ԱԼԻԵՎԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳՆԱ
Արխիվ 12-16ԱԼԻԵՎԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳՆԱ
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց սահմանային հերթական բախումների մասին: Մասնավորապես՝ անցած հանգստյան օրերին 60, 82 եւ 120 միլիմետր տրամաչափով ականանետերից եւ հրաձգային զինատեսակներից հարվածներ են հասցրել հայկական դիրքերին: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, որի արդյունքում «հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ եւ 15-ից ավելի վիրավորներ»:
ԱԿԱՆԱՆԵՏԵՐԻՑ ԱՆՑՈՒՄ ՀՐԵՏԱՆՈ՞Ւ
Տեղի ունեցածին անդրադարձել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ բնականաբար ներկայացնելով միանգամայն հակառակ պատկերը: Ըստ այդ աղբյուրի՝ Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծի Ագդամի հատվածում զինադադարի ռեժիմը խախտողը հայկական կողմն է եղել՝ «խոշոր տրամաչափի զենքից եւ ականանետերից»: Ադրբեջանի ՊՆ-ն նաեւ պնդում է. «Գնահատելով ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ հրամանատարությունն ընդունել է ականանետերից եւ հրետանուց պատասխան հարված հասցնելու որոշում»: Ազերիների պնդմամբ՝ զոհվել են հինգ հայ զինծառայողներ, իսկ իրենք ունեցել են ընդամենը երեք վիրավոր:
Այն, որ շփման գծում անգամ մեկ հայ զինվորի վիրավորվելու փաստի մասին հաշված ժամեր անց տեղեկանում է հայաստանյան հանրությունը, նոր բան չէ: Դա հուշում է, որ եթե երկու-երեք օր առաջ ազերիների ասածի պես ունենայինք հինգ զոհ, ապա բացառվում էր, որ այդ լուրն իր բոլոր մանրամասներով Հայաստանի ներսում հայտնի չդառնար: Եվ միայն այս հանգամանքը բավական է` հասկանալու համար, թե ներկայացված երկու հակադիր պաշտոնական հայտարարություններից որ մեկն է իրականությանը համապատասխանում: Սակայն կոնկրետ դեպքում խնդիրը միայն այն չէ, Հայաստանի ՊՆ-ն է իրավիճակը ճիշտ ներկայացնո՞ւմ, թե՝ ադրբեջանական: Պաշտպանական այս երկու գերատեսչությունների այդ հակադիր տեղեկատվությունը ներկայացնելով՝ պարզապես ուզում ենք փաստել, որ մեկ հանգամանք, այնուամենայնիվ, երկուսն էլ ներկայացնում են. զինադադարի ռեժիմը խախտվել է ոչ միայն 60 եւ 82, այլ նաեւ՝ 120 միլիմետրանոց ականանետերով: Ավելին՝ Ադրբեջանի ՊՆ-ն փաստում է, որ իր զորքերը «պատասխան հարված» են հասցրել ոչ միայն ականանետերից, այլ նաեւ՝ հրետանուց: Այսինքն նկատենք. եթե ընդամենը հաշված ամիսներ առաջ հրադադարը խախտվում էր հիմնականում հրաձգային զենքի կիրառմամբ, ապա հետո դրան գումարվեցին նաեւ նռնականետերն ու 60 միլիմետրանոց ականանետերը, շատ չանցած՝ 82 միլիմետրանոցները: Եվ հիմա էլ արդեն կիրառման մեջ են մտնում ականանետային պրակտիկ ամենախոշոր տրամաչափը՝ 120-ը եւ դրան էլ սկսում է գումարվել հրետանին: Թերեւս՝ այս պահին խոսքը փոքր տրամաչափի հրետանու մասին է: Բայց հաշվի առնելով, թե ինչ արագությամբ 60 միլիմետրանոց ականանետերից հասան 120-ի, կարելի է ենթադրել, որ առկա իրավիճակի պահպանման դեպքում արագորեն կաճի նաեւ հրետանու տրամաչափը:
ԵՎ հետո՞, հերթը կհասնի՞ ծանր հրետանուն եւ հրթիռային համակարգերին. ժամանակը ցույց կտա: Բայց այս պահին էլ մեկ բան հաստատ է՝ հրադադարի խախտման ժամանակ կիրառվող զինատեսակները գնալով միայն «ծանրանում են», ինչը օրակարգ է բերում առնվազն երկու էական հանգամանք: Առաջինը. եթե դեռ մեկ տարի առաջ իրավիճակը սահմաններին պարբերաբար շիկանում էր, սակայն ամեն անգամ էլ հաջորդում էր հանդարտեցման բավականին երկար փուլ եւ հաջորդ շիկացումը կրկնվում էր նախորդի համեմատ մոտավորապես նույն ուժով, ապա վերջին ամիսներին ունենք գրեթե անընդմեջ եւ մշտապես «ծանրացող» լարվածություն եւ բախումներ: Եվ երկրորդը. «թեթեւ» զինատեսակների կիրառմամբ հրադադարի խախտումները գործնականում միշտ էլ վերահսկելի են եւ ցանկացած պահի հնարավոր է կանգնեցնել: Իսկ ահա զինատեսակների «ծանրացմանը» զուգահեռ` վերահսկողության, բախումների կառավարելիության մեխանիզմները գնալով թուլանում են՝ շատ բաներ կախման մեջ դնելով պատահականությունից, նյարդերը չդիմանալուց եւ նման մի շարք այլ գործոններից: Այսինքն՝ եթե անգամ ընդունենք այն վարկածը, թե Բաքուն, սահմանային իրավիճակն այսպես սրելով, պարզապես նոր պատերազմի իմիտացիա ստեղծելու վտանգավոր խաղի մեջ է մտել՝ Հայաստանին վախեցնելու ակնկալիքներով, ապա այս տեմպերով կարող ենք հասնել մի այնպիսի պահի, երբ խաղը վերահսկողությունից դուրս կգա: Եվ այդ համեմատաբար քիչ հավանականություն ունեցող, սակայն ամենեւին էլ չբացառվող հանգամանքն է, որ ներկայիս իրավիճակը դարձնում է միանգամայն մտահոգիչ:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՝ ԻՄԻՏԱՑԻԱ
Այնուամենայնիվ հարցը, թե Բաքուն իրոք պատերազմի՞ է գնում, թե նոր պատերազմի իմիտացիա ստեղծելու խաղ առաջ տանում, ներկայումս դարձել է առավել քան կարեւոր: Այն առումով, որ իրավիճակն աշխարհում եւ հատկապես՝ մեր հարեւան տարածաշրջանում է բառիս բուն իմաստով սրվում աչքի առաջ: Բանը հասել է նրան, որ ԱՄՆ-ը փոխնախագահի մակարդակով հայտարարում է մինչեւ իսկ ՄԱԿ-ի անդամ պետության՝ Իրաքի երեք մասի բաժանելու անհրաժեշտության, ակնարկում Սիրիան եւս այդ ուղղությամբ տանելու մասին: Հասկանալի է՝ այդ տրոհումը հանգեցնելու է Քուրդիստանի ստեղծմանը, այսինքն՝ մոտակա պլաններում նաեւ Թուրքիան մասնատելու հեռանկարն է երեւում: Ռուսաստանն ու Իրանն էլ իրենց հերթին կտրուկ դեմ են արտահայտվում այդ ծրագրերին: Ոչ պակաս դրամատիկ լարումներ են համաշխարհային տնտեսությունում եւս: Հիմնական բորսայական ցուցանիշների ռեկորդային անկումներ, դոլարի փոխարժեքի թռիչք գրեթե բոլոր արժույթների նկատմամբ, նավթի շոկային ցածր գներ եւ այդպես շարունակ: Մի խոսքով՝ ժամանակին քանիցս կանխատեսելու առիթներ ունեցել ենք, որ արդեն այս աշնանը ականատես կլինենք պատմական նշանակության իրադարձությունների, ընդհուպ՝ դոլարի համաշխարհային հեգեմոնիայի մայրամուտին, եւ կարծես թե ամեն ինչ հենց այդ հունով էլ գնում է: Եվ ահա նման քաոսային փուլում Ղարաբաղի հետ կապված եւս ցանկացած զարգացում դառնում է հավանական:
Ուրեմն՝ Ալիեւը կփորձի՞ առիթից օգտվել ու Ղարաբաղն իրենով անել: Այս հարցի հետ կապված` մեկ էական հանգամանք չմոռանանք. նույն գլոբալ քաոսը լուրջ հարված է նաեւ Ադրբեջանի համար: Ամենակարեւորը՝ նավթի համաշխարհային գների այս ռեկորդային անկումը Բաքվին կստիպի նաեւ ֆինանսական տեսանկյունից լրջորեն մտածել նոր պատերազմի մասին: Նաեւ այն առումով, որ ֆինանսական խիստ խնայողության ռեժիմը, որն այս ամիսներին փորձում է հաստատել Իլհամ Ալիեւը, էլ ավելի է սրում ներքին լարվածությունը: Ընդ որում՝ ոչ միայն շարքային քաղաքացիների շրջանակներում, այլեւ պետական կերակրատաշտից հետ քշված որոշ օլիգարխիկ համակարգերի: Դրան էլ հավելած՝ նաեւ ադրբեջանական «5-րդ շարասյունն» է գնալով ակտիվանում եւ Գաբալայում ռուսական նոր ռադիոլոկացիոն կայան տեղակայելու մասին օրերս շրջանառության մեջ մտած տեղեկատվությունից հետո՝ Վաշինգտոնը Բաքվին ռուսներին զիջելու մտավախությամբ՝ էլ ավելի է սրելու ներադրբեջանական «հեղափոխական» գործընթացները:
Մի խոսքով՝ ներադրբեջանական այս իրավիճակն ամենեւին էլ նոր ղարաբաղյան պատերազմ սկսելու հարմար ֆոն չի ապահովում, թեեւ կա նաեւ այն տարբերակը, որ Ղարաբաղում իրավիճակի սրացումներով Ալիեւը կփորձի ներքին լարումները այդ հաշվին չեզոքացնել: Չնայած՝ սա քիչ հավանական տարբերակ է, եթե միայն Իլհամ Հեյդարովիչը չի մոռացել նախորդ պատերազմի փորձը, այսինքն, որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանը երկու պետական հեղաշրջում ունեցավ եւ երրորդն էլ քիչ էր մնում գահազրկեր իր իսկ հորը՝ Հեյդար Ալիեւին, եւ դա տեղի չունեցավ միայն զինադադարի պայմանագրի շնորհիվ շունչ քաշելու հնարավորություն ստանալու հաշվին: Այսինքն՝ նոր պատերազմը եւս ներադրբեջանական խնդիրները լուծելու եւ «հեղափոխություններից» ու հեղաշրջումներից խուսափելու երաշխիք չէ:
Առավել եւս, որ նախորդ պատերազմի օրինակով նոր պատերազմի դեպքում Անկարայի հետ բոլոր հույսերը կապելը հնարավոր չէ: «Մեծ եղբայրը»՝ Թուրքիան, ներկայումս սեփական ծանրագույն հոգսերն ունի՝ քրդերի հետ միայն թափ հավաքող ներքին պատերազմը, իսկ դա նշանակում է, որ «փոքր եղբորն» օգնության հասնելու հարցում լուրջ սահմանափակումներ կլինեն: Անկարայի փոխարեն ռուսների կամ պարսիկների հետ հույսեր կապելը եւս անհեռանկար է: Ճիշտ է՝ Մոսկվային խոստանում են Գաբալան ետ տալ, սակայն Հայաստանում այս պահին էլ գործում է ռուսական ռազմաբազան, նաեւ մեր երկիրը ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի կազմում է: Բայց ամենակարեւորը. Ղարաբաղում նոր պատերազմն աշխարհաքաղաքական առումով այս պահին կդառնար Մոսկվայի եւ Թեհրանի թիկունքին հասցված դանակի հարված, որը, հարյուր Գաբալա էլ լինի, Ալիեւին չի ներվի:
Եվ այս ամենից հետո էլ դեռ հարց է, թե այս բոլոր խնդիրներից զատ՝ նոր պատերազմը չի՞ հանգեցնի Բաքվի համար նոր տարածքային կորուստների:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk