«ՀՈՂԸ ԵՎ ԸՆԴԵՐՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Արխիվ 12-16«ՀՈՂԸ ԵՎ ԸՆԴԵՐՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծի որոշ դրույթների մասին «Իրավունքը» զրուցեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ նշեց, որ նոր սահմանադրության նախնական տարբերակում չեն ընդունում այն դրույթները, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության, ընտանիքի պահպանության ու ամրապնդման դեմ:
«ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԴԵՄԱԳՈԳԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ»
–Պարոն Սարգսյան, ակնհայտ է, որ նոր սահմանադրության նախագծում առկա է միջազգային իրավունքի նորմերի գերակայություն: Չե՞ք կարծում, որ այն վտանգի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը:
– Միջազգային իրավունքի տեսակետից, եթե վերցնում ենք եվրոպական իրավունքը, ապա գտնում եմ, որ այն չպետք է հստակ ձեւով գրվի, թե բոլոր հարցերում գերակայություն պետք է լինի նրանց կողմից: Կարծում եմ` մենք ունենք ընտանիքի, երկրի անվտանգության հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնք չի կարելի ընդունել որպես ենթակա միջազգային իրավունքին: Իսկ այն, ինչ վերաբերում է ընդհանուր, իսկապես միջազգային իրավունքի նորմերին, որոնք կոնվեցիաներ են եւ կապված են միջպետական հարաբերությունների կամ պայմանավորվածությունների հետ, այդտեղ հասկանալի է, որ պետք է այդ գերակայությունն ընդունենք: Մինչդեռ, օրինակ, Ցեղասպանության հարցով պետք է հնարավորություն ունենանք դիմելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության դատարանին` չնայելով, թե ընդունվում է այն միջազգային այս կամ այն կառույցի կողմից, կամ` ոչ:
– Որքանո՞վ է Ձեզ համար ընդունելի, որ նոր սահմանադրության նախագծում բավական ուռճացված են երեխաների իրավունքներին վերաբերող դրույթները:
– Սա նշանակում է, որ մենք պետք է ենթարկվենք Եվրոպայի պահանջին եւ ընդունենք, օրինակ, յուվենալ արդարադատության մասին օրենքը: Բայց ինչո՞ւ պետք է ենթարկվենք ու հետո էլ ընդունենք, թե, այսպես կոչված, միասեռական ամուսնությունները օրինական են: Ես սա իրոք չեմ հասկանում: Եվ հետո որոշ մարդիկ դեմագոգիա են անում, թե իբր մեր ավանդույթներն այնքան ամուր են, որ մեզ չի վտանգի այդ ամենը: Բացարձակ սուտ է, որովհետեւ արդեն մեր աչքի առաջ տեսնում ենք, թե ինչպես է վերափոխվում նաեւ մեր երիտասարդության մի հատվածը` հետեւելով, այսպես ասած, «մոդայիկ» երեւույթներին: Մենք պետք է մեր ժողովրդագրական խնդիրները կարողանանք ինքներս ճիշտ լուծել, որովհետեւ իսկապես վտանգի առաջ ենք կանգնած. հատկապես ուզում եմ շեշտել, որ ընդամենը 15 տարվա ընթացքում` 2000-2014 թվականներին, մեր աշակերտների թիվը երկրում պակասել է 200 հազարով...
«ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԸ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ»
–Ի դեպ, սահմանադրության փոփոխությունների նախագծում հանդիպեցինք երկու տեղ շեշտված այլընտրանքային ծառայության մասին դրույթների: Արդյո՞ք սա ճոխություն չէ մեր երկրի նման երկրի համար, որը շրջապատված է թշնամիներով:
– Ընդհանրապես, այլընտրանքային ծառայությունը պետք է լրիվ տրամաբանված լինի: Այո, այն պետք է լինի, որովհետեւ կան մարդիկ, որոնք հիվանդություններ ունեն եւ անհամատեղելի են ծառայության հետ, բայց կարող են ծառայել այլ տեղերում, եւ սա նորմալ է: Կարող է նաեւ լինեն մարդիկ, որոնք խստագույնս ունեն իրենց համոզմունքները, բայց սա էլ պետք է հաստատված լինի նրանց մի քանի տարվա առնվազն այդպիսի գործունեությամբ: Մինչդեռ այլընտրանքային ծառայությունը աղանդավորների համար ձեւ է դարձել, որ իրենք ասեն, թե մենք զենք չենք կարող վերցնել եւ խուսափեն բանակ գնալուց: Եվ եթե անգամ մենք սա ընդունում ենք որպես իրավունք, ապա այդ իրավունքը պետք է պաշտպանված եւ հաստատված լինի նրանց երկարամյա գործունեությամբ, այլ ոչ թե բանակից 10 օր առաջ դառնան աղանդավոր եւ ասեն` մեր հավատքը մեզ թույլ չի տալիս ծառայել բանակում: Կարծում եմ` ամեն ինչ պետք է տարբերակված լինի` հաշվի առնելով նաեւ մեր պատերազմական վիճակը: Ընդհանրապես, բոլոր խնդիրները պետք է հենված լինեն մեր պետական շահից ելնելով, հակառակ պարագայում կարող ենք տանուլ տալ: Մենք պետք է առաջին հերթին մեր ազգային պետական շահը պաշտպանենք:
«ԱՅՍՕՐՎԱ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ ԿԱՄ ՆԵՈԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ ՑԱՔՈՒՑՐԻՎ ԱՐԵՑԻՆ ԵՐԿԻՐԸ»
–Քանի որ խոսեցիք ազգային պետական շահի մասին, հետաքրքիր է Ձեր տեսակետն այն մասին, որ նոր սահմանադրությամբ հնարավորություն է ստեղծվում օտարերկրացիներին հող վաճառելու:
– Մեր կուսակցության ձեւավորման առաջին իսկ օրվանից հստակ նշել ենք եւ հիմա էլ ենք դրա կողմնակիցը, որ հողը եւ ընդերքը պետք է լինեն միայն պետական սեփականություն: Հայաստանի նման երկրում չի կարող այլ սկզբունք լինել: Այսօրվա ազատ լիբերալները կամ նեոլիբերալները ցաքուցրիվ արեցին երկիրը: Ներկա դրությամբ անտառ չի մնացել, սար չի մնացել, որ չեն սեփականաշնորհել: Ոմանք արդեն այսօր Դիլիջանի բարձունքներում «կազինոներ» են ուզում կառուցել, ու անտառը կտրատում են դրա համար: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր հողը չի կարելի վաճառել որեւէ օտարերկրացու: Եթե ուզում են ներդրում անեն, համեցե՛ք, 50 տարով տալիս ենք վարձակալության, բայց թող համապատասխան պայմանագիր կնքեն ու այդ պայմանագիրը խախտելու դեպքում էլ զրկվեն իրավունքից: Ոչ մի դեպքում չի՛ կարելի հողը տալ օտարերկրացուն, որպեսզի նա այդ հողի վրա տներ կառուցի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk