ԳՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ, ԻՍԿ ՄՐՑԱԿՑԻՍ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԼՈՒՐՋ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ
Արխիվ 12-16ԳՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ, ԻՍԿ ՄՐՑԱԿՑԻՍ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԼՈՒՐՋ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ
Ինչպես հայտնի է` ՀՀ մի շարք համայնքներում սեպտեմբերի 13-ին տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ, մասնավորապես ըստ մամուլում շրջանառվող լուրերի, թեժ պայքար է սպասվում Մարալիկում եւ Իջեւանում: Իջեւանում ընտրապայքարի են դուրս եկել երկու ՀՀԿ-ականներ: Ինքնառաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ փորձեցինք պարզել ընտրողներին հետաքրքրող որոշ հարցեր.
-Պարոն Ներսիսյան, փաստացի երկուսդ էլ ՀՀԿ անդամ եք, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր նախընտրական քարոզչության ընթացքը եւ ինչպիսի՞ վերաբերմունք եք ակնկալում կուսակցությունից:
- Ես կարող եմ միմիայն իմ փոխարեն պատասխանել, որ անկախ նրանից, թե մեր կուսակցությունն ինչպիսի մոտեցում կցուցաբերի մեզանից յուրաքանչյուրի նկատմամբ, միեւնույն է, ես հավատարիմ եմ մնալու իմ կուսակցությանը, ինչպես դա արեցի նախորդ ընտրություններից հետո, իսկ թե մոտակա քաղաքական զարգացումների ազդեցության ներքո Վ. Ղալումյանը որտեղ եւ ինչպիսի ուժերի ազդեցության ներքո կլինի, դա նույնիսկ ինքը կդժվարանա ասել:
- Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ձեր թեկնածությունը սատարում է նաեւ Տավուշի նախկին մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը, կխնդրեինք մեկնաբանել, թե որքանով է տարածված խոսակցությունը մոտ իրականությանը:
- Պետք է ասեմ, որ Արմեն Ղուլարյանի կողմից որեւէ թեկնածուի սատարելու հետ կապված` ես տեղեկատվության չեմ տիրապետում, չնայած գործող քաղաքապետի կողմից լրատվամիջոցներում հայտարարություններ են արվում, որ նախկին մարզպետն ամբողջովին իրեն է սատարում: Ամեն դեպքում ես նախկին մարզպետի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել, նման տեղեկատվության էլ չեմ տիրապետում: Համաձայն էլ չեմ նաեւ մամուլում արծարծվող այն մտքի հետ, որ նա զիջել է իր դիրքերը մարզում, այդպես չէ:
- Պարոն Ներսիսյան, Ձեր մրցակիցն իր հարցազրույցի մեջ նշել է, որ Դուք ի վերջո հանելու եք Ձեր թեկնածությունը, հնարավո՞ր է նման բան:
- Ոչ, ես ասել եմ, պնդում եմ նաեւ հիմա, որ գնալու եմ մինչեւ վերջ, իսկ իջեւանցիներին կխնդրեմ չհավատալ նման զազրախոսությունների ու չենթարկվել նմանատիպ ապատեղեկատվություններին, որոնք, համոզված եմ, դեռ կլինեն: Կրկնում եմ, գնում ենք մինչեւ վերջ:
- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները սպասվելիք ընտրություններում.
- Այս չորս տարիների ընթացքում քաղաքի զարգացման որեւէ ծրագիր չի նշմարվում, քաղաքապետի գործելաոճի նկատմամբ բնակչության մոտ դժգոհությունները գնալով ավելի են արմատավորվում: Այն խոստումները, որոնցով գործող քաղաքապետը ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը, այդպես էլ կյանքի չկոչվեցին, մնացին զուտ սին խոստումներ: Քաղաքում իսպառ բացակայում են ներդրումները, բիզնես միջավայրը վատացել է, որի հիմնական պատճառը ոչ թե տնտեսական ճգնաժամն է, այլ նրա կողմից այդ ոլորտում վարվող անարդյունավետ քաղաքականությունը, կամ ավելի ճիշտ կլիներ ասել` այդ քաղաքականության բացակայությունը: Քաղաքացիները վերջին օրերի ընթացքում դիմում էին ինձ եւ առաջարկում, որ առաջադրեմ իմ թեկնածությունը, քաղաքում խաթարված իրավիճակը վերափոխելու նպատակով: Թե որքանով կարդարանան ժողովրդի սպասելիքները, ցույց կտա ժամանակը: Ուրախ եմ, որ ընտրություններն անցկացվելու են մրցակցության դաշտում, որը հնարավորություն կտա երկու թեկնածուներիս էլ ծրագրերով հանդես գալ, եւ իջեւանցին ինքը կկարողանա ճիշտ եւ արդար ընտրություն կատարել:
Եթե շահեմ մեր իջեւանցիների վստահության քվեն, ապա իմ առաջին քայլը լինելու է քաղաքի հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացումը, այդ թվում` պետբյուջեի, միջազգային կազմակերպությունների, համայնքային բյուջեի նպատակային օգտագործման շնորհիվ, ինչպես նաեւ նախկինում իմ կողմից ծրագրավորված և մինչ օրս կյանքի չկոչված ծրագրերի իրագործմանը, մասնավորապես միջսահմանային համագործակցության շրջանակներում 5 մլն եվրո արժողությամբ գերմանական ներդրումների եւ նմանատիպ այլ ծրագրերի իրականացմանը:
Վերջում պարոն Ներսիսյանը վստահեցրեց, որ չնայած թեժ պայքար չի լինելու, բայց որ մրցակցություն որպես այդպիսին կլինի, եւ ժողովուրդն ակտիվ մասնակցություն կունենա դրանում, համոզված է, որին, ըստ քաղաքապետի թեկնածուի. «Կնպաստեն նաեւ մրցակցիս հետ հրապարակային բանավեճերը, ինչը, կարծում եմ, հնարավորություն կտա իջեւանցուն` ճիշտ կողմնորոշվել: Այնպես որ, ես իմ համաքաղաքացիներին հորդորում եմ` ընտրապայքարին մասնակցել հանգիստ մթնոլորտում, եւ որեւէ մեկը լարվածություն չառաջացնի: Հակառակը, թող բոլորն էլ մտածեն, որ սա հնարավորություն է` Իջեւանը դարձնել ավելի բարեկեցիկ եւ հյուրերի համար հաճելի վայր, իսկ մրցակցիս հորդորում եմ, որպեսզի նա ոչ թե հույսը դնի իմ թեկնածությունը հանելու վրա, ինչպես ինքն է ասում, այլ պատրաստվի լուրջ մրցապայքարի»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

