր զգացմունքների մեջ գույն կա. «Գույնը ամենուր է, յուրաքանչյուր միտք ու հոգեվիճակ իր գույնն ունի: Աշխարհն առանց գույների հնարավոր չէ պատկերացնել: Երբ ուզում ենք ասել, որ մարդը դժբախտ է, ասում ենք` նա անգույն ժպիտ ունի, կամ աշխարհը գունազրկվեց նրա համար: Այսինքն` գույնը ուրախության, սիրո եւ երջանկության արտահայտությունն է: Եվ հենց գույներով է
հնարավոր արտահայտել մարդու հոգեվիճակը»:
Իր կտավներում ցավ ու կսկիծ արտահայտելով Էմման հավաստիացնում է. «Իմ նկարներում մեզ շրջապատող կյանքն է` իր բոլոր կողմերով: Մեր այսօրվա կյանքում, ցավոք, շատ է ցավն ու կսկիծը: Ամեն քայլափոխի հանդիպում ես խնդիրների ու հոգսերի բեռի տակ կքած մարդկանց, հանդիպում ես արտագաղթի մասին մտմտող, օրվա հացի խնդիր լուծող հայերի: Այդ ամենը,
ինչպես յուրաքանչյուրին, այնպես էլ ինձ, չի կարող անտարբեր թողնել: Ես դրանք խորն եմ ապրում ու ծնվում են իրականությունը արտացոլող նկարներ: Ինչպես մեդալն ունի երկու կողմ, այնպես էլ բոլոր զգացմունքներն ունեն երկու երես, երկու կողմ, երկու ծայր: Եթե կա բողոք, ուրեմն կա նաեւ համակերպում, եթե կա զայրույթ, ուրեմն հեռու չէ նաեւ ներումը, ինչպես սիրո հետ համքայլ է ատելությունը… Երբ շատ զայրացած եմ լինում ներկում եմ սեւը կարմիրի համադրումով: Բայց ընդհանրապես գույները ինձ մոտ վերածվում են խաղի եւ կախված այն բանից, թե որքան զայրույթ եմ արտահայտում եւ որքան թախիծ` փոխվում է այս կամ այն գույնի նրբերանգը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

